– Սիրելի երգչուհի, բարո՛վ եք վերադարձել Ձեր տունը:
– Շնորհակալություն։ Բարո՛վ տեսնվեցինք:
– Ուզում եմ վերադարձի Ձեր առաջին հարցազրույցը սկսել Լոս Անջելեսում կայացած Ձեր հրաժեշտի մենահամերգի ազդագրով. «Քելե, լաո, քելե էրթանք մըր էրգիր…»: Ինչո՞ւ այդպես անվանեցիք։
– Պատահական չէր այդ ընտրությունը։ 4 տարի ապրեցի հայրենիքից հեռու, Ամերիկայում, ունեցա 2 զավակ (աղջիկ եւ տղա): Եվ ահա վերջապես երազանքս կատարվել էր. իմ երեխաների հետ վերադառնում էի տուն։ Ի՜նչ կա ավելի խոսուն, քան այս զգացումը մոր համար, իմ լաոներին օտարությունից վերադարձրի Մայր Հայաստան։ Այնպես որ՝ մենահամերգիս անվանումն ու բովանդակությունը միահյուսվել էին միմյանց։
Կարդացեք նաև
– Իսկ ինչպե՞ս ընդունեցին Ձեր հրաժեշտի ելույթը հայրենակարոտ մեր հայրենակիցները։
– Աննկարագրելի է։ Հատկապես մենահամերգիս եզրափակիչ մասը, երբ եկեղեցու 1000-տեղանոց մեծ սրահում, ուր, ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար, «Քելե, լաո…» երգի վերջին հնչյուններին ինձ միացավ փոքրիկ սրնգահարը եւ մենք միասին դանդաղ շարժվեցինք դեպի… Էրգիր։ Անկարող եմ նկարագրել այդ պահը. ամբողջ դահլիճը մի մարդու պես ոտքի կանգնեց եւ արցունքախառն հեծկլտոցով ուղեկցեց մեզ դեպի եկեղեցու մուտքը… Այդ օրը խորապես զգացի կարոտախտ հիվանդությունը…
– Այնուամենայնիվ, ի՞նչ է կարոտը:
– Կարոտը միայն զգում ես հողիցդ հեռու։ Կարոտը քո մա¬տանին է, որ միշտ քեզ հետ է, ուր էլ գնաս։
– Անկեղծ ասած, զարմանալի է. այս դժվարին օրերին շատերն են լքում Հայաստանը, իսկ Դուք վերադարձաք..
– Ես վերադարձա այն գիտակցումով, որ ուզում եմ մասնակից լինել դժվար գործի, որ կոչվում է Հայրենիք կառուցել։ Այսօր առավել եւս, քան երբեւէ, արվեստի մարդիկ շատ են պետք Հայրենիքին։ Իսկ հայ երգչուհին անպայման պետք է հոգեւոր սնունդ ստանա Մայր Հողից, այլապես կամաց-կամաց այն, ինչ-որ տարիների ընթացքում ձեռք է բերել, հասել ինչ-որ ստեղծագործական բարձունքի, մեկ վայրկյանում կարող է կորցնել։
– Իսկ երբեւէ հպարտության զգացում ունեցե՞լ եք օվկիանոսից այն կողմ, որ հայ եք:
– Անշուշտ։ Մանավանդ, երբ լսում էի, որ աշխարհի տարբեր վեհաժողովներում եւ միջպետական հանդիպումներում մեր հայրենիքը ներկայացնում են ինչպես մեր ազգընտիր նախագահը, այնպես էլ տարբեր նախարարներ, դեսպաններ։ Սա ամեն մի հայի դարավոր երազանքն էր, որ վերջապես կատարվեց։
– Դուք լավատե՞ս եք։
– Այո։ Ես հավատում եմ, որ օր-օրի մեր նորանկախ պետությունն ավելի կամրանա, կզորանա։
– Արդարացնո՞ւմ եք այն արվեստագետներին, որոնք հեռանում են Հայաստանից։
– Գիտե՞ք ինչ, արվեստագետներն ազատ են, կարող են աշխարհով մեկ շրջել, ժամանակավորապես բնակվել որեւէ երկրում, բայց միեւնույն է, նրանց միակ ճանապարհը նորից վերադարձ է դեպի Հայրենիք։ Այդպես եղել է եւ այդպես կլինի միշտ։
– 4 տարիների ընթացքում Լոս Անջելեսում 5 մենահամերգ եք տվել։ Այժմ պատրաստվո՞ւմ եք մենահամերգով հանդես գալ հայրենի հանդիսատեսի առջեւ։ Չէ՞ որ նա երկար է սպասել Ձեզ…
– Անպատճառ։ Սեպտեմբերին պատրաստվում եմ մենահամերգով հանդես գալ իմ պաշտելի ծննդավայրում՝ Գյումրիում: Այնուհետեւ համերգային շրջագայությանս մյուս հանգրվանը կլինի Արցախը։
– Իսկ մինչ հանդիպելը՝ ի՞նչ կուզենայիք ասել մեր ժողովրդին։
– Ոչ թե ասել, այլ խոնարհվել նրա տոկունության, համբերության, խելամտության եւ հերոսության առջեւ։ Իսկ որպես բարի գալուստի խոսք, ուզում եմ բոլորին ասել. ես Ձեզ սիրում եմ։ Ես ապրում ու ստեղծագործում եմ ձեզնով ու միայն ձեզ համար։
– Վերջում, որպես գաղտնիք ասեմ, որ այս հարցազրույցը թվով 150-րդ «Առավոտյան հանդիպումն» է:
– Շնորհավորում եմ…
Հարցազրույցը վարեց՝ Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ