Սիրիահայ անվանի գրող եւ հասարակական գործիչ Թորոս Թորանյանն իր գրքի ընծայականում գրել է. «Դանիել Պետրոսյանին, որ կտոր մը քալող Սասուն է Հալեպի մեջ…»։
Եվ իրոք։ Փոքրամարմին, աշխույժ շարժուձեւով այդ տարեց մարդը, որին բոլորը Սասունցի Դանիել են կոչում, հեռավոր Սիրիայում ապրում ու շնչում է իո Էրգրով։ Եվ երազում է այն օրը, երբ կրկին կտեսնի իր Սասունը, կհամբուրի իր ծննդավայրի՝ Պարգա գյուղի սալաքարերն ու ներս կմտնի իր հորենական տունը, որն ո՞վ գիտե, կանգո՞ւն է, թե՞…
– Այդ օրը անպատճառ գիկա,- համոզված ասում է նա,- գիկա ու առաջինը ես գերթամ Էրգիր։ Գերթամ, գմտնիմ անտաշ քարով շինած իմ Պետրոս հոր տուն, գմտնիմ մեր տան մեջքին կրթնած հացատուն, գբարկիմ մաշված թոնրի շրթին ու կառնիմ Սիրանուշ իմ մոր թխած ծաղիկ լավաշի հոտ։ Ու կգշտանամ։ Անոթությունս գանցնի։
Լռում է այնուհետեւ։ Ես էլ եմ լռում։ Ուզում եմ, որ նա մի քիչ շատ «մնա» իր Սասնա տանը, ծաղիկ լավաշի բույրից տարիների իր կարոտն առնի ու հովանա սիրտը, թեթեւանա։ Իր Սիրանուշ մայրիկը 21 երեխա է պարգեւել Սասնո աշխարհին։ Հիմա մնացել է ինքն ու իր մի հատիկ Շամիրամ քույրիկը։
Կարդացեք նաև
Հալեպահայերը Սասունցի Դանիելին հաճախ անվանում են Դեր Զորի Դերվիշ։ Հայակուլ սիրիական անապատի ամեն մի հատվածը քաջածանոթ է նրան։ Եվ իզուր չէ, որ հայաստանցի ամեն մի հյուրի նա ուղեկցում է անապատ եւ հանգամանալից բացատրություններ է տալիս, հիշատակում Եղեռնի ականատեսների պատմություններն ու գրառումները։
– Չեմ մոռնըր մեծարգո արտիստ Սոս Սարգսյանի այցելությունը Հալեպ,- վերհիշում է Սասունցի Դանիելը,- Հալեպի տեսարժան վայրերը դիտելուց հետո, նա ցանկություն հայտնեց անպատճառ այցելել Դեր Զոր։ Սիրով համաձայնեցի ուղեկցել անոր։ Ինձի համար մեծ պատիվ էր ըդի։ Գքելեինք անապատի միջով եւ ես կպադմեի իրան անցած պատմությունից։ Կաշխատեի ոչ մեկ բան բաց չձգել։ Ճամփուն կեսը դեռ չէինք անցած, երբ հանկարծ անի գաքնավ, գունատ հայացքով շրջվավ դեպի, ընձի ու ըսի». «Բավակա՛ն է, Դանիել, բավակա՛ն է, այլեւս չեմ կարող լսել…»։ Ըսից ու զգլուխն առավ ափերու մեջ, երեխայի նման ըսկսից հեկեկալ։
Հիմա, երբ գրում եմ քո մասին, Սասունցի Դանիել, գուցե դու կրկին տանը չես, կրկին անապատում ես, ուղեկցում ես հայաստանցի քո հերթական հյուրին։ Եվ ուր էլ լինես, եւ ինչ էլ անես, օրհնվա՛ծ լինես դու, Սասունցի Դանիել, օրհնվա՛ծ լինեն քո գերդաստանի յոթ զավակներն ու յոթ թոռները, որոնք, համոզված եմ, մի օր «Հալեպին մեջ կտոր մը քալող Սասունիդ» իրենց հետ պիտի տանեն Էրգիր…
Գ. ՍԱՐՈՅԱՆ