Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրոյի» դատավարության նախնական փուլն ավարտվեց

Օգոստոս 17,1995 14:31

Պատմում են տուժածները

 Երեկ վերջապես ավարտվեց «Դրոյի» գործին նվիրված դատավարության նախնական փուլը։ Դատավոր Է. Մանուկյանը հայտնեց, որ փաստաթղթերի ցուցակը, որը պահանջել էր փաստաբան Ռշտունին, կներկայացվի օգոստոսի 17-ին: Դատարանը սկսեց լսել տուժածների եւ նրանց ներկայացուցիչների ցուցմունքները:

Արկադի Թունյան անունով մոտ 25 տարեկան մի երիտասարդ, ներկայացրեց իր եւ մեղադրյալ Մնջոյանի ծանոթության պատմությունը։ Այն սովորական է. «Արարատ» ռեստորանում քեֆ էին անում, ծանոթացան, զրուցեցին եւ վիճեցին։ Այդ վեճը Թունյանի համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Վիճողներն արդեն իրար հրաժեշտ էին տվել, երբ հանկարծ Թունյանը լսեց Մնջոյանից եւ նրա ընկերներից վիրավորանքներ, որոնք չցանկացավ կուլ տալ։ Վերադառնալով, նա վերսկսեց «երկխոսությունը»։ Անգամ հերթական հարաբերությունները պարզելուց հետո, Թունյանը որոշեց հեռանալ, սակայն, հենց այդ պահին լսեց մի տարօրինակ ձայն եւ շրջվելով, Մնջոյանի ձեռքում նկատեց ատրճանակը։ Արդյունքում, նա հինգ փամփուշտով վիրավորվել է, ստացել է ոսկորի կոտրվածք, տուժել է նաեւ նրա նյարդային համակարգը։ Փաստաբանները Թունյանին բազմաթիվ հարցեր տվեցին։ Մասնավորապես նրանց հետաքրքրում էր, թե ինչպես նա ռեստորանում չէր նկատել Մնջոյանի ատրճանակը։ Ինքը՝ Մնջոյանը տուժածին ոչ մի հարց չտվեց, իսկ փաստաբան Ռշտունին դիմեց նախագահողին, խնդրելով ապահովել Թունյանի ներկայությունը դատարանում մինչեւ դատավարության վերջը։

Աշոտ Ներսիսյանի մայրը՝ Էմմա Եսայանը, հանդես էր գալիս որպես տուժածի ներկայացուցիչ երկրորդ անգամ։ Առաջին անգամ, դատավարության ժամանակ, նրա որդու սպանության մեջ մեղադրված Տիգրան Դավթյանն ասել էր. «Ես Աշոտին չեմ սպանել, դուք դեռ դա կիմանաք»։ Երեկ տիկին Եսայանը հիշում էր երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Նա հայտնեց, որ մեղադրյալներից ոչ մեկին չի ճանաչում։ Տղայի մասին պատմեց, որ նա ազատամարտիկ էր։ Տիկին Եսայանը իր որդուն դաշնակ էր համարում, սակայն չկարողացավ պարզաբանել, թե ինչի հիման վրա էր ստեղծվել այդ կարծիքը։ Նա վերհիշեց, որ 92 թվականի ամռանը նրա որդու ջոկատում կոնֆլիկտ էր առաջացել՝ Աշոտից ուզում էին խլել նրա մեքենան։ Որեւէ այլ կոնֆլիկտային իրավիճակ կամ իր որդու թշնամիներ տիկին Եսայանը հիշել չկարողացավ։ Փաստաբաններն այս անգամ սահմանափակվեցին որոշ մանրամասներ ճշգրտելով։

«Նա հրաշալի մարդ էր, հրաշալի հայր, հրաշալի ամուսին եւ առավել եւս՝ ընկեր», այդպես բնութագրեց իր ամուսնուն՝ Գագիկ Սահակյանին Գայանե Հովհաննիսյանը, որը նույնպես ցուցմունք էր տալիս որպես տուժած կողմի ներկայացուցիչ։ Նրա ամուսնուն՝ Գագիկ Սահակյանին սպանել էին 94 թվականի մայիսի 2-ին, իր տան մուտքի մոտ։ Տիկին Հովհաննիսյանը հայտնեց, որ մեղադրյալներից ճանաչում է Հարմանդարյանին, Մնջոյանին եւ Մանուկյանին, իսկ Հրանտ Մարգարյանի եւ նրա տիկնոջ հետ իր ընտանիքը մտերիմ էր։ Նրա ամուսնու եւ Հրանտ Մարգարյանի ընկերությունը ամրապնդում էր նաեւ համատեղ կուսակցական աշխատանքը։ Գագիկ Սահակյանը, նրա ասելով, ռազմական հրամանատար էր։ Չնայած ինքը՝ Գայանեն, նույնպես դաշնակցական ակտիվիստ էր, չէր կարող վերհիշել մի դեպք, երբ ամուսինը նրան պատմեր իր կուսակցական գործունեության մասին։ Նա չգիտեր նաեւ, որ կուսակցությունը դժգոհ է Գագիկ Սահակյանի գործունեությունից։ Երբ նախագահողը վկայակոչեց կուսակցական ժողովների արձանագրությունները, փաստաբան Ռ.Սահակյանը բողոք հայտնեց։ Նա հրաժարվեց շարունակել քննարկումը մինչեւ չբացահայտվի, թե որտեղից են հայտնվել քննության տրամադրության տակ ՀՅԴ կազմակերպությունների ժողովների արձանագրությունները։ Կրքերը սկսեցին բորբոքվել, սակայն օրը մոտենում էր ավարտին եւ նիստը հետաձգվեց։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031