Ամառն անցավ։ Ազգային ժողովի «բաց դռների» օրերը մոտենում են։ Անհամբերությամբ սպասողները քիչ չեն (մանավանդ լրագրողները): Պատճառն, իհարկե, հյուծող կարոտը չէ (ոչ հոր կողմից են բարեկամ, ոչ մոր): Պարզապես դժնատեսիլ կանխագուշակում-գլուխկոտրուկների շրջանը կանցնի։ Վերջիվերջո, ավելի դյուրին է իրականությունը տեսնել ու գնահատել ինչպես որ է։
Եթե «անկանխատեսելի հետեւանքների հղիության» տարբերակը բացառենք («սուրբ Երրորդություն» եղբայրակցությունից մինչեւ նոր խմբակցությունների ձեւավորում»), պիտի «բավարարվենք» մանր-մունր գլխացավանքներով։ Փոքրամասնությունը քափուքրտնքի մեջ կփորձի տառապած-կոփված խոսափողերի համբերատար աջակցությամբ խլացնել մեծամասնության ինքնավստահ ձայնը (զուր ջանքեր) կամ «ուրբաթ»ախոս հանրահավաքներով կասեցնել նրանց որոտընդոստ քայլքը (զուր հույսեր): Չի բացառվում նաեւ, որ ի սեր ձանձրույթից հորանջող լրագրողների, միջանցքներում «ընկերական հանդիպումներ» լինեն «մի մուշտի տվի, էլի» ձեւակերպմամբ։ Եվ այլն, եւ այլն…
Իսկ ավելի պատկերավոր.
– Կողմ…
Կարդացեք նաև
– Ճնշող, շա՜տ ճնշող մեծամասնություն։
– Դեմ…
– Ճնշված, շա՛տ ճնշված փոքրամասնություն։
– Ձեռնպահ…
– Յա կա, յա չկա։
Գերպրկվածություն, թերեւս, պահանջվի «աչքի փուշ» կամ «սպիտակ ագռավ» պաշտոնյաներից։ Նրանց հետագա ճակատագիրը մեծապես կախված է ճնշող, շա՜տ ճնշող մեծամասնության բթամատերի անտառի «բարի կամքից»։ Կուզենան՝ դեպի երկինք կտնկեն, կուզենան՝ դեպի երկիր կկախեն։
Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ