«ԳՐԵԹԵ» բառը գրեթե բառ է։
ՄԱԿԱՅՈՆՈԿ
ԳՐԵԹԵ օրինաչափություն է. բարեհաճում է գրիչ վերցնել ու մեր իրականության արատավոր երեւույթների շուրջ իր նկատառումներն արտահայտել այն պաշտոնյան, ում աթոռը կամ երերում է սույն անձի «ծանրությունից», կամ պարզապես գնում է մի այլ պաշտոնյայի ծանրության «հաճույքը» վայելելու։
Կարդացեք նաև
Երերուն աթոռի տիրոջ խիստ քննադատական սլաքները միջին օղակների աստիճանասանդղակից վեր չեն բարձրանում (աթոռ է, գուցե երերա- երերա, հետո սսկվի-մնա), իսկ աթոռազրկության դաժան փաստը կլլածը կողմնորոշվում է երկու կերպ։ Եթե վերջինիս խոստացել են, որ կրկին «կբացվի պայծառ առավոտ» կամ չեն խոստացել՝ ինքն է համառ ու լավատես, ուրեմն՝ իր ու երերուն աթոռակրի մեր իրականությանը հառած հայացքները համահունչ են։ Եթե անվերադարձ է գահավիժել այն «անդունդը», որտեղ գրկաբաց նրան են սպասում սովորական մահկանացուները, ուրեմն՝ զրահապատվեք, իշխանավորներ, քարը քարի վրա չի թողնի (իհարկե, աթոռազրկության երկար ու տանջալի ճանապարհ պիտի անցնի, որպեսզի համարձակորեն «մեջլիս մտնի» նրանց հետ, ովքեր երազել-ձգտել, բայց այդպես էլ այս իշխանություններից աթոռ չեն ստացել):
Մնացած դեպքերում պաշտոնյան արժանապատվորեն սպասում է, որ որեւէ լրագրող բախի իր աշխատասենյակի դուռը, «հարցապնդումներ» անի, ինքն էլ հավուր պատշաճի պատասխանի, եւ երջանիկ ընթերցողներս երջանիկ ժպիտով ընթերցենք որեւէ թերթի որեւէ էջում արժանավայել բազմած՝ ապագայի հանդեպ հավատով լեցուն ուրիշի ուղղակի խոսք-վերնագրով (անշուշտ, սույն պաշտոնյայի բարբառած), լուսանկարով (անշուշտ, սույն պաշտոնյայի խոհուն պատկերը ներկայացնող) մեծահոգաբար պարգեւած հարցազրույցը։
(Հնարավոր ցուցամատաթափահարումից խուսանավելու համար «գրեթե» բառի (ի դեպ, մեծատառ) օգնությանն եմ դիմել):
Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ