Լրահոս
Օրվա լրահոսը

SILENTIUM

Սեպտեմբեր 02,1995 13:39

Հայաստանի բուհերում ընդունելության ողջ համակարգը կառուցված է կաշառքի վրա: Պրոֆեսորները գիտեն եւ լռում են

Հայաստանի ՆԳՆ-ը հաղորդեց, որ կաշառք ստանալու մեղադրանքով իր բնակարանում ձերբակալվել է ընդունելությունների հանրապետական հանձնաժողովի կենսաբանության առարկայի գծով նախագահ, պրոֆեսոր Մելքումյանը։ «Լրաբերով» եւ «02» ծրագրով ցուցադրվեց մի ոչ ծավալուն տեսահոլովակ: Հաջորդ օրը կատարվածը ծուլորեն վերապատմեցին թերթերը, հայտնելով նաեւ ՀՀ բարձրագույն կրթության նախարարությունը մի շարք կարեւոր միջոցառումներ է ձեռնարկում (ինչպիսի՞, ի՞նչ կտան դրանք):

Եվ վերջ…

Թեպետ, դատելով մասնավոր զրույցներից, բնակչությունը ցնցված է։ Ո՛չ, պատճառը կաշառքի փաստը չէ (մեր հասարակությունը ընտելացել է կաշառքին): Ցնցված է գումարի չափերից (147 հազար ամերիկյան դոլար), որը հայտնաբերվել է Մելքումյանի բնակարանում։ Աստղաբաշխական մի թիվ ո՛չ կուշտ եւ բարեկեցիկ Հայաստանի համար։ Ցնցված է պրոֆեսորի լկտիությունից. քննական բարձր նիշերի դիմաց պահանջվող տուրքը ստանում էր առանց միջնորդների, ապահովելով դրա գաղտնիությունը: Այդպես խնայբանկում կոմունալ ծառայությունների վարձն են գանձում բնակչությունից։

Բայց նույնիսկ սաստիկ ցնցված բնակիչը չունի ո՛չ բաց նամակներ գրելու, ո՛չ գիտխորհուրդներ հրավիրելու, ո՛չ հայտարարություններով հանդես

գալու, այսինքն` հասարակական կարծիքի վրա ազդելու հնարավորություն եւ ցանկություն։ Մինչդեռ նրանք, ովքեր ցանկությունն ու հնարավորությունն ունեին, նրբանկատորեն լռեցին։

Գիտական մեր վերնախավը, նկատի ունեմ այն դոկտորներին եւ պրոֆեսորներին, որոնք տոննաներով թուղթ փչացրին պետական քաղաքականությունը մեղադրելով մանկուրտիզմի մեջ, հանդես եկան գիտության, մշակույթի, դպրոցի կործանման դեմ…

Բայց այս անգամ՝ լռեցին։

Ի դեպ, նպատակս կաշառակերության երեւույթը մերկացնելը չէ: Այդ բանը սիրով անում են հենց իրենք՝ տուրք հավաքողները: Ինչպես նույն այդ Մելքումյանը՝ ձերբակալվելուց մեկ կամ երկու օր առաջ:

Խոսքս այլ բանի մասին է։ Ինչո՞ւ են լռում, երբ հարկավոր է ահազանգ հնչեցնել. այն, ինչ ամեն ամառ կատարվում է բուհերում, ազգովի պարսավանքի է արժանի:

 

Խորհրդային Հայաստանից ստացված պարգեւը

Բռնատիրության 70 տարիները հիմն ի վեր ցնցեցին եւ փոխեցին բարոյական բոլոր արժեքները եւ չափանիշները: Եվ վերադարձը՝ պետական անկախության եւ հասարակության ժողովրդավարական կենսակերպին, դեռեւս չի նշանակում, թե մեքենայորեն փոխվել է նաեւ հասարակության գիտակցությունը եւ հոգեբանությունը։ Պետությունն անկարող է օրենք մշակել եւ դրա միջոցով քաղաքացիներին որոշակի բարոյական կոդեքս կամ ազգային գաղափարախոսության կանոններ պարտադրել (եթե համարենք, որ այդպիսինն ունենք):

Հասարակության սոցիալականացումը, այսինքն` անհատների կայացման ընթացքը, նրանց կողմից արժեքների, վարքի նորմերի վերագնահատումը, ինչը բնորոշ է տվյալ ժողովրդին եւ մարդուն ընդհանրապես, տեղի է ունենում դպրոցի (այդ թվում նաեւ բարձրագույն) մշակույթի, գիտության, զանգվածային հաղորդակցման միջոցների ազդեցությամբ։ Իսկ դա նշանակում է, որ հասարակության սոցիալականացումը առաջին հերթին մեր ազգային մտավորականության առաքելությունն է (մտավորականության այն ըմբռնումը, որը մենք նկատի ունենք): I

Մեր մտավորականները (այդ մասին էլի եմ գրել) նախկինում վարակված էին հարմարվողականության ախտով եւ կուսակցական-պետական ապարատին շատ ավելի ամուր էին կառչած, խան ԽՍՀՄ ոչ ասիական այլ հանրապետությունների նրանց գործընկերները։ Ուստի եւ 1985-ին հայտարարված վերակառուցումից եւ վարչակարգի գաղափարական սանձերի թուլացումից հետո, մենք չունեցանք ո՛չ տարիներ ի վեր դարակներում պահված գրքեր, ո՛չ արգելված գիտական աշխատություններ, ո՛չ կինոնկարներ։ Հայ բանաստեղծն այնպիսի բանաստեղծություններ չէր՛ գրում, որոնք հետո չկարողանար տպագրել, ռեժիսորը՝ ֆիլմեր, որոնք մոսկովյան գրաքննությունը չէին անցնելու, չէր նկարահանում, դասախոսն

ամբիոնից ասում էր այն, ինչ թույլատրված էր:

Բացառություններ կային (խոսքը Ռաֆայել Պապայանի, Էդմոնդ Ավետյանի, մասին է), բայց այդ անունները սոսկ ավելի էին ընդգծում լճացման պատկերը։

Ռուսաստանում մյուս հանրապետություններում գաղափարների տիրակալները (մեծամասնության համար բացախոսության քաղաքականությունից հետո) գիտական եւ ստեղծագործական միջավայրից դուրս եկած այլախոհներն -ին՝ Սոլժենիցինը, Սախարովը, Ռոստրոպովիչը, Բրոդսկին, բանաստեղծներ Վասիլ Ստուսը (Ուկրաինա), Պլոպինը (Մոլդովա) եւ ձերբակալությունների, ճամբարների, աքսորների միջով անցած շատ-շատերը։

Մենք այդպիսի մարդիկ չունեցանք, ուստի եւ միֆ սարքեցինք, ասենք, Պարույր Սեւակին՝ միանգամայն բարեկեցիկ, պետական ավտոմեքենայով եւ առանձնասենյակով Գրողների Միության քարտուղարին։ Ժողովուրդը հերոսների պահանջ ունի…

Սա քննադատելու համար չեմ ասում (քավ լիցի, դրա իրավունքն էլ չունեմ, գիտնականի կամ արվեստագետի տաղանդի չափանիշը, գիտության եւ մշակույթի ազգային գանձարան բերած նրա ավանդը, ամենեւին էլ Աֆղանստան զորք մտցնելու կամ այլախոհ գործընկերոջը համալսարանից վտարելու դեմ խոսելով չի որոշվում։ Եվ չնայած պետական վարչակարգը մեր մտավորականության մեջ առանձնակի համակրանք չէր հարուցում, բայց նույնիսկ այդ պայմաններում աշխատել հարկավոր էր։ Փառք Աստծո, որոշակի շրջանակներից դուրս չգալով թեկուզ, բայց, այնուամենայնիվ, թույլ էին տալիս ստեղծագործել։

Այսօր 30-ն անց յուրաքանչյուր մարդ դուրս է եկել Խորհրդային բաճկոնից (այն կրելը պարտադիր էր): Ուրիշ բան, որ երբ այն կրելու մասին հրահանգները դադարեցին, մտավորականների մի որոշ մասը (նոմենկլատուրայինը՝ ինչպես ընդունված է ասել) չկարողացավ կամ չցանկացավ դեն նետել այն։ Խորհրդային Հայաստանից ստացված պարգեւը երկար ժամանակ կպած էր նրա մարմնին….

 

Աշխատել չեմ սիրում, բայց ուրախությամբ կծառայեմ

Նոմենկլատուրային մտավորականությունը կոչված է իշխանություններին ծառայելու։ Բայց նորերին նրա ծառայությունները պետք չեկան։ Նոմենկլատուրային մտավորականության ներկայացուցիչների մեծ մասը պահպանեց (կամ երկար ժամանակ պահպանում էր) իր աշխատատեղերը, ամբիոնները, ֆակուլտետները, հրատարակչությունները, դպրոցները, այսպես կոչված, մշակութային օջախները։ Բայց գործունեության այդ ամբողջ ոլորտը օբյեկտիվ պատճառներով պետական շինարարության ետնաբեմ դուրս մղվեց։ Չկան ո՛չ բարձր աշխատավարձեր, ո՛չ գիտական ծրագրերի շռայլ վարձատրություններ, պետության հաշվին տպագրվող անպետք գրքեր եւ մենագրություններ, չկան պետական մակարդակով՝ հոբելյանական ծիսակատարություններ, հայկական մշակույթի օրեր Մոսկվայում, ԱՕՔՍ-ի գծով արտասահմանյան ուղևորություններ, կանոնավոր հանդիպումներ Կենտկոմում (ներեցեք՝ Նախարարների խորհրդում կամ նախագահի գրասենյակում)….Վերջիվերջո վերացել է սեփական անձի նշանակալիության գիտակցումը։ Եվ մնացել է մի բան. ստեղծագործել, սովորեցնել, հայտնագործել, գրել։ Այդ բանը անել գրոշների դիմաց, առանց վերեւից ուշի ուշով հետեւող աչքերի, ծափահարությունների, հոբելյանական երեկույթների եւ այլն (տե՛ս վերեւի նախադասությունը):

Այդ մարդիկ չնկատեցին (եւ չէին կարող նկատել), որ 1990-ից հետո Հայաստանում հոգեւոր կյանքի ինքնակառավարման հնարավորություն է ստեղծվել։ Չնկատեցին, որովհետեւ, ըստ Մարքսի եւ Լենինի, միայն պետությունն է ի զորու կատարել բոլորին եւ ամեն ինչ իրեն ծառայեցնելու գործառնությունը՝ համաձայն իր ՛պատկերի եւ նմանության, իսկ ուսուցանելու կամ դաստիարակելու գործում մտավորականությունը սոսկ պտուտակ է կամ՝ միջնորդ օղակ։ (Դասականների մոտ չեմ հիշում ինչպես է):

«Սոցիալական խնդրի հիմնական գծերը» գրքում Ռուդոլֆ Շտայները գրում է. «Հասունացող երեխայի ընդունակություններն, իրոք, կծառայեն հասարակության բարօրությանը, եթե նրա զարգացմամբ որոշումներ կայացնելիս զբաղվի միմիայն հոգեւոր արժեքներով, եւ ո՛չ պետական կամ տնտեսական խնդիրներով առաջնորդվող մարդը»։

Որեւէ մեկը գիտի՞ կամ լսե՞լ է, որ տիտղոսավոր մեր վարժապետներից մեկնումեկը, կրթության բնագավառում որեւէ առաջարկով հանդես գալիս ղեկավարվի զուտ հոգեւոր եւ ոչ տնտեսական կամ պետական բնույթի խնդիրներով։

Անձամբ ես հանդիպել եմ բոլորովին այլ կարգի հոդվածների։ Գրված.

1. Գիտական տարբեր ծրագրերի եւ ուղղությունների կրճատման դեմ. (Ինչպես չէ, շունչներս պահած սպասում էինք, թե փիլիսոփայության ինստիտուտի գիտաշխատողները, պետական միլիոններով, վերջապես ե՞րբ աշխարհին կնվիրեն «Կարմիր կամուրջի շրջակայքում հայ եւ ազերի քաղաքացիների միջեւ տեղ գտած բախումները եւ ինչպես են դրանք անդրադառնում Անդրկովկասի ազգամիջյան հարաբերությունների վրա» հանճարեղ աշխատությունը):

2. Ընդդեմ ամեն կարգի բարեփոխումների, ընդդեմ «բլեյանականության» (այսինքն՝ մի անձնավորության, որն իր տեսակետների վիճելիությամբ հանդերձ, փորձում էր միջնակարգ դպրոցը դուրս բերել ճահճացումից):

3. Ընդդեմ՝ պետական քաղաքականության, որը մտավորականին սնանկացման է տանում (կարծես իշխանությունները դիտավորյալ են այդ անում):

Ի դեպ, հետպատերազմյան Գերմանիայում ուսուցչի կամ դասախոսի աշխատավարձը 3-7 մարկից չէր անցնում։ Նույնանման վիճակ էր նաեւ Ճապոնիայում։ Բայց դա չխանգարեց, որ նրանք առաջամարտիկներ դառնան եւ դաստիարակեն Գերմանիայի եւ Ճապոնիայի ներկայիս ողջ հզորության հիմքը դնող մի սերունդ։ Կարելի է նաեւ մեզ ավելի մոտ օրինակներ բերել խորհրդային պատմությունից։ Օրինակ, Ցիալկովսկին գազարի թեյ էր խմում, երբ աշխատում էր տիեզերական տեսության եւ հրթիռային շարժիչներ ստեղծելու վրա, Բերդյաեւն իր հանճարեղ աշխատությունները գրում էր սառած վառարանի կողքին, փայտ չկար… Նրանք չէին ծառայում, նրանք աշխատում էին…

 

Զգացվո՞ւմ էր արդյոք կրթական համակարգի ապակոմունիստականացման անհրաժեշտությունը

Այո՛, բայց ՆԳՆ հաղորդագրությունը ի՞նչ կապ ունի դրա հետ։ Պարզապես այն, որ արտահայտվելու նյութ է տալիս։ Որովհետեւ Հայաստանը կկործանվի,

եթե ամեն տարի հարյուրավոր անբաններ առասպելական գումարներով զբաղեցնեն լսարանները, նույն եղանակներով էլ կուրսից-կուրս տեղափոխվեն (քննությունը՝ 50, ստուգարքը՝ 20-30 «կանաչ»): Իսկ հետո այդ լսարաններից դուրս է գալու ազգի քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր վերնախավը՝ ցինիկ, դաժան, ամբարտավան, քանի որ արդեն իսկ դպրոցական նստարանից յուրացրել է ուսուցչին գնելու արվեստը…

Հումանիտար առարկաների գծով մի շարք դոկտորներ (նույն Գառնիկ Անանյանը, Լեւոն Մկրտչյանը, Ազատ Եղիազարյանը, Վլադիմիր Մուրադյանը եւ այլոք) տարբեր պարբերականներում բազմիցս գրել են ներկա իշխանությունների անբարոյականության, նրանց ոչ հոգեւորության, ղեկավարելու անընդունակության մասին։ Երբ գիտես, որ դրա համար քեզ ոչ միայն չեն վտարի, այլեւ զբաղեցրած աթոռիցդ էլ չեն զրկի հեշտությամբ են քննադատում։ Բայց նրանցից ոչ մեկը դրական, գործնական կամ նոր բան չառաջարկեց։ Ո՛չ մեկը հրապարակավ չհայտարարեց, որ կաշառակեր-գործընկերոջ ձեռքը չի սեղմի։ Իսկ սա չի՞ նշանակում, որ նրանցից եւ ո՛չ մեկն ազգի ապագայով մտահոգված չէ։

Հետպատերազմյան Գերմանիայում հայտարարվեց պետական հաստատությունների ու առաջին հերթին՝ կրթական համակարգի դենացիֆիկացիա։ Երկրի ապագայով մտահոգված, իշխանությունները նույնիսկ դպրոցի շեմ չէին թողնում ֆաշիստական վարչակարգի հետ համագործակցած պրոֆեսորներին։ Ավելի ուշ՝ 60-ականներին ու 70-ականներին շրջանառության մեջ էր մտել այսպես կոչված՝
«արգելք՝ մասնագիտության վրա» գաղափարը (որը խորհրդային պրոպագանդան ներկայացնում էր որպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման աղաղակող փաստ): Գերմանիայի կոմկուսի անդամները կրթության, իրավունքի համակարգում չէին կարող պաշտոններ զբաղեցնել։ Նման գործունեությամբ, միգուցե, ոտնահարվում էին մարդու իրավունքները, բայց ազատ քաղաքացիների ազատ համագործակցությունը վերջ դրեց թե՛ ֆաշիզմին եւ թե՛ կոմունիզմին՝ մարդատյացության համընդհանուր գաղափարախոսության այդ երկու տարբեր թեւերին։ Զուգահեռներ չեմ տանում։ Բայց վստահ եմ, որ դպրոցի բարենորոգումներն ավելի արագ կկատարվեին, եթե դրանք անցկացվեին կրթության համակարգի ապակոմունիստականացման եղանակով, օրինակ՝ ատեստավորմամբ։ Ցնցվում եմ, Երբ առաջին դասարանցին դիմում է ուսուցչուհուն՝ «ընկեր Զոյա»։

Ո՞րն է չարյաց փոքրագույնը. երբ դպրոցը դասագրքերի պակա՞ս է զգում, թե՞ երբ կաշառակերությունն է ծաղկում: Դասախոսական կազմը մինչեւ հիմա սուր արձագանքել է միայն առաջինին։ Պետական ապարատը, իրավապահ մարմինները, արդարադատության համակարգը ներսից լափող կաշառակերությունը, խարան է ոչ միայն Հայաստանի, այլեւ մեզանից ավելի զարգացած եւ քաղաքակրթված պետությունների համար։ Նույն Իտալիայում գրեթե ամեն շաբաթ մեծ աղմուկ է բարձրանում, երբ այս կամ այն պաշտոնատար անձը կամ պատգամավորը մեղադրվում է կաշառակերության կամ միլիարդավոր գումարների հասնող դրամական խարդախությունների մեջ։ Իսկ որ ուսուցիչը փող է վերցնում աշակերտից, չեն գրում… Չկա։

Դպրոցն ինչպե՞ս մաքրել այդ կեղտից։ Խիստ վերահսկողությամբ, ինչպես անում է ՆԳՆ նախարարը՝ զօր ու գիշեր հետեւելով բարձրագույն ոստիկանական դպրոցի քննություններին։ Ինչը որ վաղը ստիպված կլինի անել Գիտության եւ կրթության նախարարը, որի ազնվությունը եւ բարեփոխումները կատարելու ցանկությունը կասկածի տակ չեմ առնում։ «Մաքուր ձեռքեր» օպերացիայի եւ իրավապահ մարմինների հետ համագործակցելու միջոցո՞վ։ Այս ամենը ոչ մի արդյունք չի տա,եթե դասախոսական կազմը, մեր ինտելեկտուալ վերնախավն ինքը չհիշի դաստիարակելու իր կոչման կամ առաքելության մասին, կաշառակերության երեւույթի դեմ անհանդուրժողականության մթնոլորտ չստեղծի եւ վերջապես անվանարկված գործընկերոջը ձեռք չմեկնի։ Մենք փոքր երկիր ենք՝ եւ նրանց անունները ամենուր լսվում են…

Իսկ հիմա Silentium է՝ լռության ուխտ…

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Գիտակցելով, որ բոլորս ինչ-որ չափով բարդույթներով ենք տառապում, ստիպված եմ գրել, որ կաշառակերությունը տիպականացնելով հանդերձ, խորին հարգանք եմ տածում մեր հարգարժան գիտնականների, դասախոսների, դոցենտների, պրոֆեսորների, ուսուցիչների հանդեպ: Այս հոդվածում նրանք իրենց չեն ճանաչի: Ողջ հույսս նրանց վրա է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930