Որքան էլ անսպասելի էր թվում լուրը, բայց իրոք հուլիսի սկզբին ձերբակալվել
էին ԼՂՀ նախկին ԳԽ չորս անդամներ՝ ԳԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, քարտուղար Վլադիկ Հակոբյանը, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք–Շահնազարյանը։ Հանրահայտ դերասանուհի Ժաննա Գալստյանի բնակարանը թեեւ խուզարկվել էր, նրան չէին ձերբակալել («Ազգի» մեր հարգելի գործընկերները սխալվել էին): 12 օր բանտում մնալուց հետո ձերբակալվածներից երեքի խափանման միջոցը փոխվել է եւ, Ստեփանակերտից չբացակայելու ստորագրություն տալով, նրանք ազատ են արձակվել։
Առ այսօր բանտում է գտնվում Վալերի Բալայանը։ Մի քանի օր առաջ կրկին ձերբակալվել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը։
Մեր ունեցած տվյալներով, ԼՂՀ նախկին ԳԽ նախագահության անդամները մեղադրվում են պաշտոնի չարաշահման, ֆինանսական խախտումների եւ 1990-92 թվականներին ստացած զենքը թաքցնելու մեջ։ Այսօրվա դրությամբ քննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Ստեփանակերտում հանդիպեցի Վլադիկ Հակոբյանին, մարդկայնորեն շատ ծանր էր նրա հետ խոսելը։ Ողնաշարը կոտրված մարդու տպավորություն էր թողնում։ Տարիներ առաջ նա թողել էր Հայաստանում գիտական աշխատանքը, վերադարձել Ղարաբաղ եւ մի քանի տարի է, ապրում է նկուղային բնակարանում։ Այդ ընթացքում մենք բազմիցս հանդիպել ենք ԼՂՀ ԳԽ-ում, շրջաններում, եւ չնայած քաղաքական հայացքների որոշակի տարբերությանը, մեզանից ոչ ոք նման հանդիպում չէր կարող ակնկալել… Մեր զրույցը չստացվեց։
Ի տարբերություն ՝ նրա, Գեորգի Պետրոսյանը, ինչպես միշտ, պայծառ ժպիտը դեմքին լավատեսորեն էր տրամադրված եւ բանտում անցկացրած օրերի մեջ անգամ խորհուրդ էր տեսնում։ Մազերն ու մորուքը սափրել էին, դալկացել էր։ Առաջին պահին Գեորգիին չճանաչեցի։ Նա ասաց, որ բանտում որեւէ ֆիզիկական կամ այլ ճնշման չի ենթարկվել (նման լուրեր պտտվում էին Երեւանում) եւ որ իր, ինչպես նաեւ մյուսների նկատմամբ, վերաբերմունքը նորմալ էր։ Փորձում էի նրան սադրիչ հարցեր տալ։ Կատակում էր եւ իր մշտական պատասխանն էր տալիս. «Լոխ լյավ ա իննական»։
Վերջին ամսվա իրադարձությունների վերաբերյալ մեզանից շատերի մեջ տիպիկ սովետական վերաբերմունք է ձեւավորվել. «ուրեմն մի բան կա, ի՞նչ գիտես»։ Որդեգրելով նման մտածելակերպ, կարելի է հաշտվել ամեն ինչի հետ։
Ես, իմ ամեն մի բջիջով մեր պետության կայացման եւ մեր նախագահի կողմնակիցը լինելով եւ ընդունելով, որ մեր ճանապարհին վրիպումներ ու
խորխորատներ կարող են լինել, միայն մի բանից եմ վախենում՝ դարաններից, որոնք մեր կամքով են դրվում։ Ես ուզում եմ հավատալ, որ ընտրյալների բանականությունը, այնուամենայնիվ, կհաղթի, եւ մենք բոլորս այնքան խոհեմություն ու արիություն կունենանք, որ ի զորու կլինենք բնական խոչընդոտը դարանից տարբերելու։
Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ