Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր եւ ավանդական արժեքներ

Օգոստոս 12,1995 12:30

Անգամ անհատը, որոշակի տարիքից հետո, իր արժեքներն այլեւս չի փոխում։ Ժողովրդի, էթնոսի համար արժեքների փոփոխությունը նշանակում է գոյության սկզբունքների փոփոխություն։ Իսկ գոյության սկզբունքները մեկ տասնամյակում կամ հարյուրամյակում չեն փոփոխվում։ Որեւէ ազգ իր արժեքները չի փոխում։ Կան արժեքային ճգնաժամի ժամանակներ, երբ ավանդական արժեքները խանգարում են նոր պայմաններին հարմարվելուն։ Նման դեպքերում ճգնաժամը հաղթահարվում է ոչ թե արժեքների փոփոխությամբ, այլ՝ հին եւ նոր արժեքների համադրությամբ։ Այս օրինաչափությունը գործում է ոչ միայն առանձին ազգերի, այլեւ քաղաքակրթությունների, ասենք՝ եվրոպական քաղաքակրթության դեպքում։

Հայկական սփյուռքն ավելի պահպանողական էր, քան Հայաստանի ժողովուրդը։ Ուծացման մշտական վտանգը բացառում էր վտանգավոր փորձարարությունը արժեքների ոլորտում։ Հայաստանում արդեն անհրաժեշտ էր ավանդական եւ կոմունիստական արժեքների համադրումը։ Քանի որ Թուրքիան գտնվում էր հակադիր ճամբարում, այդ համադրումը մեծ ջանքեր չպահանջեց, եւ ստեղծվեց «հայ կոմունիստական գաղափարախոսությունը»։ Այդ գաղափարախոսությունը հռչակում էր, որ սոցիալիստական ազգերի եղբայրական ընտանիքը հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն է։

Կայսրության փլուզումը արմատապես փոխեց աշխարհաքաղաքական իրադրությունը։ Որպես առանձին տնտեսական միավոր Հայաստանն այսօր ստիպված է բնականոն հարաբերություններ հաստատել իր հարեւանների հետ։ Անգամ, եթե ԱՊՀ միացյալ տնտեսական տարածությունն իրականություն դառնա, նախկին ներքին տնտեսական խիստ կոոպերացիան այլեւս բացառվում է։ Միայն մեկ ուղղությամբ բաց տնտեսություն այլեւս չի լինելու։ Անմիջական հարեւանների հետ առանց Մոսկվայի միջնորդության հարաբերվելն անխուսափելի է։

Սակայն ավանդական արժեքներն այժմ խոչընդոտում են այդ հարաբերություններին։ Անգամ ղարաբաղյան հակամարտությունն այնքան մեծ խոչընդոտ չէ, որովհետեւ այն կարող է ինչ-որ ձեւով կարգավորվել։ Կան փոխզիջման հնարավորություններ։ Պահանջատիրությունն ու Հայ Դատը եւ ավելի լայն, հայկական արժեքների սկզբունքային հակաթուրքականությունը, թվում է անհաղթահարելի։ Հայ նոր քաղաքական ուժերը եւ հայկական բյուրոկրատիան նոր արժեքների կրողն են։ Այդ արժեքները համապատասխանում են նրանց շահերին եւ ողջ հանրապետության տնտեսական շահերին։ Այսօր այդ արժեքների կրողը միայն նրանք են, որովհետեւ նրանք են առայժմ տնտեսական շահ ունեցող միակ խավը։ Աստիճանաբար, երբ տնտեսական «խաղի» մեջ սկսեն ընդգրկվել այլ խավեր, նոր արժեքների ընդգրկման ոլորտը կընդարձակվի։

Սակայն ազգը նոր արժեքներով չի կարող ապրել։ Ինչպես նշվեց, միայն ավանդական եւ նոր արժեքների համադրումը կարող է դուրս բերել ճգնաժամից։ Սակայն, ըստ երեւույթին, համադրումն այնքան էլ հեշտ գործ չէ։ Այսօր նման փորձեր անգամ չեն արվում։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031