Թվում է, թե «Դրո»-ի դատավարության համար արդեն սովորական է դարձել, որ ցանկացած նիստ սկսվում է նախորդի փակուղային իրավիճակից դուրս գալու փորձից, իսկ ավարտվում է նոր՝ նույնատիպ իրավիճակով։ Երեկվա նիստը բացառություն չէր։ Առավոտյան դատապաշտպան Ավագյանը իրագործեց իր մտադրությունը եւ բացարկ հայտարարեց պետական մեղադրողներ Գրիգորյանին եւ Հունանյանին։ Դատական կոլեգիան մերժեց բացարկը։ Դրան սակայն չհաջորդեց դատական կոլեգիայի բացարկը, որի մասին իր ելույթում զգուշացնում էր փաստաբան Ռշտունին։
Գործի քննությունը շարունակվեց։ Ամբաստանյալ Արծրունին իր փաստաբանի հետ երկար խորհրդակցելուց հետո հայտարարեց, որ ցուցմունքներ տալու է, քանի որ շահագրգռված չէ, որ դատարանն օգտագործի նախնական քննության ժամանակ տված իր ցուցմունքները։
Արծրունու խոսքերով, դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Մեղադրյալը պատմեց վերջին տարվա իր գործունեության մասին, որը ըստ նրա, կրում էր զուտ առեւտրատնտեսական բնույթ։ Այդ հարցերում նրան օգնում էր թարգմանչուհի Ռուզան Սարգսյանը, որն այցելում էր նրան շաբաթը 2-3 անգամ։ Իր բիզնեսով նա զբաղվում էր, ապրելով հանրախանութի մոտ գտնվող բնակարանում։ Իսկ Նար-Դոսի բնակարանի մասին ասաց, որ օգնել է այն վարձել Արտավազդ Մանուկյանին օֆիսի համար, որը նույնպես հատկացված էր զուտ առեւտրական գործերին։
Կարդացեք նաև
Այնուհետեւ Արծրունին կանգ առավ քննության նյութերի վրա, որոնցում գտավ մի շարք անհամապատասխանություններ խուզարկումների եւ զննումների արձանագրությունների միջեւ։ Հիմնվելով այդ դատողությունների վրա, մեղադրյալը ներկայացրեց 25 հարց եւ հայտարարեց, որ ցուցմունքներ տալն իմաստ կունենա այն ժամանակ, երբ դատարանը կունենա այդ հարցերի պատասխանը։
Նոր արգելք։ Ընդմիջում։
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ