Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց հարյուր տարվա մենության կենսագիրը

Սեպտեմբեր 06,1995 16:57

Այսօրվա «դոլարադրամային, առնեմծախեմային» ժամանակները պայմանավորած միջավայրում, իսկ դրանք խորքում ամենեփն էլ միմյանցից շրջադարձով անջատված չեն, բնական է՝ Հրանտ Մաթեւոսյանին շատերը պիտի շարունակեին համարել «գյուղագիր», իսկ Ռուբեն Հովսեփյանի արվեստն էլ նրանց պետք է անհասանելի մնար:

Կային, ասպարեզ էին իջեցվել մոդայիկ թեմաներ գինարբուքի տեսարաններով, կիսասենտիմենտալ, անկողնային հայրենասիրական պատումներով, որոնք թեպետ հասանելի էին շատերին ու դրանով էլ պայմանավորված ընթերցողական մեծ լսարան էին ապահովում, սակայն որպես ասելիք ունեին ոչ թե բանը, այլ մասինը:

Այս առումով Ոուբեն Հովսեփյանի ստեղծագործությունը, որի մասին անցյալում հանիրավի քիչ է խոսվել, իսկ հիմա առավել եւս՝ նաեւ քաղաքական դրդապատճառներով, համարյա չի խոսվում, շահեկանորեն տարբերվում է եւ եթե ոչ մենք, գալիք սերունդները անպայմանորեն կգնահատեն գրողի գրական վաստակը՝ ժամանակի հեռավորությունից արժեքները ավելի իրական ու լավ են երեւում։

Ռուբեն Հովսեփյանը մեր ժամանակների եւ ոչ միայն մեր ժամանակների այն եզակի գրողներից է, որոնց ստեղծագործությունը չի սահմանափակվում միայն սեփական քերթվածներով։ Եթե նա որեւէ տող անգամ գրած էլ չլիներ, ապա միայն կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի թարգմանությունը, որն անտարակույս, 20-րդ դարի գրականության վերջին ամենամեծ գործն է, բավական կլիներ, որ արձանագրեինք Ռուբեն Հովսեփյանի հսկայական ներդրումը հայ գրականության մեջ։ Վեպի թարգմանությունը, որին, ի դեպ, ժամանակին ձեռնամուխ է եղել Պարույր Սեւակը, ի տարբերություն շատ ու շատ դեպքերի, զուտ տրաֆարետային պատճենահանում չէ, այլ որոշակի գրական սկզբունքների, մտածելակերպի, լեզվամտածողության վերծանում հայերենով, ինչը, խոշոր հաշվով, մինչ այդ անծանոթ էր հայ ընթերցողին։ Տվյալ դեպքում, դա մոգական ռեալիզմ կոչվող գրական հոսանքի, դպրոցի, ուղղվածության ներկայացումն էր հայ գրական իրականությանը, որի արձագանքները հիմք են տալիս ասելու, որ Ռուբեն Հովսեփյանի «Մենության հարյուր տարին» գոնե մեր դարի վերջին քառորդի կտրվածքով «թագուհին է հայերեն թարգմանությանց»։

Իհարկե բազմաթիվ գործոններ կարելի է մատնանշել, որոնք պայմանավորել են վեպի թարգմանության հաջողությունը, բայց ամենից էականը, ըստ երեւույթին, այն է, որ երկու գրողներն էլ. յուրաքանչյուրը տաղանդի իր չափով եւ միջավայրի ընկալման իր աստիճանով, տեղ են զբաղեցնում գրական նույն հարթության վրա:

Եթե խախտելու լինենք Ռուբեն Հովսեփյանի՝ մեծակտավ գործերի, նկատի ունեմ վիպակները, հեղինակման քրոնոլոգիան, իսկ արձակագիրը գործից գործ հասունացում էր ապրում, եւ դրանք դասավորենք ժամանակների հերթականության սկզբունքով, ապա «Որդան կարմիր»-ի, «Ճիչ»-ի, «Հայոց թաղ»-ի եւ «Երկրաբաններ»-ի ներքին բովանդակային շարունակականությամբ պարզորոշ «կերեւակվի» հայոց վերջին հարյուր տարվա պատմությունը։

Սկսենք «Որդան կարմիր»-ի առաջաբանից, որն ըստ էության, գրողի բոլոր ստեղծագործությունների եւ ինչ-որ առումով նաեւ նրա ստեղծագործական ճանապարհի ընթացքը պայմանավորող ու ներկայացնող առաջաբանն է: Արձակագիրը ընդամենը մի քանի տասնյակ տողում «խտացրել» է անցյալից ժառանգած հիշատակները, ներկայի ապրումները եւ դրանք, իբրեւ իր հետ «մեծացած,            հասունացած առասպել», կտակել ապագային՝ այդ ամենը կերպավորելով գորգ-օրվա տեսքով։ Իսկ հետո, «Որդան կարմիր»-ի սյուժետային զարգացումներին զուգահեռ, այդ գորգ-օրը «ծավալվել» է բոլոր ուղղություններով, մի կողմից հասնելով անցյալ դարավերջ, երբ Վարդազար Սիմոնյանի կնոջ սպանությամբ սկիզբ դրվեց Սիմոնյանների տոհմական որբությանը, մյուս կողմից ձգվելով այն օրերը, որոնք նախապատրաստեցին մեր այսօրը։ Հատկանշական է, որ Ռուբեն Հովսեփյանի վիպակներում իրադարձությունները, իբրեւ առօրյա, առտնին կենցաղի դրսեւորումներ, որոնք ուղեկցվում են մարդկային ապրումներով, երազանքներով, հուսախաբություններով, սերերով, տխրություններով եւ ուրախություններով, տեղի են ունենում պատմական հիմքերի վրա։ Ժամանակագրության առումով, Ռուբեն Հովսեփյանի գործերում եւ կոտորածից մազապուրծ արեւմտահայության հատվածների գաղթի տեսարաններ են պատկերված. եւ ռուսաստանյան հեղափոխության թիֆլիսյան անդրադարձումները, եւ 37 թվականի սարսափները, եւ պատերազմը, եւ վերաշինվող երկրի առօրեական դրսեւորումները, եւ…

Սակայն պատմական այս խորապատկերը ամբողջանում է ոչ թե ինքնին, այլ Սիմոնյանների գերդաստանի եւ մյուսների ճակատագրերով։ Հատկանշական է որ կյանքի ու պատմության եզրույթներով միջավայրի նկարագիրը, առաջին հերթին բարոյական կտրվածքով, ընդհանրացնելուց բացի, Ռուբեն Հովսեփյանի վիպակները ամփոփում են նաեւ գրողի ստեղծագործական ճանապարհի որոշակի փուլը՝ նրան տալով եթե ոչ ավարտուն, ապա ամբողջական տեսք։

Այժմ փորձենք գոնե թռուցիկ հայացքով դիտարկել Ռուբեն Հովսեփյանի եւ Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործական ընդհանրությունների դաշտը: Գրականագիտական այնպիսի շրջանակներ, որոնց գնահատության չափանիշները հիմնականում հենվում են պարզունակ պրագմատիզմի սկզբունքների վրա, սովորաբար հակում են ցուցաբերում Մարկեսի եւ Հովսեփյանի «նմանությունը» դիտարկել սյուժետային զուգահեռների շրջանակում: Այս դաշտում կենսունակ է նաեւ կերպարային զուգադրումների մոտեցումը՝ առավելապես Ուրսուլա-Լեւոն, Աուրելիանո-Վահան, Ֆերնանդա-Սոֆի, երբեմն նաեւ այլ համադրումներով։ Այսօրինակ զուգահեռումները, սկզբունքորեն, իհարկե մերժելի չեն, սակայն այն դեպքում միայն, եթե քննության են առնվում երեւույթների գնահատման արժեքային նույն համակարգում։ Սա այն հարթությունն է, որտեղ պետք է ճշգրտվեն ՝՛ իրողությունների ընդհանուր եզրերը եւ դրանք պարզելուց հետո միայն համեմատությունները տեղափոխվեն «պերսոնիֆիկացման» դաշտ:

Տեղի սղության պատճառով փորձենք դա կատարել ընդամենը մեկ տիպական օրինակով, քննության առնելով «գերեզմանների խորհուրդ» երեւույթի մարկեսյան եւ հովսեփյանական «մեկնաբանությունները»։

Հարկ է նկատել, որ գերեզմանների խորհուրդը հայերի համար, իհարկե, երանգային այլ իմաստ ունի, քան լատինամերիկյան միջավայրում, բայց ըստ էության նույնն է դրանց, պարադոքսալ թող չհնչի, ապրեցնող արժեքի ընկալումը թե Մարկեսի, եւ թե Հովսեփյանի հերոսների կողմից։ Հայոց թաղը Հայոց թաղ էր դեռեւս այն ժամանակ, երբ այնտեղ ընդամենը մեկ վրան ու մեկ տուն, երկու պապ ու յոթ տատ կար, երբ դեռ շրջակայքը օձերից չէր մաքրվել։ Այսինքն՝ նստակյաց հայը որտեղ էլ որ բնակվեր, այն պետք է տունուտեղ դարձներ, գյուղ դարձներ, իր փողոցը ունենար, ապրեր իր շրջակայքը շենացնելու հայի «բնազդական առաջադրանքով»։ Եվ միայն դրանից հետո Լեւոն պապը, արդեն իսկ արձանագրելով «տուն-տեղ ենք, բայց գերեզման չունենք» իրողությունը, պետք է բան ու գործ, անգամ ծերության տարիներին իր համար նվիրագործված որդան կարմիրի որոնումները թողներ ու Թիֆլիս մեկներ կնոջ՝ Նենեի աճյունը հարազատ միջավայր՝ Հայոց թաղ տեղափոխելու։ Գերեզմանների՝ ապրեցնող խորհուրդը մեկ անգամ եւս է ընդգծվում, երբ նա ձեռնունայն վերադառնալով, հաշտության ձեռք է պարզում ճակատագրին՝ «թե մեր գերեզմանատունն էլ ինձանով կսկսվի»։ Սա այն գիտակցման անուղղակի արտացոլանքն է, որ շենը շեն է դառնում, մարդն էլ իր հողին է կապվում հարազատական կանչ ունեցող գերեզմաններով։ Այդ նույն խորհուրդն է դրված նաեւ Մակոնդոյի հիմնադրման հիմքում, ինչի մասին բարձրաձայն քանիցս խորհրդածում է Խոսե Արկադիոն: Բուենդիաների ընտանիքը, մի քանի տասնյակ մարդու ուղեկցությամբ, Լատինական Ամերիկան, ոտքի հնարավորության սահմաններում խելագարորեն «ծայրից ծայր» չափչփելուց հետո, վերջնականապես խարիսխ է ձգում այնտեղ, որտեղ զավակ ծնած լինելու զորեղ փաստարկը ձեռքին Ուրսուլան վճռում է իր մահկանացուն կնքել։ Բարոյական փաստարկ, որի դեմ անզոր է ցանկացած գործնական մտահղացում։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որոնք մեկը մյուսի կողքին դրվելով ուրվագծերով աստիճանաբար կամբողջացնեն արժեքային այն համակարգի պատկերը, որը եւ Գ. Մարկեսի, եւ Ռ. Հովսեփյանի գրական «միջակայքն» է, ուր նրանցից յուրաքանչյուրը «հայտնվել» է սեփական միջավայրի նկարագրով։ Իսկ այդ նկարագիրը, հարկ է նկատել, որ երկու դեպքում էլ դրսեւորվում է ազգային բնավորության եւ նկարագրի մակարդակում։ Այսօրինակ զուգահեռներ որքան ուզեք, որոնք ի վերջո, հանգում են այն գաղափարին, ՛որ խորապես մարդկայինը, իրոք, համամարդկային երեւույթ է՝ անկախ նրանից, որ Հայաստանում Լատինական Ամերիկայի համեմատ կարող է ունենալ այլազան երանգներ։ Մարկեսի հետ արժեքային համակարգի նույնական ընկալման հանգամանքն է առաջին հերթին, որ Ռուբեն Հովսեփյանին առանձնաշնորհյալ դեր է վերապահում հայ գրական իրականության մեջ։ Իսկ սրա մասին արժե խորհել…

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930