Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը բացատրեց եւ ուսուցանեց

Օգոստոս 16,1995 11:05

Լրագրողները հարցազրույցի խնդրանքով վարչապետին հազվադեպ են դիմում՝ գիտեն նրա մշտազբաղությունը։ Բայց ահա բարեպատեհ առիթ՝ վարչապետն ինքն է հրավիրել մամուլի ու հեռուստատեսության

ներկայացուցիչներին։ Այդ պատճառով էլ նրա ներածականը խիստ սեղմ էր, իսկ պատասխանները՝ բավականաչափ մանրամասն։ Զանգվածային

լրատվության միջոցները եզակի հնարավորություն էին ստացել իրենց էջերը սենսացիաներով, նվազագույն դեպքում, հետաքրքրաշարժ տեղեկություններով կամ արտահայտություններով զարդարելու համար, սակայն չգիտես ինչու նրանց աշխատակիցները ձեռնպահ մնացին այդ գայթակղությունից եւ նախընտրեցին հարցերի սովոր շրջանակը։

Նախ շոշափվեց փոքր-ինչ տարօրինակ մի խնդիր, թե Հայաստանին մարդասիրական օգնություն ցույց տվող երկրների ցանկում Ռուսաստանն ինչու է վերջին տեղերից մեկն զբաղեցնում։ Հրանտ Բագրատյանի կարծիքով դա օրինաչափ է, քանի որ Ռուսաստանը դոնոր-երկիր չէ, ինքն էլ մեզ նման միջազգային օգնություններ է ստանում։ Այնուհետեւ խոսակցությունը ծավալվեց ներհայաստանյան իրավիճակի շուրջը։ Թեեւ ՀՀ կառավարության գործունեության 1995-1999 թթ. ծրագրում դրանք բացատրող շատ դրույթներ կային, եւ ասուլիսի մասնակիցները՝ այն ձեռքի տակ ունենալով, կարող էին

հագուրդ տալ իրենց հետաքրքրասիրությանը, գերադասեցին լսել կառավարության ղեկավարի անմիջական պատասխանները։

Ինչո՞ւ հարկ եղավ նախարարություններն ու գերատեսչությունները միավորել։ Պրն Բագրատյանը նշեց, որ դա նախատեսված է նոր Սահմանադրությամբ, միաժամանակ այդ է պահանջում շուկայական տնտեսաձեւին անցնելու պարագան։ Աշխարհի զարգացած երկրները կառավարման պարզ համակարգ ունեն, եւ Հայաստանը, որ ձգտում է դասվել նրանց շարքը, պետք է ինքն էլ դիմեր կառուցվածքային համապատասխան փոփոխությունների։ Նախկինում գործած 31 նախարարությունից մնացել է 23-ը, 8-ը լուծարվել է։ Առաջիկայում հնարավոր են միաձուլման այլ միտումներ եւս։ Սահմանադրության պահանջներից է բխում նաեւ վարչատարածքային բաժանումը, որն առայժմ նախապատրաստման փուլում է։ Փոքրիկ Հայաստանն անհնար է ներկա կառուցվածքով ճկուն ղեկավարել, այդ համակարգը պետք է հնարավորին չափ հստակեցվի։ Նախատեսվում է 36 գյուղական եւ 10 քաղաքային շրջանների փոխարեն ձեւավորել 10 մարզ։

Էներգետիկայի զարգացման հեռանկարը պրն Բագրատյանը շաղկապեց ոչ միայն շահագործվելիք հիդրոկայանների եւ վերաբացվող ԱԷԿ-ի հնարավորություններին, այլեւ բնակչության վճարունակությանը։ Վերջինիս պետք է հասնել ինչպես քարոզչությամբ, այնպես էլ պատժամիջոցներով։ Ցավոք, տույժերի կիրառման համակարգը դեռեւս կատարյալ չէ, այդ պատճառով էլ էլեկտրաէներգիայի վարձը մուծող քաղաքացիները չմուծողների չափ պատժվում են։ Սակայն Էջմիածին քաղաքի փորձը ցույց է տալիս, որ կառավարման տեղական մարմինների ճիշտ գործելակերպի դեպքում հնարավոր է բնակչությանն ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարմամբ։

Վարչապետն առանձնահատուկ կրքով խոսեց հացի արտադրությունը պայմանավորող գործոնների մասին։ Պետությունը դեռեւս ալյուրով ու հացահատիկով բեռնված գնացքակազմեր է բերում հանրապետություն, սակայն շուկայական հարաբերությունների պայմաններում դա պետք է կատարեն մասնավոր ձեռնարկություններն ու կազմակերպությունները։ Հացի անորակության ու պակասի մեղավորները, ըստ նրա, մաֆիան է, որը պետության հաշվին հարստանում է։ Այս առնչությամբ, նա անդրադարձավ նաեւ «արդյունաբերական լոբբինգին», հայտարարելով, որ չի աջակցի նրա գործունեությանը, իսկ ձեռներեցներին, ընդհակառակը, ամեն ինչով կօգնի։

Վարչապետը պատասխանեց նաեւ Վրաստանի կառավարության ղեկավար Օթարի Պացացիայի հետ Ստեփանավանում վարած բանակցությունների արդյունքների մասին հարցերին։ Գազամատակարարման եւ տարանցիկ ճանապարհների օգտագործման մարզում նա մի քանի հաջողություն նշեց։ Վրաստանն այսուհետեւ ստիպված կլինի իր վերցրած գազի համար տուգանքներ վճարել։ Նույնը վերաբերում է նաեւ գազատարի պայթեցումներին եւ մյուս խափանարար գործողություններին։

Վարչապետի ասուլիսում քննարկման նյութ դարձավ նաեւ կրթական համակարգը։ Մեկ անգամ եւս ամրագրվեց, որ Հայաստանում պարտադիր ձրի կրթությունը անցյալ չի դառնա, պարզապես կավելանան մասնագիտացված դպրոցների ու վճարովի բուհերի հնարավորությունները։

Լրագրողների եւ վարչապետի այս հանդիպումը շահավետ էր հատկապես առաջինների համար։ Նրանց խորհուրդ տրվեց խուսափել մամուլով մեկ տարածված «պրիմիտիվիզմից»։ Եթե նկատի ունենանք, որ այդ հանգամանքը պայմանավորված է կենդանի շփումների բացակայությամբ, ապա կարելի է հուսալ, որ նման հանդիպումները վերջակետ կդնեն լրագրողական անբարեխղճությանը։ Մանավանդ, եթե դրանք զերծ չեն ուսուցողական երանգից, ինչին ականատես եղանք երեկ։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031