Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1». Փորձությունների դաշտ

Օգոստոս 26,1995 16:30

«Ա1» անկախ հեռուստաընկերության եւ սահմանափակ պատասխանատվության ընկերության շուրջ հյուսվում է արդեն բանահյուսությունը՝ դատաիրավական, ֆինանսաարտադրական եւ քաղաքական սյուժեներով։ Իսկ փաստերի զարգացումը հանգել է հետեւյալին. Ա) «Ա1»-ի տնօրեն Սեսրոպ Մովսիսյանին աշխատանքից հեռացնելու «Սիգլ» կոնցեռնի նախագահի օգոստոսի 7-ի թիվ 23 հրամանը չեղյալ է հայտարարված ստորագրողի կողմից։ Մի նոր հրամանով, թվագրված 10.08.1995թ., Մեսրոպ Մովսիսյանի գործունեությունը համարվում է կասեցված։ Այսինքն՝ «Սիգլ» կոնցեռնի տնօրենը դատախազության եւ իրավունքի տրամաբանության ճնշման ներքո փորձում է օրինականացնել իր քայլերը։ Այս կապակցությամբ Մ. Մովսիսյանը փաստեց. «Տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում, ինչպես կարելի է օգոստոսի 21-ին ետին թվով հրաման ընդունել՝ ամսի 10-ի համար։ Դիտորդների կազմը որոշելը եւ խորհուրդ հավաքելը ձեւական անհեթեթություն է, որը արձանագրվեց նաեւ դատախազության կողմից»։

Բ) Ստեղծված վերստուգիչ հանձնաժողովը բաղկացած է միայն «Սիգլ» կոնցեռնի ներկայացուցիչներից, «Ա1»-ի կազմից ոչ ոք ընդգրկված չէ, նոր հրամանով այնտեղ նշվում են միայն պրն Մովսիսյանի եւ հաշվապահի անունները, բայց որպես պատասխանատու եւ հանձնող կողմ։ Մինչ այս՝ 5 տարի անընդմեջ, ոչ մի ստուգում չի կատարվել, ուստի ֆինանսական եւ արտադրական խախտումների վկայակոչումը անհիմն է։ Մ. Մովսիսյանը հրաժարվում է ներկայանալ այդ հանձնաժողովին առանց դատախազության աշխատակիցների, քանի որ ոչ մի երաշխիք չկա, թե իր բացակայության ժամանակ փակված եւ կնքված աշխատասենյակներում շահագրգիռ անձանց կողմից տարբեր «սրբագրումներ եւ խմբագրումներ» չեն կատարվել՝ կապված փաստաթղթերի եւ արժեքավոր սարքավորումների հետ։ Նման գույքագրման արդյունքները խիստ աչառու են։ Դատախազությունը խոստացել էր օգոստոսի 21-ից զբաղվել այս հետաքննությամբ, սակայն չի զբաղվում։ Նման ձգձգումը, թերեւս, հետեւանքն է ուժերի կամ փաստերի դասավորությունը ճշտելու։

Գ) Լեւոն Գեւորգյանը պարբերաբար խոչընդոտել է «Ա1»-ի աշխատանքներին՝ խախտելով Հիմնադիր պայմանագրի 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.5 կետերը։ Դեռեւս հունիս ամսին Մ. Մովսիսյանը դիմումով առաջարկել է փայատիրական բաժանում, որի արդյունքում «Ա1»-ը դուրս կգար «Սիգլի» կազմից, այդ դիմումը Լեւոն Գեւորգյանը պարզապես պատռել է։ Կոնցեռնի նախագահի ընդհանուր գործունեությունը բնորոշելու համար վկայակոչվեց ընդամենը մեկ փաստ. 1992 թվականից կոնցեռնում ընդգրկված 20 ձեռնարկություններից առ այսօր գործում են «Թեչ» ապահովագրական-բաժնետիրական ընկերությունը եւ «Ա1»-ը, վերջինիս հանդեպ «Սիգլը» իր կանոնադրական խնդիրները չի իրականացնում։ Այսօր դա հատկապես ակնառու է սպորտի եւ տեղեկատվության բաժինների վերաբերմամբ, որոնց աշխատանքները լիովին կազմալուծված են։ Խախտվում են պայմանագրերը եւ «Ա1»-ի պետական տուգանքների թիվն ահագնանում է։ Ըստ Հիմնադիր պայմանագրի 9-րդ կետի. «Այն մասնակիցը, որն իր գործունեությամբ խոչընդոտում է Ընկերության խնդիրների իրականացմանը, կարող է հեռացվել Ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ։ Ընդսմին մասնակիցը (կամ նրա ներկայացուցիչը) քվեարկությանը չեն մասնակցում»։

«Ա1» ՍՊԸ-ի կոլեկտիվ ժողովը փաստում է «Սիգլ» կոնցեռնի կազմից դուրս գալու իր հաստատակամությունը։ Դրան զուգահեռ՝ օգոստոսի 22-ին կոլեկտիվը կազմել է ակտ. դատախազության աշխատակիցների առաջ խոստանալով գալ եւ բացել կնքված սենյակները՝ «Սիգլը» հերթական թյուրիմացության մեջ է գցել նրանց։ Այնինչ «Սիգլի» կողմից նշանակված «նոր տնօրեն» Գեղամ Վասիլյանը, առանց համապատասխան իրավական լիազորությունների, ներկայացել է հեռուստապետվարչության հաշվապահություն՝ այնտեղից պահանջելով շտապ իրեն փոխանցել «Ա1»-ին

հասանելիք գումարը (հեռուստավարչություն 11 մլն պարտք ունի «Ա1»-ին): Իսկ նրա յոթնօրյա եթերի գայթակղիչ խայծը պրն Մովսիսյանը որակեց իբրեւ մասնագիտական անիրազեկություն. «Այսօրվա վիճակով «Ա1»-ի հզորությունը յոթ օր չի կարող ապահովել»:

Դ) Հեռուստատեսության ղեկավարությունը, տեղեկանալով այս փորձություններին, օրեցօր հետաձգում է դրամական փոխանցումները եւ պարտքերի մարումը, անվստահություն է հայտնվում  ողջ հեռուստաընկերության ապագայի հանդեպ։ «Ա1»-ի 120 աշխատակիցների պայմանագրերը խախտվել են, իսկ հեռուստադիտողնեոը՝ զրկվել ծրագրերի ընտրության հնարավորությունից:

Զ) «Ա1» հեռուստաընկերությունը «Միջազգային հեռարձակման համակարգի» անդամ է, ուստի նրա շուրջ ծավալված այս խառնաշփոթը տագնապ է հարուցել արտասահմանյան գործընկերների շրջանում։ «Միջազգային հեռարձակման համակարգի» նախագահը, նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսական է, անարդար հանգուցալուծման դեպքում, պրն. Մովսիսյանի հավաստմամբ,  անպայմանորեն  միջամտելու է ամենաբարձր ատյաններից։ Ակնհայտ է «Սիգլի» միտումը օգտագործել «Ա1»-ի ձեռք բերած հեղինակությունը եւ կարգավիճակը, դրանից բխող բոլոր ֆինանսաարտադրական հնարավորություններով հանդերձ՝ հանուն սեփական  հայեցողությամբ   հեռուստածրագրեր ստեղծելու։ Իսկ սա անընդունելի է «Ա1»-ի ողջ կոլեկտիվի համար. ամեն ոք պիտի հարթի իր ճանապարհը, ստեղծի իր անունը եւ ոչ թե սեփականի այլոց աշխատանքով հարթված ու ճանաչված գործունեության դաշտը։

Այս ամենը գործնական կողմի վերաբերմամբ, դրան  զուգահեռ «Ա1»-ի տնօրենը 4-րդ իշխանություն կոչվող եղբայրակցությանը  իր  շնորհակալության  խոսքը հղեց. «Պարզ չէ՝ ինչպես կլուծվի այս հարցը, բայց ես շատ շնորհակալ եմ այն բոլոր լրագրողներից, թերթերից, որոնք մեծ ուշադրություն ցուցաբերեցին այս թնջուկի հանդեպ, եւ դժվար օրերին մեզ թիկունք կանգնեցին։ Մենք եղանք այն ազդակը, որը բոլոր լրագրողների մեջ համերաշխություն ծնեց, եւ նրանք սկսեցին պաշտպանել ոչ միայն «Ա1»-ի, այլեւ բոլորիս միասնական շահերը»։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031