Լրահոս
Օրվա լրահոսը

Հակադիր ճամբարները ընդհանուր թշնամի գտան

Օգոստոս 19,1995 15:13

 Դա, իհարկե, մտավորականն է

«Մտավորական» բառն այսօր ամենահաճախակի վկայակոչվողն է, ըստ այդմ երկրորդ շնչառություն են ստացել «Մտավորականը ժամանակի խիղճն է, ոգին, ամեն ինչի պատասխանատուն» եւ նմանաոճ՝ բոլոր դարաշրջաններում պարբերաբար մոռացվող ու անմիջապես էլ թարմացվող արտահայտությունները։ Դրանք բոլորն էլ արտասանվում են հռետորական շեշտով, որն անպայմանորեն մեղադրական երանգի է։ Մեր քաղաքական բեւեռայնացված իրականության երկու ճամբարներում էլ «ամեն ինչի» (այս ասելով՝ ինչ ուզում եք հասկացեք) մեղավորը հայ մտավորականն է։ Զանազան կողմերից գուժում են մեր մտավորականության տարբեր շերտերի՝ արվեստագետ, թե գիտնական, մահը։ Իբրեւ օրինաչափություն՝ փաստում են այս տարօրինակ մահացման աննկատելիությունը լայն հասարակայնության աչքերում։ Մենք այնքան ենք խորամուխ եղել նոր սկզբունքների հաստատման, շուկայական բարեփոխումների եւ քաղաքական կայացման գործընթացներում, որ անուշադրության ենք մատնել ողջ մնացյալը։ Իսկ ջերմոցային ծաղիկը՝ շփացած խորհրդային արհեստական ներարկումներով, գոյության պայքարի բնազդային շրջանում չորացավ կամ դուրս մղվեց, տատասկների կողմից։

Բնորոշն այն է, որ մտավորականությանը մեղադրանքի սյունին գամողները իրենք՝ մտավորականներն են, բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ ընդդիմություն-իշխանություն բեւեռներրց որեւէ մեկում հաստատված։ Մերժման արդարացի ցասման մեջ նրանք մոռանում են կարծես, որ ակունքը սալաքարով չեն ծածկում։ Մեր մտավորականությունը, իրոք, երկփեղկված է՝ ամեն ինչից ունենք զույգ-֊զույգ՝ մտավորականների երկու միություն, գրողների երկու կառույց, պայքարող երկու երաժիշտներ, թատերական դեմքեր… Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս բաժանումն ավելի բովանդակային դարձավ, համամասնական ընտրակարգի պատգամավորության ցուցակներում կուսակցություններն ամեն կերպ ձգտում էին առաջին շարքերում ներառել հանրապետության անվանի մտավորականներին։ Ընդհանրապես ցանկացած լուրջ որոշում ընդունելու պահին՛ լինի դա Սահմանադրություն, թե կրթական բարեփոխում, առաջ են մղվում մտավորականները՝ իրենց գնահատականներով։ Քաղաքական ուժերի միջեւ կարծես մրցակցություն է ընթանում՝ ո՞ւմ ամբիոններից, մամուլի էջերից հերքման կամ հավանության խոսք կասեն մեր հայտնի արվեստագետներն ու գիտնականները։ Պատճառը մեկն է. եթե որեւէ ուժի այսօր դեռ հավատում է ժողովուրդը՝ վերապահության զգալի չափաբաժնով, ապա դա մտավորականությունն է։

Սակայն  իրական  կյանքը «կողմ»  կամ «դեմ» խոսքերով չի ավարտվում, այդ ամենին պետք է հետեւի գործուն աշխատանքը, եւ առաջին իսկ սայթաքումներից հետո՝ ժողովրդի աչքերում արդարանալու համար իշխանության եւ նրա մրցակից ընդդիմության կրակահերթերի տակ հայտնվում են նույն մտավորականները։ Իշխանական ճամբարից նրանք որակվում են իբրեւ «ծայրահեղական, հայրենասիրությունից եւ իրատեսությունից զուրկ», իսկ հակառակ կողմից՝ իբրեւ «իշխանության ու կանանց փեշերի տակ թաքնվածներ»։

Արդյունքում, հարկավ, ոչ ոք չի շահում, որովհետեւ բեռը սեփական ուսերից գցելով՝ երբեւէ որեւիցե դրախտավայր չես հասնի, բայց առավել բարդանում է ժողովրդի հոգեվիճակը, որի անունի» եւ հանուն որի փորձում են կարգուկանոն հաստատել։ Երբ անհողդողդ վճռականությամբ մարդկանց համոզում ես, որ նրանք չունեն առողջ ազգայնական ուժեր, ժողովրդավարական ավանդույթներ, մտավորականություն, այսինքն՝ այն, ինչ ունեն բարգավաճող ազգերն ու պետություններն, ապա որոշ ժամանակ անց նրանք համոզվում են։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031