Երեկ «Դրո»-ի դատավարության նիստի առաջին կեսը նվիրված էր փաստաբան Ռշտունու բացարկի քննարկմանը, որը վերաբերվում էր կոլեգիայի նախագահ Է. Մանուկյանին։ Իր հուզականությամբ եւ տեւողությամբ առանձնանում էր դատապաշտպան Ռ. Սահակյանի ելույթը, որը ոչ միայն պաշտպանեց գործընկերոջը, այլեւ ավելացրեց մի շարք սեփական փաստարկներ, պահանջելով բացարկի մերժման դեպքում կետ առ կետ հիմնավորել այն։ Նա մեղադրեց նաեւ ժողովրդական ատենակալներին օրենքի խախտումների լռելյայն խրախուսման մեջ եւ հայտարարեց, որ վարկաբեկիչ նյութեր ունի ատենակալներից առնվազն մեկի մասին։ Ըստ Սահակյանի, այդ ատենակալը իրավունք չունի մասնակցելու տվյալ դատավարությանը։ Իր ճառում դատապաշտպանը նորից կանգ առավ Արծրունու օրագրի խնդրի վրա, պնդելով, որ իր պաշտպանյալի անմեղությունը հիմնավորված է հենց այդ օրագրով։ Պրն Սահակյանն ասաց, որ օրագրի գրառումները վկայում են նրա հեղինակի (Արսեն Արծրունու) եւ Հրանտ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի, ինչպես նաեւ այն մասին, որ «Քերոբ» օպերացիայի հրահանգները տրվում էին ոչ թե Հրանտ Մարգարյանի, ինչպես գրված է մեղադրական եզրակացության մեջ, այլ Վահան Հովհաննիսյանի կողմից։ Պաշտպանության ընդհանուր ճակատը խախտեց միայն Անահիտ Եսայանը, որը, ելնելով իր պաշտպանյալի շահերից, ձեռնպահ մնաց։
Մեղադրող կողմը, բնականաբար, դեմ էր բացարկին։ Ա. Գրիգորյանը նշեց, որ դատավարությունը գտնվում է դեռեւս սկզբնական փուլում եւ, հետեւաբար, վաղաժամ է մեղադրել դատական կոլեգիային, թե նա պատրաստվում է անտեսել այն բոլոր ապացույցները, որոնք կարող են մեղմել ամբաստանյալների մեղքը: «Ձեր միջնորդությունը,- ասաց պետական մեղադրողը,- շատ լավ կհնչեր դատավարության ավարտական փուլում։ Եթե այս բոլորը անտեսվի, ես լիովին համամիտ կլինեմ ձեզ հետ»։
Ժողովրդական ատենակալները մերժեցին բացարկը։ Ընդմիջումից հետո դատարանը մեկուկես ժամ լսում էր Արսեն Արծրունու ցուցմունքները: Դրանց իմաստը հետեւյալն էր. նախնական քննության ժամանակ իր բոլոր ցուցմունքները նա տվել է ճնշման տակ, ոչ ինքը, ոչ էլ մեղադրյալներից որեւէ մեկը ոչ մի կապ չունի սպանությունների հետ։ Ըստ Արծրունու, Ներսիսյանների սպանության ժամանակ նա գտնվում էր Բեյրութում, իսկ Հրանտ Մարգարյանը պառկած էր հիվանդանոցում ծանր վիճակում։ Նա հայտարարեց, որ հետաքննության նպատակն էր ոչ թե սպանությունների հետաքննությունը, այլ այդ հանցագործությունները վերագրել Դաշնակցությանը, ուստի գործն ամբողջությամբ «սարքած է»։ Ժամը 16-ի մոտակայքում ամբաստանյալը հոգնեց եւ խնդրեց վերսկսել դատավարությունը հաջորդ առավոտյան։
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահան ԻՇԽԱՆՅԱՆԻ