Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրականության աննկատելի մահը

Օգոստոս 12,1995 16:00
groxneri tun

Ժողովուրդը, որ դեռ 88-89-ին հարցնում էր՝ ո՞ւր է մեր մտավորականությունը, մոռացավ նրանց։ Տասնյակ գրողներ, ովքեր սովետական կարգերի ջատագովն էին եղել, դադարեցին գրելուց, հենց որ տպագրվելու հնարավորությունները նվազեցին։ Այլ տասնյակներ, ովքեր սովոր էին գրել այն, ինչ հասարակությունն իրենցից այդ պահին պահանջում էր, նույնպես չիմացան ինչ գրել։ Բոլորի աչքը դարձավ իշխանություններին, թե ինչ պատվեր են տալու։ Իշխանությունը ոչ մի պատվեր չտվեց։ Այդ ժամանակ ծայր առավ բողոքը, թե իշխանություններն անտեսում են մտավորականությանը, գրողներին։

Ոչ ոք, համարյա ոչ ոք չգնաց Ղարաբաղ կռվելու, չգնաց գոնե տեսնելու, թե ինչ բան է այդ պատերազմը, որից հետ չեն գալիս իրենց նման տղամարդիկ։ Միայն մի քանիսը, որ հնարավորություն ունեին, հեռացան Հայաստանից, իսկ ավելի ստվարաթիվ մի խավ սկսեց արդարացնել նրանց։ Ոչ ոք չտվեց ահեղ հարցը. ի՞նչ գործ ունի արվեստագետն արտասահմանում, երբ իր երկիրը պատերազմում է։ Բոլորը հարցնում էին. ինչպե՞ս կարելի է ապրել այս սոված, ցուրտ, անլույս Հայաստանում։ Օդը լիքն էր քաղաքականությամբ, ու հոգեւոր կյանքի ներկայացուցիչների դժգոհությունը քաղաքական երանգ ստացավ։ Տարիներ անցան, մինչեւ հասարակությունը, եւ իրենցից՝ գրողների մի մասը հասկացան, որ ընդվզումը սոցիալական բնույթի էր։ Երբ որ 94-ի աշնանը Գրողների միության նորընտիր նախագահ Ռազմիկ Դավոյանն իր առաջին հարցազրույցում ասաց, որ առաջնահերթ խնդիր է պետության ստացած հումանիտար օգնությունից գրողներին բաժին հանելը։ Երբ արձակագիր Անահիտ Սահինյանը վերջերս «Ազգ» թերթում մի երկխոսություն պատմեց.

Ա. Սահինյան. – Երկար ընդմիջումից հետո Հայաստանի գրողների միության անդամները հերթական օգնությունը ստացան՝ …նորածնի վեց զույգ բաբուջ, նաեւ երկուական սրվակ ժամկետանց դեղորայք։ «Պատկերացնում եմ թափածդ ջանքերը… բայց լավ կլիներ, եթե նորածնի բաբուջները գրողների անունից նվիրաբերվեր որեւէ ծննդատան…

Ռ. Դավոյան. – Ինչո՞ւ գրողներին պետք չէր, գրողների տներում նորածիններ չկա՞ն։

Ա. Սահինյան. – Երեք հարյուրից՝ քանիսի՞ տանը։ Նրանց էլ պետք չէր վեց զույգը, վեցն էլ՝ նույն չափսի։

Ռ. Դավոյան.– Իսկ ի՞նչ տայի, ոսկի՞։

Ա. Սահինյան. – Ինչո՞ւ այդ պահին աչքիդ հենց ոսկի երեւաց։ «Թուղթ ու թանաք տայիր, այդ էլ է գլխներիցս կտրվել»։

Ռ. Դավոյան.– Բաբուջ արտադրողից քեզ համար թուղթ ու թանաք խնդրեի՞, մարդու ունեցածը բաբուջ էր։

Գրականությանը պետք է պետական հոգածություն։ Հին գրականություն ունեցող Հայաստանում՝ ավելի շատ, քան, ասենք, Կալմիկիայում, որտեղ պետական դոտացիայի բացակայության պատճառով փակվել է միակ գրախանութը։ Հայաստանի կառավարությունն էլ… ցուցաբերում է պետական հոգածություն։ Ոչ այնքան, ինչքան անհրաժեշտ է։

Պետությունը հոգում է այնքան, ինչքան կարողանում է։ Ինչքան կարողանում է հոգալ ուսուցչի, սպայի, բժշկի ու գիտնականի մասին, այսինքն` քիչ։ Նույնիսկ բրեժնեւյան գովական ժամանակում էլ հոգում էր չափավոր։ Տարբերությամբ, որ այն ժամանակ հոգում էին ջոկովի։ Թող հարկատուների մուծած դրամը

ուղղվի գրողների վիճակը բարվոքելուն, բայց միայն ոչ թոշակառուների հաշվին։

Պետք է տպագրել գրքեր, բայց ոչ այն գրողների գրքերը, որ իրենց ժամանակից չեն կարողացել առաջ ընկնել, ինչպես վայել է իսկական հանճարին, չեն կարողացել նույնիսկ «ժամանակի շունչը դառնալ», ինչպես որ Չարենցի հեղինակավոր ստորագրությամբ ծրագրավորել էր նրանց նախորդ վարչակարգը։ Այլ քարշ են գալիս ժամանակի պոչից: Այդ գրքերը որոշելու եղանակները շա՛տ են սուբյեկտիվ ու քմահաճ։ Երբ կուսակցություններն են այդ հնարավորությունները տալիս, ընդհանուր ցուցակի պատկերում այդ կուսակցության անդամները գերակշռում են։ Պետությունն էլ կարող է, ի դեմս իր պաշտոնյաների, համակրանքներ ու հակակրանքներ ունենալ։ Եվ, ըստ այդմ, լինել սուբյեկտիվ։ Իսկ առաջվա նման բոլորին տպել, որ մեջները լավագույններն էլ ընկնեն, հնարավոր չէ։ Դա՛ ե՛ւ Գրողների միությունը լավ պահելը արդեն կլինի հաշմանդամների հաշվին։ Համենայն դեպս, այն գրողները, ում անունը անվերապահ տալիս թե՛ գրողները, թե՛ ընթերցողները Հրանտ Մաթեւոսյան, Աղասի Այվազյան, գրող կդառնային առանց գրողների միության էլ։ Հաճախ դարձել են ի հեճուկս գրողների միության։

Իսկ գրողների միությունը, անվանի գրողներից շատերը թող այս ազատ ժամանակն օգտագործեն մտածելու համար, թե ինչպես եղավ, որ իրենցից հետո անվանի գրողներ չթողեցին, ինչպես եղավ, որ հայ գրականության հարյուրամյակների փոխանցումավազքի փայտիկը չհանձնեցին իրենցից հետո եկող սերնդին։ Թե ինչպես էին աբորտի դեմ քաղաքակրթության պայքարին զուգընթաց, իրենք էլ այստեղ գրողներ էին վիժեցնում։ Թե ինչպես մեր վերջին մեծերը՝ Չարենցը, Զորյանը, Իսահակյանը օրհնող աջը դրել էին նրանց, դեռ ոչ անվանի գլուխներին, իսկ նրանք իրենց որդիների ու հեռումոտիկ ազգականների գլուխներին դրեցին։

Բացի ընտանեկան էգոիզմից, որը գրական ավագանու վարքագծի հիմնական շարժիչ ուժն էր դարձել, գրական ողջ համայնքին կարծես սատանայական մի դյութանքով համակել էր չկամությունը։

Ահա թե ինչու, երբ գրողները պետական հոգածություն են պահանջում, որ բնականաբար անհրաժեշտ է ու կարեւոր, նրանց խոսքը համոզիչ չի հնչում։ Տպավորությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը հոգածություն պահանջում է միմիայն անձամբ իր նկատմամբ։

Ի սեր արդարության պետք է ասել, որ ժամանակակից հայ գրականությունը հանգավ ոչ միայն այն պատճառով, որ կոնյուկտուրային մղումներով առաջնորդվող բազմաթիվ գրողներ դադարեցին արտադրանք տալուց, այլեւ՝ հասարակության կողմից պահանջարկի կտրուկ նվազման։ Հասարակության ամբողջ խավեր իրենց տեղն են որոնում նոր համակարգում, եւ գրականության ու արվեստի գլուխ չունեն։

Բացի այդ, գրականությունը ժամանակավորապես կամ ընդմիշտ լքել են իրենց անուրանալի ձիրքը ապացուցած մի շարք գրողներ։ Արձակագիր Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը գլխովին խրված են քաղաքականության եւ պետականության խնդիրների մեջ, իսկ շնորհաշատ բանաստեղծ Աղվան Վարդանյանը, ասենք, դաշնակ դարձավ։ Իրավիճակը տագնապի տեղիք է տալիս՝ ուրեմն ինչպե՞ս ենք մենք ներկայանալու աշխարհին։

Բայց ես կարծում եմ, որ ոչ մի տեղ էլ պետք չէ ներկայանալ։ Ազգը աշխարհին ներկայանում է իր պետությամբ (Գերմանացիների կողմից Բոխումում հրատարակված հայ արվեստի անթոլոգիան, օրինակ, բացվում է նախագահ Տեր-Պետրոսյանի լուսանկարով): Գերմանական հզոր ազգն ու մշակույթը, որքան Գյոթեի, նույնքան՝ Բիսմարկի ստեղծագործությունն են։

Իսկ աշխարհը մեր մշակույթից ինքը կքաղի ինչն իրեն պետք է։ Պետությունը, հատկապես նոր իրեն հաստատող պետությունը, մշակույթի ստնտուն ու դայակը լինելուց առաջ, նրա գոյության երաշխավորն է։ Եթե չլինի հայկական պետություն, հայ գրողները կգրեն հայատառ թուրքերեն, ռուսատառ ռուսերեն, հայերեն գրողներն էլ մի օր կզարթնեն ու կտեսնեն, որ հայերեն ընթերցող չունեն։

Այդ պատճառով պետք չէ ափսոսալ, որ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը բանակն ու ներքին գործերն են ղեկավարում, իսկ Աղվան Վարդանյանն էլ դաշնակ է դարձել։ Մի օր նրանք վայր կդնեն զենքը ու նորից գրիչ կբռնեն։ Եթե չբռնեն էլ, կլինի ամուր պետություն եւ ՆՈՐԵՐԸ ԿԳԱՆ։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031