Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆի Դեւոյան. «Ես ամեն պահ կարող եմ երջանիկ լինել…»

Օգոստոս 15,1995 13:52

– Ինչո՞ւ Պարի եւ Հոգու թատրոն։

– Առանց հոգու ես ոչինչ չեմ պատկերացնում։ Իսկ պարի յուրաքանչյուր շարժում հոգու որեւէ պահի ավարտուն արտահայտություն է։

– Այսի՞նքն։

– Զգացմունքների մի փունջ է։

– Հիմքում ոգեղե՞նն է:

– Այո՛։ Չէ՞ որ ոգեղենն արվեստի այն հիմնաձողն է, որի վրա կառուցվում է ամբողջ արվեստը։

– Փորձեք բնորոշել… Սոֆի Դեւոյանին։

– Բարի է ու վճռական: Սիրում է կյանքում ամեն ինչ։ Հիանում է ամեն ինչով։

– Ո՞րն է պարի բանալին։

– Անկեղծությունը։

– Հավատացյա՞լ եք:

– Հավատում եմ գերհոգուն՝ Աստծուն։

– Արվեստը լուսավո՞ր է:

– Լուսավոր է, եթե ներկա է Աստվածայինը։

– Ձեր արվեստում ի՞նչն է առաջնայինը։

– Մտքի եւ հոգու առկայությունը։

– Իսկ ի՞նչ նպատակի էր հետամուտ ձեր թատրոնի ստեղծումը։

– Մեջս ցանկություն առաջացավ իմ ձեւով արտահայտել այն ամենը, ինչ տարիներով կուտակվել էր իմ մեջ։ Պարզապես ցանկացա բեմում ներկայացնել մեր դարավոր պարարվեստը՝ անցյալի եւ ներկայի միաձուլմամբ։

– Գո՞հ եք ձեր հանդիսատեսից։

– Ես շատ եմ սիրում նրան։ Պետք է խոստովանեմ, որ մեր թատրոնի առաջին ելույթից մինչեւ այսօր դահլիճը լեփ-լեցուն է։ Ուրախ եմ, որ հանդիսատեսը ընդունել եւ ընկալել է մեզ։ Իսկ նա միշտ էլ խստապահանջ է եղել։ Ուրեմն՝ իզուր չեմ ապրել իմ կյանքը։

– Մեկ տարի եւ հիսունից ավելի համերգ: Ինչ խոսք, քիչ չէ նորաստեղծ թատրոնի համար։ Ինչպիսի՞ նոր ծրագրով է հանդես գալու առաջիկայում։

– Հոկտեմբերի սկզբին թատրոնը պատրաստվում է իր համերգաշրջանը ներկայացնել «Կոմիտասը մեր աչքերով» նոր ծրագրով։

– Ձեր ստեղծած դպրոց-ստուդիան ինչպիսի՞ առաքելություն ունի։

– Պատրաստել այսօրվա մեր թատրոնի սերնդին արժանի փոխարինող։

– Թատրոնում ձեր կողքին աշխատում է նաեւ ձեր ամուսինը՝ Մարտիրոս Մարտիրոսյանը։ Նրա ներկայությունը ձեզ օգնո՞ւմ է ստեղծագործելիս:

– Անշուշտ։ Ես երջանիկ եմ, որ իմ կողքին զգում եմ մի ուժ, որն ինձ լիցքավորում է ե՛ւ սիրով , ե՛ւ արվեստով, ե՛ւ մտքով, ե՛ւ իր բարությամբ։ Եվ այդ ամենի մեջ մի մեծ ու անփոխարինելի հոգի կա։

– Գիտեմ որ շրջագայել եք աշխարհի տարբեր երկրներում։ Ունեք անմոռաց հուշ:

– Հուշերը շատ են ու բազմապիսի։ Օրինակ, Ֆրանսիայում, երբ ելույթ էի ունենում «Ղարաբաղի եղնիկ» մենապարով, հանկարծ նկատեցի, որ ամբողջ դահլիճի ուշադրությունը բեւեռվեց բեմում պատահականորեն հայտնված փոքրիկ մի կատվի վրա։ Կամ ձախողում էր սպասվում իմ ելույթին կամ պետք է որեւէ հնարքով փրկեի այն։ Եվ ես գտա ելքը, պարի մի գեղեցիկ շարժումով գիրկս առա կատվին եւ շարունակեցի իմ ելույթը։ Երբ ավարտեցի՝ ամբողջ դահլիճը երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր։

– Իսկ ունե՞ք անմոռաց հանդիպում։

– Այո՛։ Աշխարհահռչակ    բալետմայստեր Ջորջ Բալանչիին երբ հանդիպեցի, ասաց. «Ես Սոֆիին անվանում եմ հայկական կարապ»։

– Արվեստում ունե՞ք ձեր կուռքը։

– Մայա Պլիսեցկայան է։

– Դուք լավատե՞ս եք:

– Ես հավատում եմ մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրվան։

– Իսկ ինչպիսի՞ ն եք տեսնում վաղվա օրը:

– Ժպիտը երեսիս…

Հարցազրույցը վարեց Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031