Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆյուրերը սպասում է իր ժամին

Օգոստոս 26,1995 11:14

Պատմության ընթացքում տարբեր պետություններում գործած բռնապետներին չի կարելի ֆաշիստներ անվանել։ Ֆաշիզմը հատուկ համակարգ է, որը գալիս է փոխարինելու ժողովրդավարությանը: Մյուս կողմից՝ ֆաշիզմը միմիայն գերանձի գաղափար չի պարունակում, կամ էլ օտարների նկատմամբ անսահման թշնամանք։ Դա մի ամբողջական համակարգված գաղափարախոսություն է, որը կյանքի բոլոր բնագավառներում իր կաղապարներն է առաջարկում։ Ֆաշիզմն, անշուշտ, կապված է ազգային գաղափարների հետ։

Սակայն դրանցից կարող է ֆաշիզմ ծնվել այն դեպքում, եթե տվյալ գաղափարները չունեն համամարդկային հակակշիռներ։ Մյուս կողմից, երբ ազգային գաղափարները ընդհանրապես մերժվում են, բոլոր մնացած գաղափարները ազգայնականները ընկալում են որպես օտար ազգերից պարտադրված պահանջ։ Այդ ժամանակ էլ առաջանում է ազգայնական այն մեծ ներուժը, որը վտանգում է դեմոկրատական համակարգը։

Ժողովրդավարության առեղծվածն այն է, որ մարդկանց անհատական եւ ազգային հավաքական բնազդները միաժամանակ ազատ է արձակում: Մարդը փորձում է խուսափել ազգի եւ պետության նկատմամբ իր պարտականությունից վայելելով միմիայն մարդկային իրավունքները, իսկ Ազգը եւ Պետությունը, ընդհակառակը, փորձում են ամբողջովին ենթարկեցնել մարդուն, դարձնելով համակարգի «պտուտակ»։

Երբ դեմոկրատական համակարգը ձեւավորվում է դրսի ուժերի ճնշման տակ, ազգայնականների շրջանակներում սկսում են թերահավատորեն վերաբերվել օտար «դատավորների» նկատմամբ։ 1985-ի գորբաչովյան պերեստրոյկայից առաջացած ազգային-դեմոկրատական շարժումները կոմունիստական ճամբարում ունեին երկու բնույթ՝ այգային, որն ուղղված էր ռուսական կայսրության դեմ, եւ դեմոկրատական, որն ուղղված էր կոմունիստական համակարգի դեմ: Ռուսաստանում այդ շարժումը կրում էր դեմոկրատական բնույթ, իսկ ազգայնականները դիմադրում էին կայսրության փլուզմանը։ Այսպիսով, եթե Արեւելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ երկրներում, լիբերալ ու դեմոկրատական գաղափարները համադրվում էին տվյալ երկրների

ազգայնական գաղափարներին, ապա Ռուսաստանում ազգայնականները դրանք ընկալեցին որպես օտար երկրների դավադրություն Ռուսաստանի դեմ: Ռուս եւ մնացած ազատագրված երկրների ազգայնականների տարբեր մոտեցումները լիբերալիզմի ու դեմոկրատիայի հանդեպ՝ պայմանավորված են տվյալ հանգամանքով։ Այդ իմաստով, ռուս ազգայնականների հոգեբանական վիճակը մնում է 1919-ի գերմանական ազգայնականների վիճակին:

Հարց է առաջանում, նշանակո՞ւմ է արդյոք, որ Ռուսաստանում ֆաշիզմի հաղթանակը անխուսափելի է։ Իհարկե՝ ոչ։ Դրա համար պետք է լավ հիշել պատմությունը եւ չկրկնել այն սխալները, որոնք կատարեցին Վայմարյան Գերմանիայի դեմոկրատները։ Նախ՝ ֆաշիզմի հաղթանակի տնտեսական հիմքը Գերմանիայում դարձավ հասարակության լյումպենացումը: Սղաճը 1932-ին հասնում էր ամսական 30 տոկոսի, իսկ արդյունաբերության անկումը՝ մինչեւ 40 տոկոս։ Դրան գումարենք 45 տոկոս գործազրկությունը, եւ կստանանք… ֆաշիզմ։ Սակայն միայն տնտեսական պատճառները չէին Հիտլերին իշխանության հասցնող լծակները։

Հիտլերը եւ իր կուսակիցները դատապարտում էին ոչ միայն դեմոկրատներին, այլեւ «պարտված» ազգայնականներին: Ֆյուրերը ոչ մի պատասխանատվություն չէր կրում «հին» ռեժիմի սոցիալական եւ ազգային հարցերում թույլ տրված թերությունների համար։ Հիտլերյան նացիոնալ-սոցիալիստներն այդ առումով «նոր» ուժ էին, որն «մաքուր» իմիջով փայլում էր հասարակության առջեւ։ Նույնը վերաբերում է Ժիրինովսկուն։ Նա եւ նրա կուսակցությունը ոչ միայն ներկա դեմոկրատների սխալների համար պատասխանատվություն չեն կրում, այլեւ «մաքուր» են վերջին 70 տարվա կոմունիստների կառավարման խնդրում։ Երիտասարդ ռուս ազգայնականը չի կանգնի Զյուգանովի եւ Լապշինի կողքին: (Վերջիններս կարող են խաղարկել միմիայն «կարոտախտի» խաղաքարտը): Գեներալ Ռուցկոյը նույնպես ազգայնականների կողմից չի կարող ընկալվել որպես «ֆյուրեր»։ Գեներալներ Վարեննիկովը, Աչալովը կամ Մակաշովը «հին» եւ «պարտված» ազգայնականներ են։ Ժամանակակից «փայլ» ունի գեներալ Լեբեդը։ Սակայն նա էլ շուտով, հավանաբար, կմտնի իշխանության համակարգ, եւ եթե արմատապես ոչինչ չփոխվի, նրա «փայլը» եւս կխամրի։

Եվ այդ «խամրած», «հին», «պարտված» ազգայնականների անապատում իր թիմով կմնա միայն «նոր» ազգայնական ծաղրածու Ժիրինովսկին։ Ժիրինովսկին «կույս» է ե՛ւ դեմոկրատների, ե՛ւ կոմունիստների, ե՛ւ նախկին տնօրենների ու զինվորականների հետ համեմատած։ Ձեաւվորելով իր «իմիջը», նա օգտագործում է արեւմտյան դեմոկրատիայի բոլոր սկզբունքները։ Ժիրինովսկին մերժում է իշխանության գալու բոլոր հակաօրինական ճանապարհները։ Ժիրինովսկին կարողանում է մեկ-երկու նախադասությամբ համոզել «հասարակ» մարդուն, որը, իմիջիայլոց, խրտնում է, երբ տեսնում է, թե օրը ցերեկով ինչ հեշտությամբ են սպանում որեւէ բիզնեսմենի կամ

բանկիրի։ Շամիլ Բասաեւը Ռուսաստանի հեռուստատեսության համար

դառնում է քաղաքական գործիչ, որի տեսակետները «Չեչնիայի խաղաղության մասին», մանրամասնորեն մեկնաբանվում են։ Իսկ որպեսզի ավելի պատկերավոր լինի Ժիրինովսկու դեմագոգիայի բնույթը, ընթերցողին ներկայացնենք հատվածներ նրա ճառերից, որոնցում նա, իմիջիայլոց, մեղադրում է կոմունիստներին ու դեմոկրատներին՝ երկուսին տեղավորելով նույն «գնացքում»։

Խոսում է Ժիրինովսկին.

«Մենք՝ ռուսներս, ցանկացած զարգացած երկրի քաղաքացիների համեմատ հարուստ մարդիկ ենք։ 1990-ին մենք արտադրում էինք մոլորակի գազի 43 տոկոսը, նավթի՝ 23 տոկոսը։ Միայն նավթի վաճառքից մենք կարող ենք բարգավաճել այնպես, ինչպես Քուվեյթը կամ        Սաուդյան Արաբիան… Մինչեւ 1985 թիվը, Արեւմուտքը էժան գնում էր ռուսական նավթն ու գազը, թանկ վաճառում մեզ իր շորերն ու տեխնիկան։ Մեր արդյունաբերությունն ու արտադրողները մրցունակ չէին կոմունիստական ռեժիմի պատճառով։ Այսպիսով՝ այդ հսկայական կոռումպացված «Արեւմուտք-կաշառակեր կոմունիստական ապարատ» ապրանքափոխանակման կարուսելի միջոցով հարստանում էին Արեւմուտքն ու կոմունիստական կաշառակեր ապարատը։ Գորբաչովյան պերեստրոյկան այդ համակարգի օրգանական կատարելագործումն էր, որը ոչ միայն կոմունիստների ձեռքով օրինականացրեց ժողովրդից գողացված կապիտալը, այլեւ հեշտացրեց Արեւմուտքի գործը, «բացելով» եւ լայնացնելով այդ «Արեւմուտք-կոմապարատ» համակարգը, դրա մեջ տեղ տալով նաեւ բազմաթիվ ու բազմաբնույթ բիզնեսմեն-արկածախնդիրների։

Այդ «բացման» հարցում, գործի առաջին մասը կատարեց Գորբաչովը, իսկ երկրորդը՝ Ելցին-Գայդար զույգը։ Ելցինի «բարեփոխումները» առաջին հերթին ներկա դեմոկրատական (կամ անցյալ կոմունիստական) բյուրոկրատիայի կազմակերպած թալանն է։

Ելցինի «բարեփոխումները» արդյունաբերության քայքայումն է, որպեսզի ռուս մարդը զբաղվի միմիայն գյուղատնտեսությամբ, հումք ծախելով եւ առեւտրով, քանի որ արեւմտյան կորպորացիաներին մրցակիցներ պետք չեն…»։

Վերլուծելով Ժիրինովսկու այս դրույթները, կարելի է նկատել, որ նման դատողությունները, որոնք ներկայացված են չափազանց պարզ տեսքով «հասարակ» մարդու համար,        բավականին հմայիչ են։

Եվ հասկանալի է նաեւ մեկ այլ հանգամանք. այս «կոմունիստներից դեպի

դեմոկրատներ» կապը սարքելով, նա լյումպենի համար առաջարկում է

միաժամանակ ե՛ւ սոցիալական, ե՛ւ ազգայնական բանաձեւ։ Հասկանալի է, որ նախկին կոմապարատի անդամ Զյուգանովը նման խոսքեր չէր կարող արտասանել առանց քննադատվելու։ Սկոկովի մասին խոսելն այս դեպքում ավելորդ է։

Այսպիսով՝ Ժիրինովսկին սպասում է իր «ժամին»՝ նոր արժեզրկմանը, արդյունաբերության նոր անկմանն ու գործազրկությանը, որպեսզի կատարի իր ուսուցչի՝ Հիտլերի «Drang nach Osten» ծրագիրը: Միայն թե Ժիրինովսկու հարվածի ուղղությունն է այլ՝ վերջին ցատկ դեպի հարավ։ Մի՞թե պատմությունը պետք է կրկնվի…

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031