Քաղաքագիտության մեջ գոյություն ունի մի չափազանց հետաքրքիր ճյուղ, որը ուսումնասիրում է քաղաքական ֆոբիաները կամ, ավելի պարզ, քաղաքական վախերը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր քաղաքական առասպելաբանությունը (միֆոլոգիան): Նման առասպելաբանությունից եւ նրան ուղեկցող ֆոբիաներից զերծ չէ նաեւ Հայաստանը:
Ա. ԺԱՄԱՆԱԿԻ ՎԱԽ: Յուրաքանչյուր կուսակցական տեսություն յուրովի է ընկալում ներկան, անցյալը եւ ապագան: Հատկանշական է, որ տարբերվում են ոչ միայն գնահատականները, այլեւ բուն պատմական ժամանակի տեւողությունը: Օրինակ՝ կոմունիստական կուսակցության համար անցյալի սահմանը 1985 թվականն է: Որոշ լիբերալ գաղափարախոսների համար գոյություն ունեն միայն կոմունիզմի գերիշխանության 70 տարիները եւ նրանց հետեւանքները:
Մի խումբ կուսակցություններ ակնհայտորեն տառապում են անբուժելի կարոտախտով՝ միապետականները, կոմունիստները, ազգայնականները: Նրանց ցանկությունը իրենց առասպելական անցյալի ու ապագայի միաձուլումն է, ներկան վատն է, ուրեմն՝ պետք է վերադարձնել լավ անցյալը:
Նորմալ մարդը անցյալը չի ընկալում որպես լիովին թշնամական երեւույթ։ Այսօր սկսում են հասկանալ, որ անցյալի ընդհանրական ժխտումը բավական լուրջ սխալ էր, դրա հետեւանքով է, որ այսօր լիբերալները փոքր-ինչ գիջում են իրենց դիրքերը:
Կարդացեք նաև
Ապագայի լիբերալ տեսությունը միշտ սուբյեկտիվ բնույթ է կրում, քանի որ ընտրողներին տեղյակ են պահում, որ իրենց ապագան կախված է միայն իրենց գործադրած ջանքերից։ Այս պարագան եւս լիովին համապատասխանում է Հայաստանի ներկա կյանքին։ Չնայած մեր դժգոհությանը՝ պետք է համաձայնել, որ սա լավագույն տարբերակն է, քանի որ ամբողջատիրական գաղափարախոսությունները՝ խոստանալով անամպ ապագա, գրեթե միշտ, գալով իշխանության, սկսում են իրականացնել ճիշտ հակառակը: Դրան կարելի է հակազդել մի քանի ճանապարհով: Նախ՝ անցյալի հանդեպ պետք է ռացիոնալ վերաբերմունք ձեւավորել, ապա՝ վերացնել կոմունիստներին բնորոշ ժամանակի «խորհրդային» ընկալումը։ Ամենադժվարը կլինի ապագայի հատուկ մոդելի ձեւավորումը:
Բ. ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱԽ
Այստեղ առկա է բաց եւ փակ տարածությունների վախերի հակասությունը։ Ամենակարեւոր խնդիրը «Ես»-ի քաղաքական սահմանների բնորոշումն է: Ամբողջատիրական գաղափարախոսությունը ակնհայտորեն ուռճացնում է այդ «Ես»-ի սահմանները, նույնացնելով այն ողջ երկրի կամ նույնիսկ ողջ աշխարհի հետ։. Բնական հասարակության մեջ նման վախերի հետ պայքարելու միակ միջոցը «Ես»-ը որոշակի եւ խելամիտ սահմանների մեջ պարփակելն է: Սակայն տվյալ փուլում դա բավական դժվար է իրականացնել, քանզի Հայաստանում դեռեւս չկան կայացած սոցիալական կառույցներ։ Մարդը հաճախ կորցնում է իրեն սոցիալական տարածության մեջ։ Սա վտանգավոր է, որովհետեւ ցանկացած նախընտրական ծրագրում դրական է այն ամենը, որի սահմաններում «Ես»-ը իրեն անկաշկանդ է զգում։
Գ. ՎԱԽ ՈՒԺԻ ՀԱՆԴԵՊ
Այս վախը արտահայտվում է «հեղաշրջումների» ամենատարբեր տեսությունների ձեւով։ Հեղաշրջման առասպելը միջոց է անհասկանալի երեւույթների դեմ պայքարելու համար։ Դրա համոզիչ ապացույցներից մեկը Աշոտ Մանուչարյանի 1994թ. հոկտեմբերի հայտարարությունն էր՝ մոտ ապագայում ակնկալվող հեղաշրջման վերաբերյալ։ Այդ առասպելը բավական երկար ապրեց՝ նյարդայնացնելով ոմանց։ Նման պարագայում կարելի է ասել՝ որքան ընդհանրական է տվյալ առասպելը, այնքան նրա ստեղծողը ավելի շատ հնարավորություններ կունենա հաղթողի վարկ ձեռք բերելու։ Վտանգավորը այն է, որ հեղաշրջման առասպելը գրեթե անհերքելի է, որովհետեւ երբեք չի բացառվում կասկածյալի կողմից ինչ-որ վատ բանի ձեռնարկումը, իսկ դա դյուրավ դառնում է վերոնշյալի «ապացույցը»: Այս առասպելը կարող է իրականանալ հետեւյալ կերպ. սկզբից արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքական հակառակորդը մեծարվի, այնուհետեւ՝ մերկացվի։ Եթե հակառակորդը հզոր է, եւ դու կարողանում ես ավելի խորամանկորեն գործել, ապա հաղթանակը երաշխավորված է։ Այս երեւույթն ինչ-որ չափով հիշեցնում է կաննիբալների տեսությունը. ուտելով հակառակորդիդ՝ դու ստանում ես նրա բոլոր դրական հատկանիշները։ Մերկացնող ելույթների պահին հռետորի ձայնը ուժգնանում է, նա կատարում է իրեն ոչ բնորոշ շարժումներ… Ցավոք, այս վերջին ֆոբիան ամենատարածվածն է Հայաստանում՝ շատ հաճախ դառնալով քաղաքական պայքարի հիմնաքար։
Շատ դեպքերում քաղաքական գործիչները ձգտում են ոչ թե վերացնել այս կամ այն ֆոբիան, այլ օգտագործել ընդդեմ հակառակորդի։ Սակայն, ի վերջո, գրեթե միշտ տուժողը հասարակությունն է, որովհետեւ քաղաքական ֆոբիաներից զատ՝ մենք բոլորս տառապում ենք առօրեական ֆոբիաներով։
Վահան ԱԴԱՄՅԱՆ