Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլության վտանգները

Սեպտեմբեր 05,1995 14:49

Հայրենասիրության 9-րդ ալիքին հնչող մեղադրանքներից ամենաթանձրը ռուսամոլությունն էր, իբրեւ ելակետ ընդունելով Սահմանադրությամբ պետական լեզու ճանաչվող հայերենը՝ քննադատության կիզակետում ամենից առաջ հայտնվում էին ե՛ւ պաշտոնական գրագրության մեջ հետզհետե գերիշխող ռուսերենը, ե՛ւ օր օրի բարգավաճող ռուսաց դպրոցները, ե՛ւ առտնին խոսք ու զրույցում «հիմնովին» հաստատվող ռուսերենի դարձվածներն ու քերականությունը, միով բանիվ՝ «մեծ եղբոր» լեզուն՝ իր ամբողջությամբ։ Հընթացս հիշատակվում էին նաեւ մեր ստրկամոլությունը, օտարների նվաճումներով մեր կյանքը վերաձեւելու մարմաջը։ Քննադատության այս հորձանուտում ամենից առաջ, իհարկե, մտավորականությունն էր՝ գիտնական, արվեստագետ, եւ պետական պաշտոնյաները։ Օտարամոլության մանրէները հիմնովին հաստատվում էին այս շերտերում՝ դեպի իրենց ձգելով հասարակության առավել միջին կամ ստորին զանգվածներին։ Ռուսերենին լավագույնս տիրապետելը «կանաչ ճանապարհ» էր խոստանում։ Այս ամենը, հարկավ, ճշմարտացի է, բայց այդ ոգեւորության հիմքում կային օբյեկտիվ գործոններ։ Ռուսաց լեզուն, իրոք, դարձել էր աշխարհի հետ մեզ կապող օղակը։ Արվեստի, գիտության վերջին նվաճումները հայանում էին ռուսերենից եկող թարգմանությունների միջոցով։ Արժե խոստովանել, որ դա կատարվում էր բավական արագ եւ բարձր ՕԳԳ-ով (օգտակար գործունեության գործակից): Համենայնդեպս, Հայաստանում ճշգրիտ գիտություններն իրենց զարգացման մակարդակով բնավ չէին զիջում Խորհրդային միության նախկին այնպիսի հանրապետություններին, ինչպիսիք՝ Ռուսաստանը, Ուկրաինան կամ Բելոռուսը։ Նույնը վերաբերում է նաեւ արվեստին եւ մշակույթին։

Այսօր ժամանակները փոխվել են. քամիներն այլ ուղղությամբ են փչում։ Ռուսաց դպրոցները, հուրախություն շատերի, որպես այդպիսիք արդեն գրեթե գոյություն չունեն հայազգի երեխաների համար, պաշտոնական գրագրությունը եւս հայացման անկասելի միտումներ ունի, իսկ զանգվածային լրատվության միջոցներով հնչող ռուսերենն անմիջապես արժանանում է հակազդման, երբեմն անգամ ավելորդ մերժողականությամբ։ Ռուսերենի օտարումը մեր կենցաղից եւ կյանքից միամտություն կլիներ համարել զուտ հայրենասեր, ազգանվեր մարդկանց ջանքերի արդյունքներ։ Իրականում ամեն ինչ ավելի լուրջ է, քաղաքական վերադասավորումների ճշգրտման արդյունք։ Հոգեբանությունը իր խորքում բնավ չի փոխվում, փոխվում են միայն դրսեւորման ձեւերը, այսինքն՝ եթե դու շատ ես սիրում ավանգարդիստական հանդերձներ, բայց քեզ համառորեն նշավակում են, թե վառ կարմիրը՝ որպես այդպիսին, խիստ մարտնչող է, դու առավելագույն փոփոխությունը, որին կհանդգնես, կապտասպիտակ հանդերձներ կրելն է։

Այժմ Հայաստանում վերստին օտարալեզվության հաղթարշավն է, պարզապես վառ կարմիրին փոխարինել է անգլո-ամերիկյան լեզվամտածողությունը՝ գույների եւ երանգների իր բազմազանությամբ։ Եթե նախկինում մեր պատանեկան սիրո խոստովանությունները պատերին եւ նստարաններին ՛ռուսատառ էին, ապա այսօր դրանք անգլերեն են. սխալների քանակությունը երկրորդական է։ Ամենատարածված մակագրություններից մեկը արդեն «Love»-ն է, «любовь»-ի փոխարեն, անգամ դաջվածքներն անգլիատառ են։ Միակ բացառությունը, թերեւս, վերջնականապես հայեցի դարձած ֆրանսերեն «Merci»-ն է՝ «մեռսի» տարբերակով։ Սակայն «Thanks»-ը մրցակցության լուրջ հայտ է ներկայացրել արդեն։ Ցավոք, անգլերենով ոգեւորությունը, ի տարբերություն ռուսերենի, սահմանափակվում է կենցաղային դաշտով, պետական ատյաններում Երեւան գալով միայն ցուցանակների տեսքով։ Այսինքն՝ բովանդակային կողմը դեռ չափազանց պրոզաիկ է։ Գիտության առաջընթացն ու արվեստի նորությունները Հայաստան արդեն ուշ-ուշ են գալիս, հին կապերը խզվել են, նորերն էլ հաստատվել զուտ գավառական մակարդակով։ Նոր, «միջազգային» մակդիր ունեցող մասնագիտությունների՝ իրավագետ, տնտեսագետ…» գծով դասագրքեր չկան, մի քանի անգլերեն ձեռնարկներ, որոնք էլ դեռեւս անհասանելի են շատերին (թեեւ Երեւանում, օրինակ, անգլերենի ուսուցման դասընթացների ճոխություն է՝ ամենատարբեր որակի եւ արագության խոստումներով): Այնպես որ, ռուսերենի «կարոտը» այսօր շատ ուղղափառներ են զգում, թեպետ խոստովանել դեռ ոչ ոք չի հանդգնում։ Ռուսերենամերժությունը շարունակում է մնալ «առաջադիմականության» եւ լուսավորչության կարեւորագույն ատրիբուտ, բայց մինչեւ երբ, հայտնի չէ։ Երեւի հետո հայտնի կդառնա, եւ կսկսվի անգլիամոլության դատափետումը, այսինքն՝ ամեն ինչ սկզբից։ Հուսանք, որ մինչ այդ Հայաստանում անգլիական կամ ամերիկյան հայտնի գործիչների արձաններ, պողոտաներ, պուրակներ… չեն լինի, որպեսզի դրանց վերանվանման համար լրացուցիչ եռանդուժ եւ նյութական միջոցներ չվատնվեն։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930