Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունու ցուցմունքները կհրապարակվեն

Սեպտեմբեր 06,1995 15:14

«Դրո»-ի գործով բավականին դանդաղորեն զարգացող դատավարությունը երեկ հասել էր կրիտիկական կետի։ Օրվա քննարկումների արդյունքում դատական կոլեգիան յուրահատուկ ձեւով արձագանքեց դատապաշտպան Անահիտ Եսայանի կոչին՝ կտրել Գորդյան հանգույցը, որն հյուսվել է Արծրունու օրագրի շուրջ։ Որոշումը հետեւյալն է. քանի որ ամբաստանյալ Արծրունին չի ուզում ցուցմունք տալ օրագրի բացակայությամբ, պետք է հրապարակել եւ քննարկել նրա ցուցմունքները նախնական քննության ժամանակ։

Կրքերը սկսեցին բորբոքվել առավոտվանից, երբ մեղադրյալ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ դատարանը շահագրգռված չէ հայտնաբերել ճշմարտությունը։ Նրան միացավ ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը, որը, պարզվում է, մոտիկից ծանոթ է Արծրունու սովորություններին եւ գիտի, որ նա իր բոլոր գրառումները կատարում էր գրպանի համակարգչի միջոցով։ Դրանից հետո նաեւ Արծրունին հրաժարվեց դատական նիստին մասնակցելուց։

Չնայած այդ հայտարարությանը, դատավոր Է. Մանուկյանը խնդրեց Արծրունուն բացատրել իր երեք անձնական օրագրերի ծագումը այն դեպքում, երբ, նրա ընկերների պնդմամբ, նա օրագիր վարելու սովորություն չուներ։

Ի պատասխան այդ խնդրանքի, հնչեց դատապաշտպան Սահակյանի առարկությունը։ Նա գտավ, որ դատավորի հարցը սխալ է, քանի որ այդ օրագրերը կցված չեն գործին։

Փաստաբան Ռշտունին նույնպես փորձեց առարկել, սակայն է. Մանուկյանը պնդում էր, որ հարցին սկզբից պատասխանի ամբաստանյալը։ Սկսվեց բանավեճը, որի արդյունքում դատավորը պահանջեց արձանագրության մեջ մտցնել Ռշտունու հասցեին իր զգուշացումը, իսկ վերջինս մեղադրեց նախագահողին պրոցեսուալ օրենսդրության խախտման մեջ։

Կոնֆլիկտները հետեւում էին մեկը մյուսին։ Արծրունին հայտարարեց, որ խուզարկության արձանագրության մեջ ասված չէ, որ հայտնաբերված օրագրերը նրան են պատկանում եւ հաստատեց դատավարությանը չմասնակցելու իր հաստատակամությունը։

Ի պատասխան դրան, նախագահողն առաջարկեց մեղադրող կողմին հարցեր տալ ամբաստանյալներին։ Վերջիններս նույնպես հրաժարվեցին ցուցմունք տալ, փաստաբան Ռշտունին հերթական անգամ մեղադրեց դատարանը ոչ օբյեկտիվության եւ ծրագրավորվածության մեջ, իսկ նրա գործընկերուհի Մարինա Հալաբյանը եւս մեկ անգամ բողոքարկեց նախագահողի գործողությունները։

Այսպես, շարժվելով մի կոնֆլիկտից դեպի մյուսը, նիստը հասավ իր բարձրակետին՝ որոշմանը, որի մասին ասված է այս ռեպորտաժի սկզբում։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930