Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծ չարիքը տգիտությունն է

Օգոստոս 19,1995 16:52

Փորձենք լիբերալիզմ-սոցիալիզմ-ազգայնականությունը իրենց դասական իմաստով ընկալել, հասկանալ նրանց սկզբնական դոկտրինալ աշխարհայացքը, որպեսզի կարողանանք բանավեճի «կամուրջներ» գցել՝ մեղմացնելով եռանկյան սուր (անբնական սուր) անկյունները։

Ըստ լիբերալների, մարդկության պատմության զարգացումը մարդկային անձի ազատագրման պատմություն է՝ մարդն ազատվում է կրոնական, ազգայնական ու սոցիալական մթին բնազդներից։ Հետեւաբար, «անհատականություն-պետություն» հարաբերությունների համակարգում լիբերալները, անկասկած, գերադասում են անհատին։ Ավելին, ըստ նրանց,

պետությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել։ Պետությունը նշված բնազդների նյութականացում է, որը որպես այդ կոլեկտիվ կամքի բռնության մեքենա, փորձում է ոչնչացնել անհատին, նրա ազատություններն ու իղձերը։ Ուրեմն, պետության համար են ստեղծվում ազգային արժեքները, «հայրենիքի» գաղափարը եւ այլն։

Այսպիսով, մարդկության զարգացման պատմությունը «անհատ-պետական մեքենա» հավերժ պայքարն է, որտեղ անհատը, քայլ աո քայլ, ազատագրվում է սկզբում կրոնական, հետո ազգայնական տգիտությունից:

Ըստ այդմ, կրոններն ու ազգերը ժամանակավոր հասկացություններ են, ժամանակի ընթացքում կվերանան, բնականաբար նաեւ պետությունը, իսկ մարդկության միասնությունը հիմնված կլինի միմիայն համամարդկային բնական արժեքների վրա:

Տգիտության երրորդ աստիճանը, ըստ լիբերալների, սոցիալիզմի գաղափարն է, որը ծնվեց լիբերալների սխալների հետեւանքով եւ հիմարության ու տգիտության այն պոտենցիալի պատճառով, որը դեռեւս գոյություն ունի մարդկության մեջ։

Ըստ սոցիալիստների, մարդկության զարգացման պատմությունը դասակարգային պայքար է, որի ընթացքում, պատմության յուրաքանչյուր փուլում, թատերաբեմ են դուրս գալիս երկու հակառակորդ դասերի՝ շահագործողների ու շահագործվողների շահերը։ Կապիտալիզմը եւ նրա գաղափարակիրները՝ լիբերալները, մարդկանց համար չարիքի վերջին բաստիոնն են, որոնց վերացումից հետո կհետեւի աշխատավոր մարդկանց երջանկության ժամանակաշրջանը։ Ինչպես եւ լիբերալները, սոցիալիստները եւս մերժում են «ազգային արժեքներ» ու «հայրենիք» հասկացությունները, ազգայնականությունը համարելով տգիտություն, իսկ կրոնը՝ «ժողովրդի հաշիշ»։ «Պրոլետարիատը չունի հայրենիք»,- ասում էր գլխավոր սոցիալիստ Կարլ Մարքսը։ Իսկ ազգայնականությունը, լիբերալ-կապիտալիզմի վերջին խաղաքարտն է սոցիալիստների դեմ, որով պրոլետարիատի ազգային խռովություններ են ստեղծվում, տարբեր ազգությունների բանվորներին իրար դեմ են հանում, դրանով իսկ թուլացնելով ընդհանուր ճակատը կապիտալիստների դեմ:

Եվ այսպես, լիբերալներն ու սոցիալիստները թշնամիներ լինելով, ազգայնականությունը համարում են ընդհանուր թշնամի, իսկ պետությունը՝ չարիք, որը ժամանակի ընթացքում պետք է վերանա։

Սոցիալիստների ու կոմունիստների միջեւ կար միայն մի տարբերություն՝ ինչպես, ինչ միջոցներով իրականացնել սոցիալիստական նպատակները։ Կոմունիստները կողմնակից էին «կտրուկ միջոցների՝ պրոլետարիտի դիկտատուրայի տեսքով, սոցիալիստները՝ «խաղաղ սոցիալիզացիայի» տեսքով, շարժումը ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ» բանաձեւով։

Ազգայնականները, բնականաբար, մերժում են եւ լիբերալներին, եւ սոցիալիստներին։ Եթե լիբերալների համար մարդկության զարգացման պատմությունը անձի ազատագրման պատմություն է, սոցիալիստների համար՝ դասակարգային պայքար, ապա, ըստ ազգայնականների՝ միմիայն ազգերի հավերժ պայքար, որտեղ լիբերալիզմն ու սոցիալիզմը, դեմոկրատիան ու մարդու իրավունքները, իրավական պետությունն ու կրոնները, լոկ այլ (որպես օրենք, «վատ») ազգերի կողմից գործիքներ են «լավ» ազգերի դեմ։ Այլ կերպ ասած, լիբերալիզմի ու սոցիալիզմի քողի տակ թաքնված է հրեական շարժումը։

«Մարդու իրավունքների» գաղափարը պետք է վերաբնակ հրեաներին, որպեսզի պաշտպանեն իրենց շահերը օտար երկրներում, իսկ սոցիալիզմը ազգային պետության դեմ հրեաների կողմից ապստամբության թաքնված գաղափարական բանալի է։ Եվ իզուր չէ,՝ ասում են ազգայնականները, որ այդ բոլոր հրեական տարրերը նույնիսկ չեն էլ թաքցնում, որ նպատակ ունեն բոլոր ազգային պետությունները կործանել եւ համաշխարհային մասշտաբով, օգտվելով իրենց աստվածությունից, տիրել բոլոր ազգերին։

Ըստ ազգայնականների, մարդը ոչ թե «աշխարհի քաղաքացի է», այլ ազգի մասնիկ, եւ դրա պատճառով էլ իրավունք չունի հանդես գալու որպես ինքնուրույն սուբյեկտ։ Ելնելով դրանից, ազգայնականները մերժում են նաեւ դեմոկրատական համակարգը, իր ներկա տեսքով (իշխանությունների տարանջատման սկզբունքը), համարելով այն «ապազգային կատեգորիա», քանի որ նրա հիմքում մարդու, անհատի ազատության խնդիրը հիմնական է, մինչդեռ մարդը, անհատը, առաջին հերթին ազգի մասնիկ է։

Մենք տեսնում ենք, որ լիբերալների, սոցիալիստների ու ազգայնականների «մտածողության դաշտերը» չեն հատվում միմյանց, այդ պատճառով էլ երկխոսությունն անչափ դժվար է։ Սակայն մարդն ավելի բարդ կառուցվածք է եւ ավելի «սինթեզված» մտածողություն ունի։ «Նորմալ» մարդը միաժամանակ ե՛ւ «կոսմոպոլիտ, աշխարհի քաղաքացի է», ե՛ւ «ազգի ներկայացուցիչ»։ Նա երբեք համամարդկային արժեքները հրեական դավադրություն չի համարի, միաժամանակ չի ընկալի Հայրենիքը որպես անցողիկ, ժամանակավոր հասկացություն։ Անկասկած, կան մարդիկ, ովքեր հանուն «լիբերալ սկզբունքների» կարող են զոհել Հայրենիքը (օրինակ՝ Վալերիա Նավադվորսկայան Ռուսաստանում, որի համար «իր պետությունը ոչինչ է, սակայն մարդը, անհատը՝ ամեն, ինչ»): Իսկ, օրինակ, Նինա Անդրեեւայի համար դասակարգային պայքարը մինչեւ օրս էլ շարունակվում է, նա չունի ոչ հայրենիք, ոչ նորմալ մարդկային, բարեկեցիկ կյանքով ապրելու պահանջ։ Իսկ ազգայնականները զայրացած են այն բարեփոխումներից, որոնք այսօր ամենուրեք ընթանում են։ Նրանք Ելցինին ու Գայդարին, Շեւարդնաձեին ու Գորբաչովին, Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին հուդա-մասոնական լրտեսներ են համարում, որոնք քանդեցին ԽՍՀՄ-ը։ Ի դեպ, նույն ազգայնականները 1917-ին մեղադրում էին սոցիալիստներին ու բոլշեւիկներին Ռուսական կայսրության փլուզման համար, նրանց թիկունքին տեսնելով, իհարկե, նույն մասոնական դավադրությունը։

Նման հիվանդագին մտածողությունը, լինի լիբերալ, սոցիալիստական թե ազգայնական, մեծ ողբերգությունների է հասցրել մարդկությանը։ Մի հայտնի գիտնական ասել է. «Մարդկության ողբերգությունը ոչ պատերազմներն են, ոչ կոմունիզմը, ոչ էլ սովը։ Ամենամեծ ողբերգությունը եղել է տգիտությունը, որից էլ ծնվել են բոլոր չարիքները»։ Եվ գեթ այսօր փորձենք հասկանալ, որ մարդկության զարգացման պատմությունը՝ ե՛ւ մարդու ազատագրման գործընթաց է, ե՛ւ, այո, դասակարգային պայքար, ե՛ւ ազգերի պայքար, ե՛ւ համաշխարհային միասնության ձգտում։

Այս առնվազն չորս կարեւորագույն գործոնները միշտ եղել են, պարզապես զարգացման տարբեր փուլերում փոփոխվել են համատեղման կանոնները՝ ուրիշ ոչինչ։ Այն լիբերալները, ովքեր զարգացման այս չորս գործոններից «նկատում են» միայն «մարդու ազատագրման խնդիրը», մնացածը համարելով տգիտություն՝ իրենց մտածողությամբ մնացել են անցյալ դարում։

Այն սոցիալիստները, ովքեր բացի «դասակարգային պայքարից» ոչինչ չեն տեսնում, ոչ միայն «հնացել» են, նաեւ վտանգավոր են։ Այն ազգայնականները, ովքեր բացի «ազգերի պայքարից» ուրիշ ոչինչ չեն ընկալում՝ իրենց պարզամտությամբ կարող են ողբերգության հասցնել հենց սեփական ժողովրդին, ինչպես որ դա կատարվեց Գերմանիայում. հայրենիքը բաժանվեց երկու մասի, 45 տարի ազգը գտնվում էր նվաստացած վիճակում, իսկ Արեւելյան Պրուսիան վերջնականապես կորսվեց։

Հիշենք այս ամենը, եւ փորձենք ճիշտ ուղիով գնալ՝ վերլուծելով ուրիշների սխալները։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031