– Ի՞նչ է գույնը նկարչի համար։
– Գույնն է, որ տալիս է իսկական նկարագիրը գույնը օգտագործող անձնավորության։
– Իսկ գույնի զգացողությո՞ւնը:
– Մի վիճակ է, որ գտնվում է նկարչի մեջ։
Կարդացեք նաև
– Ստեղծագործելիս ո՞ր գույնն եք նախընտրում.
– Քիչ գույներ եմ օգտագործում։ Գրեթե անգույն են իմ գույները։
– Ո՞րն է առավոտի խորհուրդը։
– Կյանքի նոր ծնունդն է առավոտը, ապրելու զգացողության առաջին շփումը։
– Անավարտ կտավ ունե՞ք։
– Ես ամեն վայրկյան կարող եմ նկարել։ Գրգիռը կարող է անսպասելի հայտնվել եւ ինձ մղել ստեղծագործելու: Օրինակ, երբ նկարն իմ արվեստանոցում է՝ ես այնպիսի զգացողություն եմ միշտ ունենում, որ կարող եմ շարունակել այն։
– Ստեղծագործելիս ինչպիսի՞ պահ եք ապրում։
– Երբ սկսում եմ նկարել, ապա նկարը կամաց-կամաց պոկվում է ինձանից եւ սկսում է ինքն իր կյանքով ապրել։
– Աստվածային նկար ասելով ի՞նչ եք հասկանում:
– Արվեստի գործն անբացատրելի, խորհրդավոր երեւույթ է։ Եվ այն Աստվածային ենք անվանում, որովհետեւ Աստված ինքն էլ այդպիսին է։
– Ի՞նչ է ոգեղենը:
– Այն, ինչ արվեստագետն իր կողմից ներդնում է իրականության մեջ, ինքնին ոգեղեն է։
– Ինչպե՞ս կբնորոշեք արվեստի գործը:
– Արվեստի գործը արվեստագետի հոգեկան աշխարհի արտացոլումն է։
– Հայտնի է, որ բազմիցս նկարել եք Արարատը: Ինչպիսի՞ զգացողություն եք ունեցել ամեն անգամ այն պատկերելիս:
– Ինձ միշտ թվացել է, թե Արարատի հսկայական ուժը չեմ կարողացել փոխանցել կտավին։
– Դուք ծնվել եք Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Այն ձեզ համար միայն ծննդավա՞յր է:
– Թեեւ շուրջ 40 տարի ապրել եմ Ալեքսանդրիայում, բայց միեւնույն է, օտարության զգացողությունը միշտ իմ մեջ է եղել այդ երկրում։
– Եթե երկրորդ անգամ ծնվեիք՝ ո՞ր երկիրը կնախընտրեիք ձեզ ծննդավայր։
– Հայաստանը։
– Գյումրին ձեր հայրենադարձության առաջին բնօրրանն էր…
– Այո՛։ Շուրջ 5 տարի ապրեցի եւ ստեղծագործեցի ինքնատիպ կոլորիտով այդ քաղաքում։ Գյումրին ինձ համար եղավ կարեւոր մեկնարկ Հայաստան մտնելու համար։
– Սպիտակ կտավն ինչպիսի՞ խոհեր է ծնում ձեր մեջ:
– Ինձ համար սպիտակ կտավը ոչ մի արժեք չունի։ Եթե գրգիռ կա, ուրեմն սպիտակ կտավը դառնում է միջոց նկարը ստեղծելու համար։
– Ինչպե՞ ս կբնորոշեք կարոտը:
– Կարոտը մարդու կյանքի ամենագեղեցիկ պահերից մեկն է։ Տխուր է, երբ մարդ չի կարոտում։
– Իսկ սե՞րը։
– Ամենաուժեղ զգացումներից մեկն է ՍԵՐԸ, որ մարդուն տանում է դեպի մեկ ուրիշ մարդը։
– Հայրենի հողը պարզապես տարա՞ծք է:
– Ամեն մարդու համար իր սկզբնավորումն է։
– Փորձեք ներկայացնել Մինասին։
– Ինձ համար ամենաանմոռանալի պահը Մինասի հետ իմ առաջին հանդիպումն էր նրա արվեստանոցում։ Այդ օրը ես հասկացա, որ հանդիպել եմ բացառիկ հայ նկարիչ-հանճարի։ Նույնը տեսա իր գործին հետ։ Այդ պահից իմ մեջ ծնվեց Մինասի գործի հանդեպ մեծագույն սեր եւ հարգանք։ Որովհետեւ իր գործն է, որ այսօր ապրում է…
– Դուք լավատե՞ս եք։
– Այո՛։ Հավատում եմ, որ իմ ժողովուրդը պիտի ավելի գեղեցիկ օրեր տեսնի։ Նրա վաղվա օրը լուսավոր է ու արեւոտ։
Հարցազրույցը վարեց՝ Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ