Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակիրթ աշխարհը սինթեզում է «իզմերը»

Օգոստոս 17,1995 12:30

Մենք դեռ մոլորված ենք

Վերջերս նորից մեր հասարակության ուշադրության կենտրոնում են հայտնվել լիբերալիզմի, ազգայնականության եւ սոցիալական քաղաքականության խնդիրները: Եթե հաշվի առնենք, որ նմանատիպ պրոբլեմներ են քննարկվում նաեւ հարեւան Ռուսաստանում, ապա կարելի է ենթադրել, որ այս ուշադրությունը, առաջին հերթին, պայմանավորված է ընտրություններից բխող քաղաքական ակտիվության բարձրացմամբ։ Խորհրդային ժողովուրդների համար 1988-ից մինչեւ 1993-ը ռոմանտիզմի շրջան էր, երբ պարզունակ «ազգայնականությունն» ու նույնպիսի պարզունակ «լիբերալիզմը» իրենց հաղթանակն էին տոնում «սոցիալիստական» գաղափարների հանդեպ՝ խախտելով բոլոր հնարավոր եւ նույնիսկ անհնար սահմանները։ Այդ «ռոմանտիկ» ժամանակը բնորոշվում էր այն «իզմերով», որոնց բովանդակությունը հետեւողականորեն մերժվում էր խորհրդային շրջանում, այն «իզմերով», որոնք կյանքը պարզ ու հեքիաթային էին դարձնում «կեղեւից» դուրս թռած մարդկանց համար: Անշուշտ, նման փուլով անցել են նաեւ եվրոպական ժողովուրդները։

Այսօր բոլոր ռադիկալ գաղափարախոսությունները մերժվում ես նույնիսկ առանց քննարկման։ Արեւմտյան ժողովուրդները վաղուց «ճաշակել» են ռադիկալ-լիբերալների սոցիալ-դարվինիստական գաղափարները, որոնց հետեւում էր հասարակության լյումպենացում, գործազրկության մեծ աճ, սոցիալական կյանքի հիմքի փլուզում հասարակության ճնշող մեծամասնության համար։ Արդյունքում գլուխ էին բարձրացնում ծայրահեղ սոցիալիստներն ու ազգայնականները:

Ծայրահեղ սոցիալիզմի քարոզչության պահանջ արեւմտյան ժողովուրդները երբեք չեն ունեցել, քանի որ իբրեւ կենդանի օրինակ՝ ծառայել է Խորհրդային Միությունն ու եղբայրական սոցիալիստական ճամբարը։ Ծայրահեղ ազգայնականության պրոբլեմ եւս եվրոպացիները չունեին, քանի որ այդ դեպքում, նրանք անձամբ են ճաշակել հիտլերյան նացիզմի բոլոր պտուղները՝ համակենտրոնացման ճամբարները, գաղտնի ոստիկանությունը, հրեական ու լեհական կոտորածները։

Այսպիսով, ժամանակակից եվրոպացիները իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է գործնականում նշանակում ցանկացած ռադիկալիզմ եւ ընդունում են այսօր միմիայն «սինթեզված» սկզբունքներ ու գաղափարներ։ Ժամանակակից եվրոպական սոցիալիստներն ու լիբերալներ չեն խոսում դասակարգային պայքարից ու կոշտ մոնետարիստական քաղաքականությունից։ Ոչ ոք հրապարակայնորեն չի հայտարարում, որ հասարակության բեւեռացումն «բնական երեւույթ է», մրցակցությունը ընթանում է այն խնդրի շուրջ, թե որ ուժը կկարողանա ավելի ճկուն մեղմել հարստության ու աղքատության բեւեռները՝ չթուլացնելով միաժամանակ երկրի տնտեսական արդյունավետությունը, իսկ ինչ վերաբերում է ազգայնականներին, ապա

նրանք այնտեղ կա՛մ ներթափանցել են լիբերալների, պահպանողականների ու քրիստոնյա-դեմոկրատների շարքերը, կա՛մ ներկայացնում են առանձնահատուկ տարածքների շահերը։ Ծայրահեղ ազգայնականների առկայությունը հասարակության մեջ կրում է ավելի շատ մարգինալ բնույթ եւ հիմնականում մեծ ազդեցություն չի գործում երկրների քաղաքականության վրա։

Ազգայնականների գործոնը ուժեղացել է այսօր Եվրոպայում՝ կապված վտարանդիների մեծ հոսքի հետ, եւ այդ խնդիրը հատկապես ցցուն է Ֆրանսիայում ու Գերմանիայում, որտեղ համապատասխանաբար արաբական ու թուրքական մեծ համայնքներ են ձեւավորվում։ Ազգայնականների գործունեությունը ասիացիների դեմ մտավախություն է առաջացնում նշված երկրներում։ Եվ այդ մտավախությունը ամենեւին էլ պայմանավորված չէ թուրքերի կամ արաբների հանդեպ «սիրով»։ Եթե ազգայնականների կողմից գործողությունները ասիացիների հանդեպ ստանան պետական բնույթ, ապա պարզ չի լինի, թե ինչ կհետեւի ասիացիների «զտմանը»։ Եվրոպացիները չեն մոռացել, որ 30-ական թվականներին, հրեական զտումներին բնականորեն հետեւեց արդեն բնիկների «զտումը»՝ սկզբում կոմունիստների ու սոցիալ-դեմոկրատների, հետո լիբերալների ու քրիստոնյաների, եւ վերջացավ պահպանողականների, ու դեմոկրատական համակարգի վերացմամբ։

Ահա թե ինչու ներկայիս Եվրոպական հասարակությունը պահանջում է դեմոկրատներից՝ վարել ավելի հակավտարանդիական քաղաքականություն, երբ գործնականում քաղաքացիություն ստանալը չափազանց դժվարացվում է, որպեսզի կանխվի ազգայնական «պայթյունը»։

Այսպիսով, եվրոպական ժողովուրդներն ունեն դեմոկրատական կայուն ավանդույթներ, որոնք թույլ են տալիս ներկայանալու իբրեւ կայուն հասարակություններ։ Իսկ իշխանության համար պայքարող քաղաքական կազմակերպությունները միմյանց վերաբերվում են ոչ թե որպես թշնամիների, որոնց պետք է կախել, բանտարկել կամ սպանել, այլ՝ մրցակիցների։ Այդ առումով քաղաքական պայքարի կանոնները քիչ են տարբերվում, ասենք, ֆուտբոլի առաջնության համար պայքարող ակումբների «խաղի կանոններից»։ Սա է իրական դեմոկրատիայի էությունը։ Մինչդեռ մեր երկրում, Ռուսաստանում եւ մի շարք հետկոմունիստական երկրներում, որտեղ երբեք դեմոկրատական ավանդույթներ չեն եղել մի կողմից ընդդիմության ներկայացուցիչները կարող են բացահայտորեն կոչ անել կախելու իշխանավորներին, կազմելու հրապարակային «ժողովրդական» դատարաններ՝ Լինչի դատաստան տեսնելու համար, հայհոյելու պետության ղեկավարներին, մյուս կողմից՝ իշխանությունները մեկ հրամանագրով, առանց դատարանի որոշման կարող են արգելել ընդդիմադիր կուսակցությունը՝ անվանելով այն ահաբեկչական։

Խոսելով «քաղաքակիրթ հասարակության», «իրավական պետության», «մարդու իրավունքների» մասին եւ այդ հասկացությունների անունից՝ մենք ամեն քայլափոխի անգիտակցաբար ոտնահարում ենք դրանք։ Ուստի կարելի է ենթադրել, որ անգամ տեսական մակարդակով մնացել ենք անկիրթ, այսինքն՝ այդ սկզբունքների գործնական կիրառման մասին խոսելն անգամ ավելորդ է…

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031