Հայ մտավորականությանը խորթ են ժողովրդավարական արժեքները եւ քաղաքացիական մտածողությունը: Այսօր այս մեղադրանքը հաճախ է հնչում։ Արձանագրելով այդ տխուր փաստը, մենք նորից ընկնում ենք ազգային թերարժեքության կոմպլեքսի գիրկը, նույն հոգեվիճակը պարտադրելով ընթերցողին։ Այնինչ փաստը ոչ թե լացուկոծի, այլ բացատրության կարիք ունի։
Դարերով օտար լծի տակ տառապած ժողովրդին կարո՞ղ են, բացի ազգայնականությունից, այլ արժեքներ հարազատ լինել։ Նեղ ազգային խնդիրների շրջանակից ի վիճակի են դուրս գալ միայն մեծ եւ հզոր ազգերը։ Մեծ ազգերը կարող են իրենց թույլ տալ համամարդկային արժեքներ դավանելու շռայլությունը։ Մյուս կողմից՝ համամարդկային արժեքները շահավետ են միայն մեծ ազգերին, քանի որ գաղափարապես հիմնավորում են նրանց էքսպանսիան։ Փոքր ազգերը այդ էքսպանսիան դիմագրավում են ազգայնականությամբ։
Հայ ժողովուրդն այսօր գտնվում է ոչ թե գերտերության ազդեցության ոլորտում, այլ հզոր ուժերի բախման կետում: Օտար արժեքների նկատմամբ հակազդեցությունը բնական է ու հասկանալի։ Արդյունքում ծնվում է հակամասոնությունը եւ հակաիմպերիալիզմը եւ այլ հակագաղափարներ:
Ավելի ավանդական է հակաթուրքականությունը՝ պահանջատիրության եւ Հայ Դատի հետապնդման ձեւով: Լինելով ավանդական, այս տարբերակը միաժամանակ ավելի ճկուն է, քանի որ Արեւմուտքի եւ արեւմտյան
Կարդացեք նաև
արժեքների դեմ հակադրությունը շղարշվում է Թուրքիայի դեմ հակադրությամբ ու պահանջատիրության եւ Հայ Դատի պայթյունավտանգ, բայց կոնկրետ խնդիրներով։ Հակառուսականությունը Հայաստանում ժամանակավոր եւ ավանդույթներ չունեցող երեւույթ է։ Այն հատուկ էր միայն կայսրության փլուզման շրջանին։ Հետագայում հայ ազգայնականությունը ոչ թե անկախական, այլ՝ ռուսամետ էր։ Այդպիսին է առայսօր։ Այս յուրահատկությունը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Նախ՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում այս շրջանում համընկան Հայաստանի ազգային նպատակների իրագործմանը։ Այս հարցում հատկապես հետեւողական ու արմատական է ռուս ազգայնականությունը։ Սա նպաստեց հայ եւ ռուս ազգայնականների մերձեցմանը։ Երկրորդ՝ ազգայնական գաղափարախոսությունը չի կարող միաժամանակ չլինել նաեւ սոցիալիստական։ Այս հարցում էլ հայ եւ ռուս ազգայնականները միասին են։
Որքան էլ այսօր ազգայնականությունը փորձում է խուսափել սոցիալիստական պիտակից, նետվելով «կիսասոցիալիստական» կեղծ նրբերանգների ետեւից, միեւնույն է ազգայնականության պաթոսը սոցիալիստական է։ Անհատի շահը ստորադասվում է կոլեկտիվի շահին, անհատի սեփականությունը՝ ազգային սեփականությանը եւ այլն։ Առ այսօր ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում որեւէ մեկը չի կարողացել հստակ սահմանել կորպորատիվիզմ տերմինը, որը ներկայացվում է որպես սոցիալիզմի ավելի մեղմ, փոխզիջումային տարբերակ։ Լատինական Ամերիկայում հրաժարվեցին այդ գաղափարախոսությունից, որը սնում էր նրանց հակաամերիկանիզմը, եւ ընկան ՄՎՖ-ի աքցանների մեջ։ Այսօր նրանց տնտեսությունը աստիճանաբար խելքի է գալիս։
Սակայն ազգայնականությունը չի կարող փոխարինվել այլ գաղափարախոսությամբ։ Ցավով պետք է արձանագրենք, որ ժողովրդավարական արժեքները դեռեւս խորթ են հայ ժողովրդին։ Ազգայնական արժեքների «ապալեգիտիմացումը» հանգեցնում է արժեքային վակուումի։ Արդյունքում՝ բարքերի անկում, բարոյալքում, հիշողության եւ դիմագծի կորուստ։ Մութ կրքերը չեն լուսավորվում որեւէ արժեքներով եւ տրվում են քաոսային տարերքին։
Առավելագույն հնարավորը հին եւ նոր արժեքների սինթեզն է։ Երբ բարեփոխումները հաշվի նստեն հասարակության մեծ մասի շահերի հետ, այն ժամանակ կձեւավորվի վերոհիշյալ սինթեզի սոցիալական պատվերը։ Այդ ժամանակ միայն կարող ենք դատել մտավորականությանը։
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ