Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ ՀՎ-ն բանակցությունների դաշտում

Սեպտեմբեր 01,1995 12:22

Ազգային ժողովի ընտրություններից հետո ՀՌԱԿ-ի արդեն տրոհված կառույցում նոր ճեղքվածք գոյացավ, որը սպառնում էր ռամկավարական երրորդության ստեղծմամբ՝ 100-ամյակի եզրագիծը հատած մյուս ավանդական կուսակցության՝ ՀՅԴ օրինակով։ ԱԺ ընտրություններից առաջ, ինչպես հայտնի է ստեղծվեց Դաշնակցություն անվամբ թիվ 3 միավորումը: Ռամկավարական այս ըմբոստացումն ունի ամենից առաջ անձնական ուղղվածություն՝ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյան։ Կուսակցության անհաջողությունները, պայմանական «ընդդիմադիրների» համոզմամբ, արդյունքն է վերջինիս սխալ քաղաքականության՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական։ Դժգոհությունների պատճառը հանգեցվում է հետեւյալին. ա) ՀՌԱԿ նախընտրական ծրագրում նկատվեց գաղափարական շեղում դեպի պոպուլիստական սոցիալիզմ, շուկայական տնտեսակարգի կառուցման անցումային փուլում ընկերային հարցերի վրա գերկենտրոնացումը հակասում է ռամկավար-ազատականության սկզբունքներին։

բ) Ռամկավարները չկարողացան դաշնակիցներ ընտրել ըստ տրամաբանության՝ դրանք պետք է լինեին լիբերալ-դեմոկրատիայի բոլոր կրողները, այսինքն` իշխող կուսակցությունը՝ «Հանրապետություն» միավորմամբ: Ընդամենը 4 տարի գործելով Հայաստանում ՀՌԱԿ-ը չէր կարող այնքան ամրապնդվել, որ մեն-մենակ հաջողության հասներ թեժ ընտրապայքարում։ Դրան հակառակ՝ Ռ. Միրզախանյանի կողմից ստեղծվեց չափազանցված լավատեսության մթնոլորտ, իսկ օրենսդիր մարմնում պատգամավորներ չունեցող կուսակցությանը սպառնում է հասարակական կազմակերպություն դառնալու ճակատագիր:

գ) Սահմանադրության եւ այս սկզբունքային հարցերի շուրջ կուսակցությունն այդպես էլ չհստակեցրեց իր դիրքորոշումը՝ դառնալով երկուստեք զավեշտների առարկա՝ իշխանություն- ընդդիմություն՝ «այո-բայց», «ոչ-բայց»։

դ) ՀՌԱԿ-ը լինելով ինքնավար կառույց, մինչեւ վերջ չձերբազատվեց ՌԱԿ-ին հետեւելու բարդույթից, «կրտսեր եղբոր» վարքագծից։

ե) Դժգոհությունների ակունքը ոչ միայն ՀՌԱԿ ՀՎ անդամներն են, այլեւ սկզբնական կազմակերպությունները: Այսպես` Էջմիածնի եւ Մասիսի ակումբներից շատերը առժամանակ դադարեցնում են իրենց կուսակցական գործունեությունը: Այս ամենն էլ հիմք դարձավ ՀՌԱԿ վարչության ընդդիմադիր անդամների ինքնուրույն նիստի գումարման, որի ընթացքում ընտրվել է ժամանակավոր ատենապետ՝ Գագիկ Օհանյանը, եւ հղվել օգոստոսի 30-ին Կիպրոսում բացված ՌԱԿ համագումարին։ «Ընդդիմադիրներն» իրենց հերձվածող չեն համարում, այլ բարենորոգիչ։ Թեեւ «Ազգ» թերթի տեղեկատվական հրապարակումից տպավորություն ստեղծվեց, թե ՀՎ մեծամասնությունը զորակից է Ռ. Միրզախանյանին՝ կուսակցության կանոնադրության հոդվածների վկայակոչումով։ Սակայն հոդվածների առումով, ըստ երեւույթին, շփոթ է տեղի ունեցել, որովհետեւ 7-րդ եւ 92–րդ հոդվածներով հնարավոր չէ կասեցնել «ընդդիմությունը»: Բացի այս՝ պաշտոնական հայտարարության մեջ նշված վարչության անդամներից չորսը հանրապետությունում չեն, մտավախություն կա, թե վերջիններս կարող էին քաջատեղյակ չլինել նախաձեռնությանը: Ուստի կանոնադրական խախտումների մեղքը դյուրավ շահարկելի է: Ինչեւէ: ՀՎ անդամները զգուշավոր են մամուլի հետ հարաբերություններում՝ «Իմ տունն իմ ամրոցն է» նշանաբանով: Նորընտիր ատենապետը լուրջ բանակցությունների մեջ է՝ թնջուկն անաղմուկ, վայելուչ լուծելու հաստատակամությամբ՝ խուսափելով հրապարակային պարզաբանումներից, «թավշյա անցման» ռամկավարական նախընտրելի տարբերակով։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930