Ով հիշողություն ունի՝ չի կարող մոռանալ նախարարների խորհրդի նախկին նախագահ Մարգարյանցի՝ զայրույթից եռացող դեմքը, երբ նրա ռուսերեն ելույթը ՀՀՇ-ի անդրանիկ համագումարում ընտիր հայերենի էր վերածվում ու տարածվում Հայաստանով մեկ։ Երեւույթը շատ բարեկիրթներից չէր, բոլորն զգում էին, որ վարչակարգի 2-րդ, 3-րդ դեմքին նվաստության այդ աստիճանին իջեցնելը հանդգնություն է։
Բայց կար մի անսովոր հանգամանք, որ արդարացնում էր այդ պատմական պահի անհաճո երանգը. դա նախարարապետի զայրալից դեմքի համակերպված արտահայտությունն էր։ Թվում էր, թե հայերեն իմանալու դեպքում նա պատրաստ էր զիջման գնալ։ Այդ էր պահի միակ տրամաբանությունը, որ թեկուզեւ կարճատել, կփրկեր իշխանությունը, նրա հետ էլ՝ այն ներկայացնողների արժանապատվությունը։ Հայադարձություն չեղավ։ Հայաստանը լքելը Մարգարյանցի համար կենսական օրախնդիր էր։ Էլի շատերի համար, ովքեր փոխված մաշկի տակ այդպես էլ ազգային ավիշի խլիրտ չզգացին:
Հայաստանում մնացինք զտարյուն հայերով, որպեսզի դպրոցները, մամուլը, եթերը, ժողովներն ու նստաշրջանները հայախոս ու հայամտած դարձնենք։ Որպեսզի Լեզվի մասին օրենք ընդունենք ու… մոռանանք նրա մասին։ 1990-ի Անկախության հռչակագրով վերածնված ո՛՞ր հայը կհավատար, որ 1995-ի հայաստանյան մամուլը կարող է ռուսաբանության այսքան հզոր մամլիչի տակ հայտնվել։ Եվ խոսքը վերաբերեր ոչ միայն ռուսական լրագրության ու քաղաքագիտության անճոռնի կապկմանը, այլ հայոց լեզվի անխիղճ աղճատմանը։ Ցանկացած պարբերական ձեռքդ վերցնելիս այսպիսի զգացում ես ունենում, կարծես թարգմանության 40 գլխանի դեւը խոյանում է վրադ՝ ջնջելով ու ապականելով մայրենիի սրբագույն շերտերը, նրա բառագանձն ու ոգին։ Չկա ոչ մի խորհրդատու կամ հսկիչ, որ պարտքի վսեմագույն գիտակցությամբ սանձահարի տգիտության ու ամենաթողության այս քառատրոփ արշավը։ Կամայականությունը, մեր լեզվի ու պետության նկատմամբ պիղծ քամահրանքն այն «բարձունքներն» են նվաճել, որ ամեն ոք իրեն կարող է թույլ տալ հայկական եթերում հայերեն… չխոսել։ Այնինչ 1 տարի առաջ ռուսերեն 1 րոպեանոց խոսքը ռադիոյով հնչեցնելու համար հատուկ թույլտվություն ստանալը, ապա նաեւ համաժամանակյա թարգմանություն ապահովելը պարտադիր էր համարվում։ Նույնիսկ ռուսընտել «Լրաբերն» էր ռուսերենն իսպառ բացառել, մանավանդ, Հայաստանում ապրող հայերի ռուսերենը։
Իսկ հիմա «ժողովրդավարություն» է՝ խոսեք ու գրեք այսպես, ինչպես կամենում եք, որքան կարողանում եք, որ լեզվով նախընտրում եք։ Այս խառնիճաղանջի կարկառուն օրինակը հայկական հեռուստատեսության օգոստոսի 31-ի հաղորդումն էր։ Ռ. Մավիսակալյանի զրուցակից, «Հայջրխեդդփրկ»-ի ղեկավար Աշոտ Ղազարյանն այնքան հանգիստ էր ռուսերեն խոսում, ասես ելույթ էր ունենում Ռուսաստանի Դաշնության որեւէ հեռուստաալիքով։ Նրա անկաշկանդվածությունը վարակեց նաեւ հաղորդավարին, որն սկսեց հարցերը ռուսերեն տալ։ Բարեբախտաբար, պրն Մավիսակալյանը շնորհակալությունը հայերեն ասաց, բայց պրն Ղազարյանը դեռ ասելիք ուներ, իր խոսքը շարունակեց սիրած լեզվով։ Ըստ որում, խոսում էին ողբերգական մի թեմայի մասին, թե անհրաժեշտ պարագաների ու պայմանների բացակայության հետեւանքով որքան մարդ է խեղդվել հենց օրինակ, մեր պաշտելի Սեւանում։ Ահասարսուռ փաստեր էին, դրանց եթերային հնչողություն տալը, իրապես, լրագրողական ու պաշտոնական խիզախություն էր պահանջում։ Միայն թե հաղորդման ընթացքում սկսում էիր կասկածել. իսկ եթե «Հայջրխեղդփրկ»–ի բոլոր աշխատակիցները ռուսախո՞ս են։ (Չէ՞ որ պետք է միմյանց հասկանան): Բայց այդ դեպքում ինչպե՞ս պետք է հասկանան հայերեն «փրկեցեք» գոռացողներին։ Նրանք հո խեղդվելը չե՞ն նախատեսել, որպեսզի վաղօրոք ռուսերեն սովորեին։ Ողբերգականից֊ զավեշտականն, իրոք, ընդամենը մի քայլ է։ Շատ կարճ է նաեւ քայլի հակառակ ընթացքը, որը երբեմն այսպիսի մտքերի է հանգեցնում.
Կարդացեք նաև
երբ ողջ երկիրը համակված է սոսկ հայախոսական շարժման քարոզչությամբ, այլախոսները իրենց զգում են, ինչպես Իշխան՝ Սեւանա լճում։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ