Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունու անավարտ մենախոսությունը

Օգոստոս 26,1995 15:05

Երեկ «Դրո»-ի դատավարությունն անսպասելի «սկզբնախաղ» ունեցավ։ Ամբաստանյալ Արմենակ Զաքարյանի հոնքի վերեւում նշմարված վնասվածքը պատճառ դարձավ մեղադրյալների ծնողների եւ ազգականների բուռն դժգոհությանը: Նրանք հանգստացան միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ վնասվածքի պատճառը մեկուսարանից  դատարան փոխադրող ավտոմեքենայի անհաջող արգելակումն է, եւ բոլոր ամբաստանյալները դա կարող են հաստատել։ Հուզմունքը վերջնականապես հանդարտվեց, երբ նախագահող Մանուկյանը խոստացավ Ա Զաքարյանի մորը տեսակցություն կազմակերպել իր տղայի հետ։ Չկա չարիք առանց բարիք։

Այնուհետեւ փաստաբան Սահակյանը դժգոհություն հայտնեց մեր թերթի որոշ ձեւակերպումների վերաբերյալ։ Սակայն նիստից հետո նա ինձ ասաց, որ միջադեպը սպառված է համարում։

Նիստի ամբողջ մնացած ժամանակը գրավեց Արսեն Արծրունու մենախոսությունը։ Նա շարունակեց պատմել, թե ինչպես էր ցուցմունք տվել նախնական քննության ժամանակ: Պատմության էությունը, ինչպես եւ առաջ այն էր, որ գործն ամբողջությամբ սարքված է եւ նպատակ ունի վարկաբեկել Դաշնակցությանը:

Այդ նպատակին հասնելու համար քննիչները ստիպում էին նրան հանցագործությունների կազմակերպման խոստովանություններ ստորագրել եւ ցուցմունքներ տալ մյուս ամբաստանյալների դեմ։ Նրանց, իրենց հերթին, ստիպում էին ցուցմունքներ տալ Արծրունու դեմ։ Քննության ամբողջ ընթացքը, մեղադրյալի շարադրմամբ, ներկայացվեց որպես խոստովանությունների եւ դրանց դրժումների շարան։

Սակայն, Արծրունու տեսակետից, մեղադրող կողմի սցենարը այնքան էլ հարթ չէր ընթանում։ Այդպես, քննության սկզբին նրան ստիպեցին խոստովանել, որ «Դրո» կառույցի ղեկավարն էր Գագիկ Սահակյանը։ Արծրունին բերեց նաեւ օրինակներ, որոնք վկայում էին նշված սցենարի հակասության եւ անտրամաբանության մասին։ Մասնավորապես նա ասաց, որ եթե նույնիսկ ապահովական խորհրդի նման կազմակերպություն գոյություն

ունենար կուսակցության մեջ, ապա նա, չլինելով ոչ Ղարաբաղյան շարժման, ոչ էլ Դաշնակցության ակտիվիստ, չէր կարող լինել այդ կառույցի անդամը։ Նա անտրամաբանական համարեց նաեւ, որ Հրանտ Մարգարյանը միայն իր, իբր Արծրունու կողմից ներկայացված զեկույցի հիման վրա, շրջանցելով կուսակցության մեջ ընդունված բոլոր կարգապահական նորմերը, միանձնյա որոշում ընդուներ մոտ ընկերոջ սպանության մասին։

Արծրունին    խոստովանեց, որ, տեսնելով իր անելանելի վիճակը, հաճախ միտումնավոր կերպով հակասական ցուցմունքներ էր տալիս, նպատակ ունենալով դատավարության ժամանակ ապացուցել դրանց անտրամաբանությունը։ Մի շարք նման հակասություններ նա ներկայացրեց իր պատմության մեջ։ Սակայն Արծրունին հայտարարեց, որ կարող է բերել բազմաթիվ այլ փաստեր, որոնք հաստատում են իր դիրքորոշման ճշմարտացիությունը, եթե նրա տրամադրության տակ լինեն իր կողմից պահանջված փաստաթղթերն ու նյութական ապացույցները։ Վերջում նա ասաց, որ չի կարող հարցերին լիարժեք պատասխաններ տալ, եթե նրա պահանջը չկատարվի։ Նա խնդրեց նաեւ, որ իրեն թույլ տան երկարատեւ խորհրդակցություն անցկացնել դատապաշտպանի հետ։ Դատարանը բավարարեց նրա խնդրանքը եւ ընդմիջում հայտարարեց մինչեւ երեքշաբթի օրը։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031