Եթե ցանկանանք
ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցի հայոց լեզվի (թելադրություն) քննությունները անաչառության շքահանդես էին հիշեցնում։
Մինչ այս նախադասությունը թղթին հանձնելը, խոստովանեմ, գրիչս օդում պարապ-սարապ տարուբերվեց երկար ժամանակ։ Ո՛չ այն պատճառով, որ «զրո» գնահատական «վաստակած» դիմորդների «քմահաճ» վերաբերմունքից մահացու խոցված հայոց բառերը ջղաձիգ պար էին բռնել աչքիս առաջ (բուրվառ-ի փոխարեն բուլվար-ը և ու բուրվարկ-ը, տվնջյան–ի փոխարեն տղնջյան–ն ու պղնջյան-ը, վաղորդյան-ի փոխարեն «առեղծվածային» բաբորգյա-ն, հրաշեկ-ի փոխարեն պոետների նախանձ շարժող հրաշեք-ը…): Ո՛չ էլ այն պատճառով, որ պատկառելի թվով գրավոր աշխատանքների ուղղագրական սխալները ձգտում էին անսահմանության եւ եթե չծուլանային՝ գուցեեւ հասնեին անհասանելիին… Եվ ո՛չ էլ այն պատճառով, որ անաչառության մասին բարձրագոչ ելույթներ ունեցող ծնողներից շատ քչերն էին սխալներին ծանոթանալուց հետո խոստովանում, որ իրենց զավակները, մեղմ ասած, բավարար գիտելիքներ չունեն։
Պարզապես ես ոգեւորված եմ եւ հիացած քննությունների ողջ ընթացքով, եւ այդ մասին ի լուր ընթերցողների հայտարարելուց առաջ անհրաժեշտ եմ համարում խորը շնչել-արտաշնչել։ Իրոք, երկրորդ տարին է, ինչ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցի ընդունելության քննությունները վկայում են, որ, ցանկության դեպքում, լիուլի հնարավոր է ընտրել լավագույններին, հնարավոր ապահովել առավելագույնս անաչառություն, հնարավոր է բացառել «ազատ շուկայական հարաբերությունների» զարգացումը կրթության ոլորտում: Սակայն մամուլը այնքան նախանձելի համեստությամբ է լռում այդ մասին, որ նա, ով որոշում է կայացրել չլռել, ոչ միայն պիտի նախապես խորը շնչի-արտաշնչի, չի խանգարի նաեւ, որ երեսին խաչ հանի։
Կարդացեք նաև
Լրագրողների մուտքը, ի դեպ, ազատ էր։ Սակայն, ավաղ, ես այնտեղ չտեսա ազնվության շեփորահար-լրագրողներից եւ ոչ մեկին: Հասկանալի է եւ հեշտ բացատրելի. ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահը ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն է, ում դեմ «խիզախորեն» գրիչ շարժելը «ոսկե գրիչի» արժանանալու հիմնավոր նախապայման է։
Ինչ որ է, ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցում մշակվել եւ ճանապարհ է հարթում մի մեխանիզմ, որն անհնարին է դարձնում անհիշելի ժամանակներից մեր անբաժան ուղեկիցը դարձած կողմնակալության արատավոր երեւույթը ընդունելության քննությունների ժամանակ:
Ով թերահավատ ժպտաց կամ դեմքը քամահրանքով ծամածռեց, հնարավորություն ունի դրանում համոզվելու. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը քննությունները շարունակվում են։
Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ