Գրեթե բոլոր բանավեճերում, ինչպես եւ այսօր, բախվում էին հեղափոխական ռադիկալիզմն ու հավասարակշռված պահպանողականությունը: Օրինակ, ինչո՞ւ «անկախության գործընթացի սկիզբ» եւ ոչ թե լիակատար եւ վերջնական անկախություն։ Կամ ավելի սկզբունքային եւ այսօր իր զարգացումն ունեցող մի հարց. ինչպե՞ս պետք է Հռչակագրում արտացոլվի Հայ Դատը, պահանջատիրությունը, 15 թվականը։ Ահա այստեղ կարելի է 5 տարվա տարածությունից ասել, որ ժամանակը ցույց տվեց (եւ, հաստատաբար, նորից ու նորից ցույց կտա), թե ով է բոցաշունչ կենացային ճառեր արտասանում եւ կուրծք ծեծում՝ բոլորից հայրենասեր եւ պահանջատեր երեւալու համար, իսկ ով է հանգիստ ու գործնական քայլեր կատարում մեր պատմական հայրենիքի մի փոքր մասը վերադարձնելու համար։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր վաղը կամ մյուս օրը կկարողանան ավելին անել։
Անկախության հռչակագիրը ընդունվեց, անշուշտ, ոգեւորության մթնոլորտում։ Պարզամտություն կլիներ սպասել, որ ժողովուրդը, խորհրդարանը, քաղաքական շրջանակները տարիներով պետք է պահպանեին այդ ոգեւորությունը, կշտամբել եւ նեղանալ, թե ինչու է մարել այդ կրակը։ Հավերժ շարժիչ կարող է լինել ոչ թե անցողիկ խանդավառությունը, այլ անկախության գաղափարը, որը պահանջում է ամենօրյա, մեթոդական աշխատանք։ Հարստանում է ոչ թե նա, ով ինչ-որ բան վերավաճառելով, մի անգամից հազար դոլար է «շփում», այլ նա, ով ինչ-որ բան արտադրելով, սկզբնական շրջանում ամիսը մի քանի սենթ կայուն եկամուտ է ունենում։ Նույն սկզբունքը, կարծում եմ, պետք է գերիշխի պետության շինարարության մեջ։ Ով հավատում է անկախության գաղափարին, թող մի փոքր քար դնի այդ գործի համար, եթե կարող է։ Ով չի հավատում եւ չի կարող, թող զբաղվի երեւակայական դրախտային ապարանքներ եւ կամ նույնքան երեւակայական դժոխային նկարագրություններ հորինելով։ Նրա զբաղմունքը բոլոր վարչակարգերում եղել է եւ կմնա խոհանոցային կամ տրոլեյբուսային զրույցն ու բամբասանքը։
Առաջին էջի նկարում ոգեւորված դեմքեր են։ Նրանցից ո՞վքեր են փոշմանում 90 թվականի օգոստոսի 23-ի համար։ Համենայնդեպս, Անահիտ Բայանդուրը, Կարապետ Ռուբինյանը, Ռաֆայել Պապայանը չեն փոխվել (գրում եմ նրանց մասին, ում անձամբ գիտեմ): Իսկ հետաքրքիր է, փոխվե՞լ է արդյոք, ձեռքերը ուրախությունից վեր բարձրացրած Դավիթ Վարդանյանը։ Դատելով այն հանգամանքից, որ այսօր նա միտինգներ է անում կոմունիստների հետ (որոնք փափագում են վերականգնել Խորհրդային Միությունը), երեւի, փոխվել է։
Ինչ արած, դա էլ է բնական։
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ