Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ճեպեճյան. Հայաստանը մեր լինելիության վեմն է…»

Օգոստոս 31,1995 17:31
aknabuj

– Գիտեմ, որ Հալեպում հիմնել եք ժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական մասնագիտացված կենտրոն, որին հալեպցիները պարզապես անվանում են «Ճեպեճյան ակնաբուժարան»։ Ինչո՞ւմն է կայանում նրա առաքելությունը։

– Մեզ մոտ կատարվում են աչքի բարդ վիրահատություններ, այդ թվում աչքի ցանցաթաղանթի հերձում, կատարախտի ամբողջական արտահանում, որկորային նեղացումների երկարատեւ բուժում, ծռված թարթիչները վերականգնող վիրահատություններ եւ շլության ուղղաշտկում։

– Դուք 48-ից ֆրանսիական ակնաբուժական ընկերության անդամ եք, իսկ 65-ից ղեկավարում եք սիրիական ակնաբուժական ընկերությունը։ Ձեր 35 գիտական ուսումնասիրությունները եւ շուրջ 45 ակնագիտական հրապարակումները տպագրվել են աշխարհի բազմաթիվ երկրների բժշկական հանդեսներում։ Ունե՞ք Ձեր երազանքը։

– Ցանկանում եմ իմ գիտական ողջ փորձն ու մասնագիտական հմտությունն ի սպաս բերել իմ Հայրենիքի հզորացմանն ու ամրապնդմանը, իմ ժողովրդի բարօրությանն ու առողջության հայրենանվեր գործին։

– Դուք ունեք նաեւ երկրորդ նախասիրություն, դա գեղանկարչությունն է:

– Այո։ Ստեղծագործական իմ արվեստանոցում այսօր տեղ են գտել տարբեր տարիներին արված բազմաթիվ բնանկարներ ու դիմանկարներ, նատյուրմորտներ ու կոմպոզիցիաներ։ Իսկ նկարչության հանդեպ իմ մեջ առաջինը սեր արթնացրեց իմ սիրելի ուսուցիչը՝ սփյուռքահայ ճանաչված գեղանկարիչ Արմիսը (Արմենակ Միսիրյանը):

– Իսկ արվեստի նկատմամբ Ձեր սերն որտեղի՞ց է գալիս։

– Երբ փոքր էի, իմ հայրական օջախը, որն իրավամբ անվանում էին «արվեստագետներու եւ մտավորականներու հյուրանոց», միշտ հյուրընկալ էր ժամանակի անվանի արվեստագետներով։ Եվ Հալեպ այցելած յուրաքանչյուր արվեստագետ անպայման պետք է իջեւաներ մեր տանը։ Գուցե այդ տարիքից իմ մեջ ծնվեց սերն ու համակրանքը դեպի գեղեցիկը։

– Այդ կապն այսօր էլ կա՞ արվեստագետների հետ։

– Այո։ Ինքս եմ հաճախ Հալեպ հրավիրել մեծանուն գեղանկարիչներ՝ Գառզուին, Սարուխանին, Բյուզանդ Թոփալյանին, Աշոտ Զորյանին, Փոլ Կիրակոսյանին, Զավեն Խտշյանին, Վազգեն Թյությունջյանին, Տիրանին…

– Ձեր բարեգործական բազմաթիվ ձեռնարկների մեջ, ինչ խոսք, առանձնանում է Հալեպում հիմնադրված Մարտիրոս Սարյանի անվան նկարչական ակադեմիան։ Ինչպե՞ս ձեռնարկեցիք այդ շնորհակալ աշխատանքը:

– 55-ին պրոֆեսոր Զարե Գաբելյանի գործակցությամբ եւ Հալեպի Հայ բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ հիմնեցինք այդ ակադեմիան, որը շատ շուտով մեծ ճանաչում գտավ թե՛ Սփյուռքում, եւ թե՛ Մայր Հայաստանում։ Այս տարվա հունվարին նշվեց կրթօջախի հիմնադրման 40-ամյակը։ Ասեմ, որ այդ ժամանակաշրջանում ակադեմիայի սաներից մոտ երկու տասնյակի հասնող շրջանավարտներ այսօր դարձել են պրոֆեսիոնալ արվեստագետներ եւ ճանաչված դեմքեր Սփյուռքի մեջ։

– Դուք նաեւ կատարել եք դժվարին, միաժամանակ շնորհակալ աշխատանք՝ կազմել եք Սփյուռքի հայկական գաղթօջախների հասցեացանկ։ Ինչպե՞ս նախաձեռնեցիք այդ գործը:

– «Ո՞վ է նա» ժողովածուն, ուր տեղ է գտել այդ հասցեացանկը, հնարավորություն է տալիս արտաքին հայ աշխարհը կապելու ներքին հայ սփյուռքին։ Այն առձեռն տեղեկատուի տեսքով ընդգրկում է համայն Հայ Սփյուռքը։ Նրանում տեղ են գտել ինչպես սփյուռքահայ անվանի մարդկանց, այնպես էլ սփյուռքահայ տարբեր հաստատությունների անվանումներն ու հասցեները։

– Հայաստանը Ձեզ համար պարզապես Հայրենի՞ք է:

– Մեր լինելիության վեմն է։

– Իսկ Հայրենի հո՞ղը։

– Մեր պատվանդանը։

Հարցազրույցը վարեց Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Հալեպ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031