Լրահոս
Օրվա լրահոսը

Եզն ընկավ. դանակ սրողները շատացան

Սեպտեմբեր 06,1995 16:21

Մեր կյանքում այսօր «դանակ սրողներ» շատ կան. հանապազօրյա հացի հայթայթման ճամփաները զառիթափ են, «անակնկալներով» լի ու ոչ մի կերպ դեպի տաճար չեն հասցնում։ Հասարակության ամենատարբեր խավերում բողոք է հասունանում՝ տարերային ու բնազդածին, որովհետեւ մերձակա իրականությունը ոչ մի կերպ չի համապատասխանում 88-ին բոլորիս ոտքի հանած զրնգուն գաղափարներին։ 88-ին մեր հասարակությունը հարաբերականորեն բարեկեցիկ էր («կուշտ», ինչպես հիմա կասեին), բայց նյութական բարեկեցության տարրական կռվանները՝ բավարար աշխատավարձ, ցածր գներ, ջեռուցում, էլեկրաջրամատակարարում…», մարդկանց սին ու անկարեւոր թվացին հոգեւոր արժեքների համեմատ։ Անկախությունը, հողի կանչն ու արյան կարոտը, կամքի ազատությունն էին ծառացել։ Այս հասկացությունների գերապատվությունն առավել ակնհայտ էր ապահով կեցության հիմքերի վրա, իրոք, համեմատության եզրեր են պետք։ Հունալատինական մշակույթն ու գիտությունը բարձրացան նյութական երաշխավորված բարիքների պայմաններում՝ պատրիկների շրջապատում կամ նրանց հովանու ներքո։ Աշխատանքն ու ծառայությունը հավասարազոր են, եթե միայն հստակ գիտես, թե ում եւ հանուն ինչի ես ծառայում։

Այսօր կեցության առումով բարդ ժամանակներ են, եւ շատերի գաղափարական պատյանները ճաք են տալիս, ու սկսվում է առեւտուրը ինքդ քեզ հետ, ինքնահամոզումներն ու ինքնախաբեությունը։ Ազգային խառնվածքով ավանդապաշտ պահպանողական ենք, երբ բովանդակությունը խաթարվում է, փորձում ենք, իհարկե, գեթ ձեւերը փրկել, ու վերջում արդեն զարմանալի մոլեռանդությամբ ֆետիշ դարձրած՝ պաշտպանում ենք դրանք ցանկացած փոփոխությունից, որն ընկալվում է իբրեւ ոտնձգություն։ Կորցնելով բարեկեցիկ կյանքը՝ հասարակության ամենագործուն խավը՝ մտավորականությունը, սկսեց պայքարել հանուն իր գաղափարական խարիսխների՝ «ազգայինի» ռոմանտիկ ըմբռնում, զգայական հայրենասիրություն, անցյալի հերոսների միանշանակ բացարձակեցում («գնա մեռի, արի սիրեմ» տարբերակով, ժամանակին՝ կենդանության օրոք, մեր այդ բոլոր հերոսները այնքան էլ հարգված չէին, վկան Մուրացանի, Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Խ. Աբովյանի, Մ. Աբեղյանի, Անդրանիկի… կենսագրությունները): Ա. Բլեյանի հոգեւոր կրթական բարեփոխումների ծրագիրն իր դեմ այդքան ժխտողականություն հարուցեց հենց այս պատճառով։ Վերջինիս բարենորոգչական անուրանալի եռանդի հիմքում քամահրանքն էր տասնամյակներով գուրգուրված արժեքների հանդեպ, գուցե այդ արժեքների բացարձակեցումը պարզամիտ դյուրահավատություն կարող է թվալ, բայց այդ «դյուրահավատ» ոգեւորության ալիքին սերունդներ են դաստիարակվել։ Ռուսաց «Ասքի» Իգորը, Բիլինաների հերոս Իլյա Մուրոմեցը կամ գերման Ռոլանդը գրաքննադատական վերլուծությունների արդյունքում կարող են պարզունակ սխեմաների վերածվել, բայց դա բնավ պատճառ չէ դրանք ուսումնական ծրագրերից հանելու եւ հայրենասիրական հնոտի ճանաչելու։

Վերջերս ամենատարբեր ատյաններից հընթացս դատափետվում է հեղափոխականության սկզբունքը, որն իրոք անընդունելի է, ընդ որում՝ ոչ միայն կուսակցությունների եւ քաղաքականության պարագայում, այլեւ հոգեւոր ոլորտում։ Իսկ մեր կրթական բարեփոխումների շարժիչ ուժը նույն այդ հեղափոխականությունն է, այստեղից էլ՝ անհեթեթ առճակատումը, տոննաներով վատնված թուղթը, այլազան գիտխորհուրդներն ու հայտարարությունները։ Իրարամերժության հեղեղը երկուստեք սրբեց-տարավ ե՛ւ ցորենը, ե՛ւ որոմը։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հեղափոխականությունն անմահ է, ցանկացած գործունեության դաշտում այն Երեւան է գալիս վիշապի ատամների պես՝ դարասկզբին ցանված եւ անընդհատ հունդ տվող, տարբեր անվանումների տակ քողարկվող («բարեփոխում» բառն արդեն «հեղափոխության» հակոտնյան է):

Բավական է ինչ-որ տեղ նկատվի որեւէ բացասական երեւույթ, եւ նրա դեմ սկսվում է հեղափոխությունը։ Հասարակության մեջ կուտակվող բողոքը ելք է փնտրում, հոգեբանական լիցքաթափումն անհրաժեշտ է։ Երբ զայրույթն անձնավորվում է, թեթեւանալը դյուրին է, պայքարելը՝ եւս։ Բազմադեմ կաշառակերությունը մեր կյանքում դարձել է ամենահաճախադեպն ու ցավագինը։ Նրա դեմ պայքարելը խրախուսելի եւ ազնիվ մղում է, բայց այն հապշտապ կերպավորելը՝ հանձինս գիտնականների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսուցիչների, պայքարի ամենահեշտ, բայց ոչ արդյունավետ եղանակներից է։ Կենսաբանության բուհական քննական հանձնաժողովի նախագահի ձերբակալությունը հրեշի բազմասփյուռ շոշափուկներից մեկն է։ Մեր շրջապատում ձերբակալությունները, ցավոք, անակնկալ չեն, սակայն եթե առանձին այս երեւույթները բացարձակեցնելով՝ հեռուն գնացող հետեւություններ անենք, ապա անկասկած կսխալվենք, թեեւ հնուց հայտնի է, որ «մի վատ կովն էլ բավական է՝ նախրի անունը խայտառակելու համար»։

Այնուհանդերձ, կաշառքը ոչ զուտ հայկական-մտավորական, ոչ էլ անգամ խորհրդային-կոմունիստական «հայտնագործում» Է, այլ վաղնջական բարոյալքման ճանապարհ։ Իսկ դրա դեմ պայքարի եւ անհանդուրժողականության ամենագործուն եղանակը, կարծում եմ, մասնագիտական մոտեցումներն են։ Նախ՝ կաշառքը քրեական հանցանք է՝ պատասխանատու երկու կողմերով՝ տվող եւ վերցնող։ Կաշառակերության ուռճացումը նշանակում է հասարակական կյանքի քրեականացում, ուստի դրա դեմ պետք է պայքարեն համապատասխան պետական մարմինները՝ ՆԳՆ, դատախազություն, դատարան։ Մելքումյանի ձերբակալությունը վկայում է, որ հանցագործության դեմ պայքարը մեզանում որակական նոր մակարդակ է ձեռք բերել։ Հետեւաբար զգայական եւ հրապարակային հրադատությունների կոչը միշտ կարող է շահարկվել, «եզն ընկավ, դանակ սրողները շատացան»։

Կրթական համակարգում անցանկալի երեւույթների կանխարգելման համար ամենանպատակահարմարը վճարովի ուսուցման համակարգի ընդլայնումն է. եթե վճարունակ խավերն ուզում են սովորել, ապա անիմաստ է նրանց առջեւ սահմանափակումներ դնելը, դրանով կարելի է լրացնել բուհերի գանձարկղը, այսինքն՝ «ախորժակները» մեղմել։ Ոչ վաղ անցյալում ժողովրդական, ընկերական դատարաններ, հասարակական մեղադրողներ շատ կային, բայց նրանց օգտակար գործունեությունը խիստ սահմանափակ էր, արհեստավարժ մոտեցումներն առավել վստահելի են։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930