Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունին պահանջում է իր օրագիրը

Օգոստոս 18,1995 13:33

Դատարանը զբաղված է մամուլի տեսությամբ

Երեկ «Դրո»-ի գործին նվիրված դատավարության նիստի ուղիղ կեսը դատարանը տրամադրեց մամուլի հրապարակումների վերլուծություններին: Չորեքշաբթի օրը տուժող կողմի ներկայացուցիչ Գ.Հովհաննիսյանը խնդրել էր նախագահողին՝ չպարտադրել իրեն արտասանելու այն բառերը, որոնցով նրա սպանված ամուսինը բնութագրել է Ա. Մնջոյանին։ Դա առիթ տվեց վերջինիս դատապաշտպան Ռշտունուն հանդես գալու հայտարարությամբ, որում ասված է, թե «ՀՀ»-ում եւ «Հայք»-ում խեղաթյուրված են տիկին Հովհաննիսյանի ցուցմունքները։ Այդ հայտարարությունը մյուս փաստաբաններին եւս առիթ տվեց դժգոհելու մամուլից։ Որոշ թերթեր, ըստ նրանց, տրամադրում են հասարակական կարծիքը մեղադրյալների դեմ։ Դատախազ Գրիգորյանի փաստարկն առ այն, որ մեղադրող կողմը նույնպես բազմաթիվ դժգոհություններ ունի ընդդիմադիր մամուլից, դատապաշտպաններն էական չհամարեցին։ Ըստ փաստաբան Վ. Ավագյանի, ազատ մամուլը կարող է գրել այն, ինչ ուզում է։

Դատապաշտպան Սահակյանը խնդրեց կցել գործին «ՀՀ»-ի օգոստոսի 12-ի համարը, որում տպագրված փաստաթուղթը, ըստ նրա, վկայում է իր պաշտպանյալի կողմից կատարած մի հանցագործություն, որը նշված չէ մեղադրական եզրակացության մեջ։ Նա հանդես եկավ միջնորդությամբ՝ հրապարակման հիման վրա կամ Հրանտ Մարգարյանի գործը ուղարկել լրացուցիչ քննության, կամ էլ նրա դեմ նոր քրեական գործ հարուցել։ Միջնորդությունը մերժվեց։

Երեկվա նիստի 2-րդ կեսի ընթացքում փաստաբաններն իրենց դժգոհությունը հայտնեցին դատախազության աշխատանքից։ Խնդիրն այն է, որ նրանց պահանջած փաստաթղթերի ցուցակում բացակայում էին համապատասխան հատորների եւ գործաթերթերի համարները, ինչը դժվարացնում է փաստաբանների աշխատանքը։ Դատական կոլեգիան որոշեց նիստը չընդհատել եւ ցուցակը լրացնել։

Աշխատանքային օրն արդեն վերջանում էր, երբ դատարանը սկսեց լսել ամբաստանյալներին։ Սակայն այստեղ նույնպես արդյունավետ աշխատանք չստացվեց։ Մեղադրյալներ Ալավերդյանը, Սիմոնյանը եւ Գաբրիելյանը հրաժարվեցին ցուցմունք տալուց Արսեն Արծրունուց առաջ, իսկ վերջինս, ցուցակում լինելով չորրորդը, հայտարարեց, որ լավ պաշտպանվելու համար նրան անհրաժեշտ է իր օրագիրը եւ նույնպես հրաժարվեց ցուցմունք տալուց մինչեւ այդ օրագիրը նրան չփոխանցվի։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031