Լրահոս
Օրվա լրահոսը

Աղուան (նույն ինքը՝ Աղվան) Վարդանյանը Աթենքից վկայում է

Օգոստոս 22,1995 14:27

«Առավոտ»-ը «Դրօշակ»-ից մի բոցաշունչ հոդված է արտատպել («Դատավճիռ» 18 օգոստոս):

Ողջունելի քայլ է. չիմանա՞նք խավարամիտ, խավարասեր ու ստրկամիտ հայաստանաբնակներս, թե ինչ է մտածում իր հեռավոր հայրենիքում կատարվող անցուդարձի մասին մեր աթենքաբնակ բարեկամ Աղուան (նույն ինքը՝ Աղվան) Վարդանյանը։

Կարդացինք՝ իմացանք, շատուշատ վատ բաներ է մտածում։ Ոչ միայն շատուշատ վատ բաներ է մտածում, նաեւ «վկայում է»։

Ի՞նչ է վկայում մեր աթենքաբնակ բարեկամը. որ «գալու է հատուցումը» եւ «պատասխան են տալու»  (պարզաբանելու  կարիք չկա, թե ովքեր):

Մինչ այս հոդվածը ընթերցելու բարեբախտությունն ունենալս, խոստովանեմ, եթե հիշել եմ Աղուան (նույն ինքը՝ Աղվան) Վարդանյանին, տարակուսել եմ։ Տարակուսանքիս առիթը հետեւյալն է եղել. մի՞թե արտերկրի դաշնակցության շարքերում մի գրագետ մարդ չկար՝ ԽՄԲԱԳՐԱՊԵՏԵՐ (հայերենը ճկուն լեզու է) «Դրօշակ»-ում, որ Հայաստանի ծոցից խլեցին-տարան մեր «լաւագոյն զավակներից» մեկին։ Հիմա արդեն չեմ տարակուսում։ Նրա առաքելությունը աստվածահաճո է. հեռացել է մեզանից մեր «լաւագոյն զավակը», որ հունածին հզոր աստվածների կողքին համեստորեն թիկնի ու «վկայի», թե ովքեր եւ երբ են «պատասխան տալու»։

Եվ շա՛տ բնական է, որ անչա՛փ զայրացած է մեր աթենքաբնակ բարեկամը թե՛ Հայաստանում տիրող «համատարած անբարոյության մթնոլորտից» եւ թե՛ «նրանից, որ, մեր մտավորականությունը (հատուկենտ բացառություններով) մեռած կամ թաքնված է կանանց ու իշխանությունների փեշերի տակ»։ (Կարելի էր, չէ՞, հետեւել մեր աթենքաբնակ բարեկամի գովելի օրինակին եւ թաքնվելով որեւէ ազատ, ժողովրդավարական երկրի փեշերի տակ, այնտեղից քաջաբար սուր ճոճել մեր «ապազգային ու անբարոյական» իշխանությունների վրա):

Եվ միայն Աստված գիտի, թե դեռ ինչքա՜ն ու ինչքա՛ն պիտի «վկայի» մեր աթենքաբնակ խմբագրապետը, մինչեւ տեղական «ստրկամիտների» գլուխները մտնի, որ հեղափոխությունը կփրկի մեր կործանվող երկիրը, որ փշրել է հարկավոր բանտերի դռները, որ պատերի տակ գնդակահարել է պետք այդ սուրբ գործի ի կատար ածմանը խոչընդոտողներին…

Թե՞ սխալ եմ ընկալել «հատուցման ու պատասխան տալու» մասին «վկայությունները»։ Եթե ընկալել եմ այն, ինչը բնորոշ է դաշնակցության հավերժ հեղափոխական ոգուն, ուրեմն՝ մեր աթենքաբնակ բարեկամը մտքում քմծիծաղում է ՀՀՇ-ի վրա, որ այնքան «պատվախնդրություն» չունեցավ, որ ժամանակին իրենից «պատասխան» պահանջեր անսպասելի ԳՈՒՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ համար։

Ո՞վ գիտի, գուցե, իրոք, սխալ են մեր տարբեր, զանազան-զարմանազան «փեշերի տակ թաքնված» մտավորականները, որ սպասում են դատավարության ավարտին, որ մտածում են՝ իրենք դատավոր ու դատախազ չեն ու չեն կարող պարզել, թե ովքեր են սպանել սպանվածներին (թե՞ դրան սպանել չեն ասում, ասում են՝ «եկավ հատուցումը»):

Ով գիտի՝ գիտի, ես չգիտեմ։ Եվ առայժմ մխիթարում է ինձ հավատը առ այն, որ ճշմարիտ, ճշմարիտ է ասում մեր աթենքաբնակ բարեկամը, որ «գալու է հատուցումը», եւ այն ժամանակ մեր «լաւագոյն զավակների» ոսկե ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցնելու նաեւ Աղուան (նույն ինքը՝ Աղվան) Վարդանյանը։ Նույնիսկ՝ Գառնիկ Իսագուլյանը։

Մանավանդ որ մեր իշխանությունները ազգային հերոսների «արտադրության» գործը հանճարեղորեն են իրականացնում։

Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031