Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ լուրջ փոփոխությունների շեմին

Օգոստոս 24,1995 12:47

Չորս հարց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանին

– Նկատի առնելով ՀՅԴ աշխարհագրական տարասփռումը՝ ձեզ չի թվո՞ւմ, որ Ընդհանուր ժողովի գումարումը կարող է ձգձգվել։ Ժամանակի նման կորուստը, ուղեկցված հեռանկարի անորոշությամբ, վա՞տ չի անդրադառնա Հայաստանում Դաշնակցության անդամների եւ ողջ քաղաքականապես գործուն հասարակության վրա՝ ծնունդ տալով հիասթափության:

– Չի թվում, որովհետեւ կուսակցության բարձրագույն՝ Ընդհանուր ժողովը կկայանա երկու ամսից։ Քաղաքականապես գործուն հասարակության հիասթափությունը կախված չէ մեր կազմակերպությունից կամ նրա Ընդհանուր ժողովի ժամկետից: Այն շատ ավելի խորքային պատճառներ ունի։ Երկու-երեք տարի հետո հիասթափության փուլը կփոխարինվի կայունացման եւ ապա վերելքի փուլով։ Մեր հասարակությունը, ճաշակելով արմատական ազատականության պտուղները եւ անխուսափելի հակասությունները, կփորձի վերարժեքավորել եւ էական փոփոխությունների ենթարկել կողմնորոշումների այդ համակարգը։

– Բյուրոն հստակ որոշե՞լ է ժողովի պատգամավորների ընտրության սկզբունքները, վայրը, օրակարգը, թե՞ այդ ամենը դեռեւս մշակվում է:

– Ընդհանուր ժողովի պատգամավորների ընտրությունների սկզբունքները ճշտված են կազմակերպության կանոնագրով։ Ըստ այդմ՝ շուրջ 40 վճռական ձայնով պատգամավորներից 14-ը կլինեն Հայաստանյան կառույցից, նրանց կհամալրեն նաեւ հրավիրյալները՝ 7 անդամ։ Ինչ վերաբերում է Ընդհանուր ժողովի օրակարգին, ապա դրա նախագիծը մշակվում եւ հաստատվում է Բյուրոյի նիստով։ Բյուրոն պարտավոր է իր կազմած նախագիծը համապատասխան շրջաբերականով, անհրաժեշտ բացատրականի հետ մեկտեղ, հղել շարքերին՝ ԸԺ-ի գումարումից 6 ամիս առաջ։ Այս փուլն արդեն ետեւում է. մայիսից կուսակցության անդամները ծանոթացել են այդ նախագծին։ Երկու երեք-երեք շաբաթից կավարտվեն օրակարգի քննարկումները բոլոր ժողովական մակարդակներում եւ կընտրվեն ԸԺ պատգամավորները։ Առաջիկա ժողովը կուսակցության Հայաստանյան քաղաքականությանը զուգահեռ՝ ուշադրությունը կկենտրոնացնի ՀՅԴ կառուցվածքային փոփոխությունների վրա։ Այս հանգամանքը պայմանավորված չէ լոկ կուսակցության գործունեության կասեցման փաստով։ Դեռեւս 1992-ին կայացած «ԻԵ» Ընդհանուր ժողովը կուսակցության ծրագիրը վերախմբագրելու եւ կազմակերպական կառույցը Հայաստանի իրականությանը համապատասխանեցնելու որոշում էր ընդունել։ Այդ որոշումները բխում են անկախ պետականության պայմաններում կուսակցության գործունեության փաստից, կազմակերպության Հայաստանակենտրոն քաղաքականության եւ Հայաստանակենտրոն կառույցի ձեւավորման անհրաժեշտությունից։

Մեր միակ ցանկությունը այս ժողովը Հայաստանում գումարելն է։ Քաղաքական կուսակցության համար ժողովի վայրն արդեն քաղաքական նշանակություն ունի։ Առաջիկայում մենք Ընդհանուր ժողովը Հայաստանում գումարելու առաջարկով կդիմենք ՀՀ իշխանություններին։ Հանրապետության օրենքներին կազմակերպության գործունեությունը համապատասխանեցնելու ուղղությամբ արդեն բավական աշխատանք տարվել է, սակայն խնդրի վերջնական լուծումը վեր է Բյուրոյի լիազորություններից, այն կարող է լուծել միայն ԸԺ-ն։ Հանրապետության իշխանությունները հայտարարում են, որ կուսակցության ազատ եւ օրինական գործունեության համար իրավական բոլոր հնարավորությունները բաց են։ Իրադարձությունների հակառակ ընթացքի դեպքում (որեւէ պատրվակով կամ պատճառաբանությամբ ԸԺ-ի արգելումը Հայաստանում) կուսակցության հազարավոր անդամների գիտակցության մեջ վերջնականապես կհաստատվի այն միտքը, որ իշխանությունների պահանջը ոչ թե կազմակերպության գործունեության համապատասխանությունն է ՀՀ օրենքներին, այլ ՀՅԴ վտարումը հանրապետության հասարակական-քաղաքական կյանքից, ուստիեւ նրա քայքայումը Սփյուռքում։

– Հրապարակային գործունեության անորոշ ժամկետով դադարեցումը նշանակո՞ւմ է արդյոք, «վերադարձ ընդհատակ», «գաղտնիության շղարշի» վերահաստատում։

– Հրապարակային գործունեությունը դադարեցնելու որեւէ որոշում չունենք: Մեր գործունեությունը հրապարակային է, նաեւ՝ օրինական, վկա՝ մեր զրույցը։ Մինչ կուսակցության գործունեության վերականգնումը մենք իրավունք ունենք աշխատելու մեռ կառույցը ՀՀ օրենքներին ներդաշնակելու ուղղությամբ, ինչով էլ զբաղված ենք։

«Գաղտնիության շղարշ» չկա, հասարակությունը մեր մասին ավելի շատ գիտե, քան ցանկացած այլ կուսակցության։ Մեր գրավոր փաստաթղթերը, անգամ մեզ հետ ոչ մի առնչություն չունեցող, բայց վերագրվող նյութերը առատությամբ տպվում են պաշտոնական եւ ոչ պաշտոնական մամուլում։ Մեր շուրջ հյուսվում է մի ողջ խառնաշփոթ բանահյուսություն։ Այնինչ մենք պատրաստ ենք հասարակությանը տրամադրել ՀՅԴ գործունեությանը վերաբերող բոլոր տեղեկությունները: «Ընդհատակի» առասպելը եւս հորինված է, ծնունդը որոշակի քաղաքական շրջանակների, ավելի ստույգ՝ Հայաստանում քաղաքական շահեր ունեցող հայտնի երկրների։ Միտումը պարզ է. կուսակցությանը զրկել ՀՀ-ում քաղաքական դերակատարությունից՝ վերածելով այն ընդհատակյա փոքրիկ խմբերի։ Մենք իռլանդացիներ չենք Մեծ Բրիտանիայի կազմում ապրող, մենք մեր ժողովրդի մի մասն ենք եւ պետք է աշխատենք նրա հետ սերտ փոխազդեցության մեջ։

– ֊Ինչո՞ւ ՀՅԴ չհետեւեց ՌԱԿ-ի օրինակին, որը ստեղծեց երկու ինքնավար կառույց, հատկապես առաջնորդվելով ձեր հռչակած «ապակենտրոնության» սկզբունքից։

– 1991 թվականին՝ գրանցվելու ժամանակ, մենք ոչ մի դժվարության չհանդիպեցինք, ուստի կառուցվածքային փոփոխությունների հարցը բնավ հրատապ եւ առաջնային չթվաց։ Բացի այս՝ նկատի առնելով Դաշնակցության ժամանակային եւ տարածական մեծ ընդգրկումը, չպետք է անտեսել մտածողության իներցիոն ուժը, անդյուրաշարժությունը։ «Մեկ հայրենիք– մեկ ազգ- մեկ կազմակերպություն» կարգախոսը ենթադրում էր, որ գաղափարական միասնությունն անպայմանորեն պետք է ամրակայվի կազմակերպական ընդհանրությամբ։ Այսօր, սակայն, ակնհայտ է, որ կուսակցությունը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին, որոնց պատասխանը իրավասու է տալ Ընդհանուր ժողովը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031