Պաթետիկ դրամա
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԲՀԱ- Բողոքարկման հանձնաժողովի անդամ
ՄՈ– Մամայի որդին
Կարդացեք նաև
ՈՄ– Որդու մաման
Դեպքը տեղի է ունեցել մեր օրերում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հայոց լեզվի քննությունից հետո
Էքսպոզիցիա
Բացվում է վարագույրը։ Բեմի անկյունում նստած է ԲՀԱ-ն, որ շտապ-շտապ սրտի կաթիլներ է խմում։ Սեղանին տետրերի կույտ է։ Լսվում է Գեորգի Մինասյանի «Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ» երգը եւ միաժամանակ ներս են մտնում ՄՈ-ն ու ՈՄ-ը: Հասնում են ԲՀԱ-յին։
ՈՄ-Մի ցույց տվեք տեսնեմ էդ խի եք տղիս «զրո» դրել։
ԲՀԱ- (հոգնատանջ) Չենք դրել, տիկին, ստացել է։
ՈՄ- (ոչնչացնող հայացքով շանթահարում է նրան) Տուր, տուր, ձեզ էլ գիտենք։ Ինձ ասեցին է՜, ասեցին՝ գործ չունես դրանց հետ, խի՞ չլսեցի…
ԲՀԱ–(տետրը լուռ դնում է Մո-յի ու Ոմ-ի առաջ):
Ոմ- էս ի՞նչ եք արել։
ԲՀԱ- Ի՞նչ ենք արել։
Ոմ- Էս ի՞նչ սխալներ եք ավելացրել։
ԲՀԱ- ՀարցրԵք Ձեր որդուն, ի՞նքն է արել այդ սխալները, թե՞ մենք ենք ավելացրել։
Կուլմինացիա
ՄՈ-յի ու ՈՄ-ի երկխոսության ողջ ընթացքում լսվում է Գրիգի «Թզուկների պարը», որը աստիճանաբար ուժգնանում է եւ երկխոսության ավարտին կտրուկ մարում։
ՈՄ – Էս քո՞ սխալն ա։
ՄՈ –Ի՛մն ա, մա՛մա։
ՈՄ- Է՞ս…
ՄՈ – Ի՛մն ա, մա՛մա։
ՈՄ- Է՞ս։
ՄՈ – Ի՛մն ա, մա՛մա։
Բեմադրիչի ցանկությունից է կախված, թե որքան կշարունակվի այս պատկերը։
ԲՀԱ – Համոզվեցի՞ք, որ սխալների հեղինակը Ձեր որդին է։
ՈՄ – Մեկ ա, սխալ արած էլ չլիներ, դուք կավելացնեիք ու «զրո» կդնեիք։
ՄՈ – Ես սկի չէի էլ ուզում միլիցա դառնամ, շատ պետքս ա:
Ֆինալ
Լսվում է Մոցարտի «Թուրքական քայլերգը», որի հնչյունների ուղեկցությամբ ՈՄ-ն ու ՄՈ-ն խրոխտ քայլերով հեռանում են։ Կուլիսների հետեւից լսվում է դժբախտ ՈՄ-ի հոգեցունց ճիչը։
ՈՄ – Հողե՛մ ձեր կաշառակեր գլուխը։
ԲՀԱ – (սրտի կաթիլներ է խմում):
Վարագույրը դանդաղ փակվում է. երաժշտությունը դանդաղ մարում է, հանդիսատեսը, ցնցված այս սրտամաշ պատմությունից, առանց ծափահարությունների հեռանում է։
ՎԵՐՋ
Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ