Լրահոս
Օրվա լրահոսը

Խելացի հակառակորդները իրարից սովորում են

Օգոստոս 18,1995 12:10

Ոչ թե փորձում են իրար ոչնչացնել

Եթե Արեւմուտքում լիբերալիզմի, սոցիալիզմի ու ազգայնականության դասական սկզբունքների մասին այսօր արդեն ոչ ոք չի խոսում, պատճառն այն է, որ այնտեղ նման բանավեճերը վաղուց արդեն անցել են պատմության գիրկը։ Եվրոպայի ներկայիս լիբերալները, սոցիալիստներն ու ազգայնականները չնչին ընդհանրություններ ունեն իրենց նախնիների հետ։ Օրինակ, ժամանակակից Եվրոպայի եւ ԱՄՆ-ի լիբերալները նույնիսկ վիրավորվում են, երբ նրանց սոցիալական հարցերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունենալու մեղադրանք են ներկայացնում։ Լիբերալ տնտեսական քաղաքականության ջատագով, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը իր նախագահության ընթացքում ստորագրել էր ավելի քան 100 սոցիալական ծրագրեր:

Լիբերալ համակարգի մասին թյուր պատկերացումներ ունեցողը դժվար թե հասկանա, որ այսօր Միացյալ Նահանգներում կրթության ու առողջապահության ոլորտները ստանում են հսկայական ֆեդերալ ֆինանսավորում՝ տարեկան համապատասխանաբար, 230-240 եւ 115 մլրդ դոլար, իսկ ամերիկյան ֆեդերալ կառավարությունը ապահովագրում է ցանկացած քաղաքացու կապիտալները մոտավորապես 100 հազար դոլարի չափով։ Այսինքն՝ ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացի կառավարության (լիբերալ կառավարության) կողմից երաշխավորված է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների սնանկացման դեպքում:

Իսկ եթե ասենք նաեւ, որ ԱՄՆ-ի ներկայիս պետական սոցիալական ծախսերը կազմում են ավելի քան 1 տրիլիոն դոլար (պետբյուջեում ծախսումների բլոկի ամենամեծ մասը), ապա «ամենակապիտալիստական» երկրի գործելակերպը պարզապես զարմանալի կթվա։ Իհարկե, կարող են եւ հակաճառողներ գտնվել, թե ԱՄՆ-ը հարուստ երկիր է եւ կարող է թույլ տալ նման «շռայլություն», սակայն 1 տրիլիոն թիվը կարեւոր է ոչ թե իր բացարձակ թվային, այլ տոկոսային ցուցանիշով, որը դասական լիբերալիզմի տեսանկյունից աբսուրդ է թվում։ Միացյալ Նահանգների օրինակը պատահական չի ընտրվել, քանի որ նա ժամանակակից զարգացած երկրների շարքում համարվում է «ամենալիբերալ տնտեսական» քաղաքականություն վարող պետությունը։ Համեմատած ԱՄՆ-ի հետ, եվրոպական երկրները կարելի է «սոցիալիստական» համարել (իհարկե, դասական կատեգորիաների տեսանկյունից):

Ժամանակակից սոցիալիստերը նույնպես վիրավորվում են, երբ նրանց համեմատու են դարասկզբի իրենց գաղափարակիցների հետ։ Դասակարգային պայքարի մասին այսօր չեն խոսում, իսկ Մարքսի մասին հիշել անգամ չեն ուզում։ Իսկ եթե նրանց հիշեցնեն, որ իրենց դոկտրինալ գաղափարաբանությունը մերժում Է շուկայական տնտեսության գաղափարը, ապա նրանք վերջնականապես կխռովեն ձեզանից, միաժամանակ մատնանշելով Եվրոպական կառավարությունների այն սոցիալիստներին, ովքեր իրենց երկրներում անց են կացնում… ապապետականացման եւ սեփականաշնորհման քաղաքականություն։

Երբ այսօրվա ֆրանսիացի ազգայնական Լեպենին կամ գերմանացի նախկին ազգայնական Շտրաուսին հիշեցնում էին 30-ականների նացիզմի չարիքների մասին, նրանք վիրավորվում էին, պնդելով, որ այսօրվա ազգայնականները դեմ են ռասիստական գաղափարախոսությանը։ Շտրաուսը Գերմանիայի վերամիավորման խնդիրը չէր դիտում նեղ ազգայնական հարց, իսկ Լեպենը նման խնդիր չի համարում վերաբնակների պրոբլեմի բարձրացումը Ֆրանսիայում։

Անկասկած, եթե նրանց փորձենք համեմատել մեր «Ղարաբաղ» կոմիտեի կամ Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Շեւարդնաձեի եւ Ալիեւի, ինչպես նաեւ Գամսախուրդիայի, Դուդաեւի կամ Էլչիբեյի հետ (ՀՅԴ-ի մասին էլ չենք խոսում), ապա Լեպենը կամ Շտրաուսը կարող են համարվել (մեր չափանիշներով, իհարկե) «անուղղելի կոսմոպոլիտներ» եւ «ազգի դավաճաններ»։

Նկատի ունենալով այս ամենը, անշուշտ կարելի է ասել, որ քաղաքակիրթ աշխարհը էապես փոխվել է մեկ դարում ու հեռացել է մեր պատկերացրած դասական հասկացողությունից։ Պատճառն այն է, որ նա պարզապես «վերապրել է» այդ բոլոր «իզմ»-երը, սինթեզելով իրենց մեջ այդ սկզբունքների բոլոր ռացիոնալ հատիկները։ Իհարկե, դա չի նշանակում, որ «նրանք» կորցրել են այդ գաղափարական տարբերությունները։ Պարզապես իրար մեջ սինթեզվելով, իրարից «սովորելով», իրարից վերցնելով ռացիոնալը, նրանք ազատվել են այդ «իզմ»-երի աբսուրդից, ծայրահեղություններից։

Անշուշտ, մենք էլ ենք անցնելու այդ «սինթեզի» ճանապարհը, ուզենք թե չուզենք, մեր իրականությունը դա է պահանջելու։ Գոյատեւելու են այն գործիչներն ու կազմակերպությունները, որոնք կհասկանան այս տարրական ճշմարտությունը։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031