Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արծրունին ցուցմունք է տալու

Օգոստոս 24,1995 14:15

Բացարկների, միջնորդությունների եւ մերժումների կարուսելը պտտվում է

Նախ ուզում եմ շնորհավորել «Ազգ» թերթի իմ գործընկերներին։ «Դրո»-ի երեկվա դատավարությունն ամբողջությամբ արդարացրեց այդ թերթում տպված ծաղրանկարը։ Ի պատասխան փաստաբան Ռշտունու հայտարարությանը՝ հերթական անգամ բոլոր դատավորներին եւ մեղադրողներին բացարկ հայտարարելու մասին, նախագահող Մանուկյանը բացականչեց. «Այսինքն ի՞նչ եք ուզում, որ կարուսե՞լ սկսվի»։

Սակայն նշված կարուսելը արդեն մի քանի օր է, պտտվում է

ամբաստանյալ Արսեն Արծրունու ցուցմունք տալ-չտալու հարցի

շուրջ: Երեկվա նիստը սկսվեց նրա միջնորդությունից իր 25 հարցին պատասխանելու եւ խուզարկությունների ժամանակ առգրավված բոլոր դիսկետները, տեսաերիզները եւ փաստաթղթերը գործին կցելու վերաբերյալ։ Պաշտպանությունը հիմնականում համաձայնեց այդ միջնորդությանը, չնայած փաստաբանների ելույթներում չկար նախկին խանդավառությունը։ Նրանք համոզված էին, որ միջնորդությունը, ինչպես միշտ, կմերժվի։ Սակայն պետական մեղադրող Մ. Գրիգորյանը, այդ կանխատեսումներին

հակառակ, հայտարարեց, որ Արծրունու պահանջած փաստաթղթերը հետաքրքրում են նաեւ մեղադրող կողմին։

Սակայն նա կոչ արեց չխախտել դատարանի կողմից սահմանված ապացույցների հետազոտման կարգը։ Մ. Գրիգորյանը առաջարկեց սկզբից լսել ամբաստանյալների ցուցմունքները, եւ հետո միայն վերադառնալ փաստաթղթերի խնդրին։

Դատական կոլեգիան այդ փաստարկները հիմնավոր գտավ եւ որոշեց անդրադառնալ միջնորդության քննարկմանը, իրեղեն ապացույցների եւ գրավոր փաստաթղթերի հետազոտման եւ հրապարակման ժամանակ։ Այնուհետեւ փաստաբան Մանուկյանը հանդես եկավ եւս մեկ միջնորդությամբ՝ նա նորից պահանջեց կցել Արծրունու օրագիրը գործին։ Սակայն այդ միջնորդությունը արժանացավ իր նախորդների ճակատագրին։ Այդ մերժումը առիթ տվեց փաստաբան Ռշտունուն հանդես գալ բացարկով, որի մասին արդեն պատմեցինք այս նյութի սկզբում։

Մերժման քննարկումը ընթանում էր սահմանված կարգով, երբ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց ներկաների մեջ։ Արսեն Արծրունին հայտարարեց. «Վաղն առավոտյան ես ցուցմունք պիտի տամ, ինչ էլ պատահի»։

Ռշտունու միջնորդությունը պետական մեղադրողների մասով մերժվեց։ Կկանգնի՞, արդյոք, կարուսելը։ Դրա պատասխանը կիմանանք վաղը։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031