Հայաստանի միակ անկախ հեռուստաստուդիայի գլխին շարունակում են ամպեր կուտակվել։ Մեր դժվարին ժամանակաշրջանում դա կարող է երկրորդական խնդիր թվալ։ Բայց իրականում հարցը սկզբունքային է. մենք իսկապե՞ս ենք ուզում անցնել մենաշնորհից դեպի բազմազանություն, իրո՞ք հասկացանք, որ մենաշնորհը քաղաքականության տնտեսության մեջ, մշակույթում կամ հեռուստատեսությունում խոչընդոտում է զարգացմանը։ Շատ լավ իմանալով «Ա1» ստուդիայի աշխատանքի մեխանիզմը, որում մեծ դեր է խաղում աշխատակիցների խանդավառությունը, կարող եմ պնդել, որ «Սիգլ» կոնցեռնի հախուռն միջոցառումների հետեւանքով «Ա1»-ը կփակվի: Կամ, լավագույն դեպքում, կտեղավորվի մենաշնորհի կաղապարում:
«Ա1»-ի եւ «Սիգլի» հարաբերությունները կկարգավորի դատարանը: Որքան շուտ, այնքան լավ։ Կա մի այլ կարեւոր հարց: «Ա1»-ի այլընտրանքը միշտ ստեղծագործական էր եւ ոչ երբեք քաղաքական։ Ստուդիան չէր հարում ոչ մի քաղաքական ուղղության եւ չափազանց լոյալ լինելով պետության հանդեպ, իսկապես անկախ էր: Հետեւաբար, այսօր քաղաքական շրջանակներից ոչ մեկը «Ա1»-ին սատար չի կանգնի: Մնում ենք մենք՝ լրագրողներս:
Ստուդիայի տնօրենին, նրա բացակայության ժամանակ, ազատում են աշխատանքից, զմռսում են դռները, որտեղ մնում են փաստաթղթերը «ստուգման նպատակով» (հետաքրքիր է որ իրավապահ մարմիններին հատուկ գործունեությամբ զբաղվում է մասնավոր կոնցեռնը): «Ա1»-ի աշխատակիցների կարծիքը. բնականաբար, կոնցեռնին չի հուզում։
Շատ լավ է, որ մեր թերթերն արձանագրեցին այդ ամենը: Ի վերջո, լինում են դեպքեր, երբ ամեն մի մարդ, քաղաքացի, մասնագետ մեն մենակ է մնում իր խղճի հետ: Օրինակ, այն լրագրողները, հեռուստատեսության աշխատողները, ովքեր իրենց գործընկերների նկատմամբ նման բիրտ եւ օրինականության տեսակետից կասկածելի գործողություններից հետո կհամագործակցեն «վերակառուցված» «Ա1»-ի հետ, անձամբ իմ մեջ հարգանք չեն առաջացնի:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան իսկ այժմ ինչ է լինելու Ա1+-ի հետ? Չէ որ ԱՐՄՆյուզը դարձավ չգիտեմ ինչ խայտառակ ալիք
Հարգելի Լիանա, պատկերացում չունեմ: Ես եմ գործն եմ անում «Ա1+»-ում որպես լրագրող: Մնացած խնդիրները «Ա1+»-ի ղեկավարության իրավասության տակ են: