Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օհան Դուրյան. «Ներշնչանքն ինքնին լուսավոր է…»

Օգոստոս 17,1995 16:34

 – Ո՞րն է երաժշտության բանալին։

– Հոգու մաքրությունը եւ ազնվությունը։

– Իսկ երաժշտության կախարդիչ ո՞ւժը:

– Տվյալ կոմպոզիտորին վերակենդանացնելու եւ նրա հոգին հանդիսատեսի հետ շաղկապելու կարողությունը։

– Դուք մի՞շտ եք զգում դահլիճի շնչառությունը:

– Միշտ։ Զգում եմ իմ հոգու եւ մարմնի մեջ։ Առանց հանդիսատեսին տեսնելու ֆիզիկապես զգում եմ նրա ներկայությունը։

– Անգամ փա՞կ աչքերով։

– Այո՛։ Աչքերս փակ, կենտրոնանալով երաժշտության վրա, ես զգում եմ նույնիսկ ամեն մի երաժշտին։

– Դիրիժորի փայտիկը… խոսո՞ւմ է:

– Դիրիժորն է խոսեցնում փայտիկին։

– Երաժշտությունը բուժո՞ւմ է մարդկանց:

– Բուժում է, եթե հանդիսատեսը ցանկություն ունենա ընկալելու երաժշտության մաքրությունը եւ ազնվությունը։

– Ոգեղեն երաժշտություն ասելով ի՞նչ եք հասկանում։

– Ամեն տեսակ երաժշտություն, որ գեղեցիկ է։

– Ո՞րն է գեղեցկության չափանիշը։

– Գեղեցկությունը չափանիշ չունի։

-Մի՞շտ է ներշնչանքը լույս ծնում։

– Ներշնչանքն ինքնին լուսավոր է։

– Որտե՞ղ փնտրենք լույսի խորհուրդը:

– Այդ լույսը ընկալելու կարողության մեջ։

– Կարոտը հոմանիշ ունի՞։

– Սերն է։

– Սիրո ինչպիսի՞ բանաձեւ կառաջարկեիք։

– Փոխադարձ հարգանք եւ հասկացողություն։

– Հավատը զորավո՞ր է:

– Այո՛։ Երբ լավատեսական է։

– Հույսը վերջի՞նն է մահանում։

– Հույսը անմահ է։

– Ճակատագիրն ամենակարո՞ղ է:

– Ճակատագիրը պարտադրում է մեզ իր օրենքը։

– Ճակատագրի կողքին ի՞նչ բառ կդնեիք.

– Ճանապարհ: Չէ՞ որ ճակատագիրն ու ճանապարհը միաձուլված են միմյանց։

– Իսկ ՀԱ՞Յ բառի կողքին։

– Տաղանդ եւ ինքնահավանություն։

– Ի՞նչ է Ձեզ համար առավոտը:

– Նոր օրվա կյանք է՝ իր բոլոր հաճելի եւ տհաճ պահերով։

– Ինչպե՞ս կբնորոշեք ժամանակը։

– Ժամանակը ամենախիստ, ամենաճշմարիտ եւ ամենաարդար դատավորն է:

– Դուք ո՞ր կենդանակերպի նշանի տակ եք ծնվել։

– Շան։

– Գուցե դրանի՞ց է, որ մտերմորեն կապված եք ձեր Դոլի շան հետ:

– Ես սիրում եմ բոլոր կենդանիներին։ Մեր տանը Դոլիի հետ հաշտ ու համերաշխ խաղում է Սիսի փափկամազ կատուն։ Ասեմ, որ ունեի նաեւ Միմի սպիտակ թութակ։ Նրան ինձ հետ տանում էի ամեն տեղ։ Այնքան էր մտերմացել ինձ, որ մի օր նույնիսկ եկավ, բազմեց իմ կրծքին եւ… ձու ածեց: 13 տարի է, ինչ այդ ձուն պահվում է մեր տանը։

– Երեւանը Ձեզ համար միայն մայրաքաղա՞ք է:

– Ինձ համար ամեն ինչ է։ Եթե կարողանանք այն պահել աչքի լույսի պես, եվրոպական մակարդակին համապատասխան կուլտուրայով, ապա կարող ենք հպարտությամբ ասել, որ ապրում ենք աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկում։

– Մեր ժողովրդի բնավորության ո՞ր գիծն եք ավելի շատ սիրում:

– Լավատեսությունը։ Եվ այն պետք է մեզ տանի դեպի երջանկություն։ Իսկ այդ ճանապարհը մենք պետք է անցնենք համբերատարությամբ եւ զոհաբերությամբ, իր բոլոր դժվարություններով հանդերձ։

՚- Ի՞նչ կցանկանայիք հայ տղամարդկանց:

– Որ ավելի մեծ հարգանք ցուցաբերեն իրենց կանանց նկատմամբ, նրանց հարգը գիտենան։

– Դուք այդպիսի՞ն եք Ձեր կնոջ՝ տիկին Ալիսայի նկատմամբ։

– Այո՛։ Ես այդպիսին եմ։

Հարցազրույցը վարեց Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031