Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնաքննադատության փորձ մը»

Սեպտեմբեր 02,1995 16:46

Խմբագրին ասացի՝ վաղվանից որոշել եմ շա՜տ բարեխիղճ լրագրող դառնալ։

Ասաց՝ հա՞։

Ասացի՝ հա՛։

Ասաց՝ վաղը ժամը 10.00-ին կառավարության շենքում մամուլի ասուլիս կա։

Ասացի՝ հաստա՞տ։

Ասաց՝ հաստա՛տ։

Ուրախացա՝ աշխարհով մեկ եղա։ Այնքա՛ն ուրախացա ու այնքա՛ն աշխարհքով մեկ եղա, որ չհարցրի՝ ի՞նչ մամուլի ասուլիս։

Առավոտյան ժամը 10.00-ին կառավարության շենքի մուտքը պահպանող ոստիկանը բարեխիղճ լրագրողիս ասաց՝ շատ իզուր ես ուրախացել՝ աշխարհով մեկ եղել, չկա քո ուզած ասուլիսը։ Տխրեցի՝ աշխարհը աչքիս մթնեց։ Այնքա՛ն տխրեցի, աշխարհը այնքա՛ն աչքիս մթնեց, որ չհարցրի՝ բա ե՞րբ կլինի իմ ուզած ասուլիսը: Ետդարձիս բարեխիղճ լրագրողի խորաթափանց հայացքով այս կողմ նայեցի՝ տարադրամ էին փոխանակում,

այն կողմ նայեցի՝ Ղարսի խորովածի համեցեք էին անում։ Այս կողմ նայեցի՝ տարադրամ էին փոխանակում, այն կողմ նայեցի Դարսի խորովածի համեցեք էին անում։ Այս կողմ նայեցի՝ տարադրամ էին փոխանակում, այն կողմ նայեցի… Հասա Ղարս։ Ներողություն, խմբագրություն։

Խմբագիրը ինչ-որ գործով ինչ-որ տեղ էր գնացել։ Մտածեցի՝ ասուլիս չկա-չկա, նստեմ-գրեմ, որ Հայաստանը սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարել է, ու ողջ ազգս զբաղված է տարադրամ փոխանակելով ու Ղարսի խորոված ճաշակելով։ Հետո հրաժարվեցի այդ մտադրությունից՝ բա որ ասեն ծախված է (իբր չեն ասում): Հարկադրված էի ինքս ինձ ասել՝ որոշել եմ շա՛տ բարեխիղճ լրագրող դառնալ։

Հետո հարցնել՝ հա՞։

Հետո պատասխանել՝ հա՛։

Հետո հարցնել՝ հաստա՞տ։

Հետո պատասխանել՝ հաստա՛տ։

Հարցրի-պատասխանեցի-որոշեցի ու ճանապարհ ընկա Գերագույն դատարան՝ Աշոտ Աբրահամյանի ցուցմունքները լսելու մի տարադրամային խառը պատմության շուրջ: Գերագույն դատարանի շենքի մուտքը պահպանող ոստիկանը բարեխիղճ լրագրողիս ասաց՝ քո ուզած դատը չկա։

Ետդարձիս   բարեխիղճ լրագրողի խորաթափանց հայացքով այս կողմ նայեցի՝ տարադրամ էին փոխանակում, այն կողմ նայեցի՝ Ղարսի խորովածի համեցեք էին անում, այս կողմ նայեցի՝ տարադրամ էին փոխանակում, այն կողմ նայեցի… Հասա խմբագրություն։ Խմբագիրը հարցական ինձ նայեց։ Ասացի՝ ես հո ծախված չեմ, որ գրեմ, թե ողջ ազգս տարադրամ է փոխանակում ու Ղարսի խորոված ուտում։

Խմբագիրը գլուխը տարուբերեց, որ նշանակում էր՝ է՜, քեզանից Պողոս-Պետրոս դուրս չի գա։

Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930