Վերջերս տեղական թերթերից մեկում կարդացի չափազանց հետաքրքիր մի հրապարակում. պարզվում է Ջերմուկ առողջարանի մերձակայքում ֆերմերներին տհաճության են պատճառում անսովոր չափով բազմացած դաշտամկները: Պատճառներից մեկն էլ այն է, որ զգալիորեն քչացել են գիշատիչ թռչունները: Վերջիններիս՝ արծիվներին եւ ճուռակներին, պարզվում է, որսում են եւ մաքսանենգ ճանապարհով տանում որոշ արաբական երկրներ, որտեղ վաճառում են 10 հազար դոլարով։ Ինչքան հեռու՝ այնքան թանկ: Նշվում էր, որ հազվագյուտ տեսակի թռչուններ անտառների հատումներից հետո չվել են Հայաստանից, իսկ փոխարենը շատացել են կաչաղակներն ու ագռավները։ Իսկ հանրապետության միակ շրջանում՝ Տավուշում, որտեղ բույն է դնում Կարմիր գրքում գրանցված սեւ արագիլը, ինչ–որ մեկը լուր է տարածել, թե յուրաքանչյուր նման թռչնի դիմաց պետությունը պատրաստ է տալ 600 լիտր բենզին: Գյուղացիներից մեկն էլ լուրջ է ընդունել եւ այժմ թռչնորսին սպառնում է բանտարկություն եւ խոշոր չափերի տուգանք: Ես շատ փնտրեցի այն կենդանաբանին, ում վկայակոչել էր թղթակիցը, բայց այդպես էլ չգտա: Եվ այդ պատճառով մեկնաբանելու խնդրանքով դիմեցի իմ հին ծանոթին՝ բնապաշտպան եւ կենդանաբան Հրաչիկ Ղազարյանին, ով ժամանակին, ինչպես ասում են, ոչ միայն լայնքով ու երկայնքով կտրել անցել է ողջ Անդրկովկասն ու Կովկասյան մեծ լեռնաշղթան, այլեւ ամիսներով արշավախմբով եղել Անդրբեւեռում, Սիբիրում, Հեռավոր Արեւելքում:
– Հրաչիկ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, թե Հայաստանից զանգվածաբար մաքսանենգ ճանապարհներով դուրս են տարվում գիշատիչ թռչունները:
– Ոչ միայն Հայաստանից, այլեւ ԱՊՀ մյուս երկրներից նույնպես տանում էին ճուռակների ընտանիքի թռչուններ, առաջին հերթին՝ բազեներ եւ ոսկեգույն արծիվներ (բերկուտներ): Այժմ, ճիշտն ասած, չգիտեմ վիճակն ինչպես է: Այդ թռչունները որսի ժամանակ օգտագործում են շեյխերը, բնականաբար, այդ հաճույքը մատչելի է միայն ամենահարուստներին։ Հատկապես թանկ է գնահատվում որսկան թռչուններից ամենախոշորը՝ ոսկեգույն արծիվը (բերկուտը): Դրանցով հնարավոր է ոչ միայն փասիան եւ նապաստակ որսալ, այլեւ՝ գայլ։ Տարիներ առաջ Հայաստանից այդ թռչունները տանելու փորձեր արվեցին, բայց գործը ձախողվեց։ Քանզի այդ մարդիկ գուցեեւ մաքսանենգության մեջ արհեստավարժ էին, բայց թռչնաբանությունից ոչինչ չէին հասկանում եւ այդ թռչունները արաբ հարուստ պատվիրատուներին չհասած՝ սատկում էին։ Նույնիսկ այսպիսի դեպք է եղել. «ապրանքը» ողջ-առողջ տեղ են հասցրել, բայց պարզվել է, որ բոլորովին էլ այն չէ, ինչ պահանջվում էր… Այնպես որ, այստեղ այդ բիզնեսը մեռավ։ Եվ հետո, այժմ արդեն մաքսատունը նույնը չէ, ինչ տարիներ առաջ։
– Իսկ ճի՞շտ է, որ վերջին տարիներին Հայաստանից բոլոր թռչունները չվել են, մնացել են միայն ագռավներն ու կաչաղակները։
Կարդացեք նաև
– Ես չէի ասի: Երեւանի մերձակայքում Արմաշի ձկնատնտեսության ստեղծումով, որն ի դեպ, Անդրկովկասում ամենախոշորն է, այստեղ հայտնվեցին հազվագյուտ թռչուններ՝ վարդագույն հավալուսնի, վարդաթեւիկի, սուլթանահավի, ջրագռավի, գորշ բադերի, շիկագույն ձկնկուլի երամներ։
– Խոսում են, թե իբր, տեղի բնակիչները՝ դժգոհ այդ թռչունների հայտնվելուց, որոնք մաքրազարդում են նրանց ձկնատնտեսությունները, պարբերաբար սպասում են դրանց։
– Դա այնքան էլ ճիշտ չէ: Եթե հաջողեցնում են, սպանում են վարդաթեւիկները. թեեւ այդ թռչունները ձկնակեր չեն, այլ սնվում են պլանկտոններով։ Ուղղակի տեղացիները իրենց դուստրերին վարդաթեւիկի փետուրներից ներքնակ օժիտ տալը առանձնահատուկ շքեղություն են համարում: Ես Արմաշի ձկնատնտեսությունում 4 տարի աշխատել եմ, մենք թռչուններին փախցնելու հատուկ համակարգ էինք ստեղծել։ Եթե արհեստական լճակին «նախաճաշելու» նպատակով 500 վարդագույն հավալուսնի մի երամ մոտենա, ապա նկատի ունեցիր, որ նվազագույնը 1 տոննա ձուկ կպակասի: Եթե կրակոցով վախեցնես, կմոտենան հարեւան լճակին։
– Եվ գտա՞ք նրանց դեմ պայքարի գործուն միջոց:
– Ձայնային եւ լուսային ազդանշանների մի ամբողջ համակարգ մշակեցինք։ Բայց հավալուսնը բոլորից շատ խրտնում է հրացանավոր որսորդի՝ մոմե կամ գիպսե արձանիկից։ Իսկ ահա ճայերը դրանցից բոլորովին չեն վախենում, արդեն մեկ շաբաթ անց, նստում են այդ «որսորդների» ուսերին եւ իրենց բնական պետքը հոգում: Թեեւ, այժմ Արմաշի լճակներում հավալուսներ արդեն չկան։
– Ձե՞ր շնորհիվ։
– Ո՛չ, կարծում եմ Սադամ Հուսեյնի :
– Ո՞ւմ, ո՞ւմ:
– Այդ թռչունները, հավանաբար, մեզ մոտ էին թռչում այդ երկրներից։ Քուվեյթի պատերազմից հետո, երբ այրեցին հորատանցքները եւ նավթը լցվեց ծովը, վարդագույն հավալուսները վերացան։ Մի քանի տասնյակ ողջ մնացածները թռան եկան՝ տանջված, նավթոտված։ Ուժասպառ տեղ հասան եւ այստեղ սատկեցին։ Ահա, այսպիսի տխուր պատմություն եղավ։
Վարդան ԱԼՈՅԱՆ