Եթե ռուսական ազգային գիտակցության մեջ «ուժեղ իշխանություն», «արդարություն», «ուժեղ ղեկավար», «ազգային առաքելություն» կատեգորիաները կատարելապես իշխող էին, ապա եվրոպականում դրանք չնայած առկա էին, սակայն հակակշռվում էին «ազատության» գաղափարի հետ, որի հիմքում Եվրոպական անհատապաշտական ավանդույթն էր։ Այսպիսով, դեմոկրատական համակարգը եվրոպական «օրգանիզմի» վրա կառուցվել է այդ կատեգորիաների հավասարակշռման հետեւանքով։ Ասենք՝ ազատության ու արդարության իդեալները Եվրոպայում կերպարանափոխվեցին համապատասխանաբար՝ լիբերալիզմի եւ սոցիալիզմի։ Թեեւ ամեն մեկը սրանցից փորձում էր բացարձակորեն տիրել մյուսին, պայքարի արդյունքում դատավորի պահանջ ծագեց, որն էլ սկսեց իրագործել դեմոկրատիան։
Բոլորովին այլ հիմքի վրա է Ռուսաստանի զարգացումը: Ռուսաստանը երբեք անհատապաշտական ավանդույթներ չի ունեցել։
Եկեղեցին Եվրոպայում սահմանափակում էր աշխարհիկ իշխանության ազդեցությունը, պահանջելով, որպեսզի հոգեւոր կյանքը չվերահսկվի պետության կողմից։ Ռուսաստանում, հատկապես Պետրոս Առաջինի բարեփոխումների հետեւանքով, եկեղեցին դարձավ պետության կցորդ:
Ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանը այդպես էլ չունեցավ Վերածննդի ու Ռեֆորմացիայի ժամանակաշրջաններ։ Ի տարբերություն բողոքական ու կաթոլիկ եվրոպական երկրների, Ռուսաստանում շատ թույլ էր զարգացած նույնիսկ անհատապաշտական բարոյախոսությունը։ Մասնավորապես ուղղափառությանը խորթ են քավարանը, անհատական մեղքը կամ անհատական ապաշխարությունը։
Կարդացեք նաև
Ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանի «կողքից անցավ» նաեւ ողջ «լուսավորչական» ժամանակաշրջանը։
Ռուսաստանում չզարգացավ նաեւ կապիտալիզմը՝ իր մասնավոր ձեռներեցությամբ։
Այդ իմաստով դեմոկրատիայի կառուցումը Ռուսաստանում ունի զգալի սահմանափակիչ հանգամանքներ։
Ոմանք կարող են հակաճառել. չէ՞ որ քրիստոնեությունն ու սոցիալիզմը նույնպես առաջացել էին Եվրոպայում։ Ե՛վ քրիստոնեության, ե՛ւ սոցիալիզմի հիմքում ընկած էր մարդ-անհատի ազատագրումը: Առաջինի նպատակը մարդուն իր նյութականացված կրքերից ազատագրումն էր, իսկ երկրորդը առաջ էր մղում, այսպես կոչված, «շահի գաղափարը», որի փնտրտուքը ընթանում էր դասակարգայինի միջոցով։ Ռուսական օրգանիզմը կարողացավ մարսել այդ գաղափարախոսությունները։ Ինչո՞ւ։ Թեեւ քրիստոնեության հիմքը «մարդն Աստծո կերպար է, ուրեմն՝ բացարձակ արժեք է» վարդապետությունն էր, բայց այն չէր հակասում ռուս ժողովրդի կոլեկտիվիստական գիտակցությանը, ավելին՝ քրիստոնեական հավասարության ու խղճի գաղափարները, ներարկվելով ռուսական գիտակցության մեջ, նոր լիցք էին տալիս «ուժեղ իշխանության» եւ «ազգային առաքելության» ռուսական գիտակցությանը։
Ռուսական ուղղափառությունը դարձավ ռուս մարդու «ամենաարդարացի քրիստոնեական հավատը», որը ինքը, այսինքն՝ ռուս ժողովուրդը, ողջ աշխարհում տարածելու առաքելությունն ունի՝ հանուն աշխարհի բոլոր ժողովուրդների երջանկության։ Այդ խնդիրը լուծելու համար, բնականաբար, անհրաժեշտ էին՝ «բացարձակ ուժեղ պետություն եւ բացառիկ լիազորություններով օժտված հայր-թագավոր»։ Ինչպես տեսնում ենք, քրիստոնեությունը ոչ թե խոչընդոտեց, այլ նույնիսկ նպաստեց ռուսական ազգային ձգտումներին։ Չէր հակասում ռուսական ազգային ըմբռնումներին նաեւ սոցիալիզմի գաղափարը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո կրոնի դերը Եվրոպայում կտրուկ նվազեց, մարդկությունը մտավ, այսպես կոչված, «գաղափարախոսությունների դարը»։
Ռուսական ազգային օրգանիզմին խորթ էր դեմոկրատիան, ազգային գիտակցությունը այն ընկալում էր որպես «քաոս», «անիշխանություն»։ Այդ իմաստով 1917-ի փետրվարյան դեմոկրատիան Ռուսաստանում բնութագրվում է որպես անցումային փուլ ռուսական ազգային «հին-քրիստոնեական» գիտակցությունից դեպի «նոր-սոցիալիստականը»։
«Բացարձակ ուղղափառ քրիստոնեական արդարություն ու հավասարություն» հին գաղափարը կերպափոխվեց նորով «սոցիալիստական արդարությամբ ու բացարձակ հավասարությամբ»:
Հին «ուղղափառ իդեալը» կերպափոխվեց նոր «կոմունիստական իդեալով»։
Հին «ուղղափառ քրիստոնեական խիղճը»՝ նոր «հեղափոխական գիտակցությամբ»։
Հին «ռուս ուղղափառ ժողովրդի առաքելության» գաղափարը կերպափոխվեց նոր «ռուսական պրոլետարիատը աշխարհի ամենաառաջավոր պրոլետարիատն է եւ առաքելություն ունի ազատագրելու ողջ աշխարհի աշխատավորներին կապիտալիզմի լծից» գաղափարով։
Հին «ռուսական հայր-ցարի» գաղափարը կերպափոխվեց նոր «ժողովուրդների ուսուցչի առաջնորդի ու հոր» գաղափարով։
Այսպիսով, 1917-ի հոկտեմբերին փոփոխվեցին միմիայն ազգային գիտակցության ու նպատակների ձեւերը, սակայն ոչ էությունը։
Իսկ 1917-ի փետրվարից մինչեւ հոկտեմբեր գոյություն ունեցող դեմոկրատիան, այդ «փոփոխության» համար լոկ անհրաժեշտ պայման էր, որի ընթացքում փլուզվեցին բոլոր «հին»– կառույցները եւ ստեղծվեցին բոլոր «նորերը»։ Այսպիսով, այդ կարճաժամկետ դեմոկրատիան Ռուսաստանում ընկալվեց որպես «անցումային փուլ», ոչ թե հիմնական կեցության ձեւ…
Երվանդ ԲՈԶՈՅԱՆ