Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրականության աննկատելի մահը

Օգոստոս 11,1995 16:23

«Ի սկզբանէ էր բանն»։ «Սկզբում Բանն էր, եւ Բանը Աստծո մոտ էր եւ Բանը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանով էր կյանքը…»։

Բանն էր նաեւ վերջում։ Համենայն դեպս, 20-րդ դարի երկրորդ կեսին, աշխարհի ամենալայնածավալ երկրում՝ Սովետական Միության մեջ ու նրա մասը հանդիսացող Սովետական Հայաստանում։ Բանը՝ արդեն ոչ աստվածաշնչյան, այլ այն իմաստով, որ այդ բառին սիրում են վերագրել մշակույթի ներկայացուցիչները։ Այսինքն՝ խոսքը, գրականությունը, արվեստը։ Հատկապես ճանաչված ու հարգված մարդիկ էին գրողները։ Եվ դա զարմանալի չէր։ Չէ որ սովետական ժողովուրդն ամենակարդացողն էր աշխարհում։ Ընդ որում, բարձրագույն կրթություն ստացողների թվով հայ ժողովուրդն ընթանում էր առջեւից։ Կենտրոնական թերթերը՝ «Պրավդան», «Իզվեստիան», «Կոմսոմոլսկայա պրավդան» ունեին միլիոնավոր, իսկ հանրապետական «Սովետական Հայաստանը», «Ավանգարդը» հարյուր հազարավոր բաժանորդներ։ Տարեկան հրատարակվում էր շուրջ 5 տասնյակ գեղարվեստական գիրք, որոնց տպաքանակը հաճախ հասնում էր 50-60 հազարի։ Գրապահարանը յուրաքանչյուր բնակարանի ներքնահարդարանքի անկապտելի մասն էր։

Ուրեմն, գրականություն գոյություն ուներ եւ հաջողությամբ ծառայում էր ժողովրդին։ Հայ գրողները ռուսերեն թարգմանությունների շնորհիվ դուրս էին գալիս միջազգային ասպարեզ, եւ հայ ժողովուրդն իր գրականությամբ էր ներկայանում աշխարհին։ Բնական է, որ իրենց ստեղծագործական միության մեջ միավորված մեր գրողները վայելում էին պետական հովանավորություն։

Ճիշտ է, որոշ գրողներ, ինչպես կուսակցական ղեկավարներն էին արտահայտվում մտերիմ միջավայրում, երբեմն «համը հանում էին», չափից դուրս շատ խոսելով ու գրքեր գրելով Եղեռնի ու Անդրանիկի մասին, հայերենի պաշտպանությամբ հանդես գալով, տնային կալանք ստանալով, բայց գրական կյանքն, ընդհանուր առմամբ, անխռով էր ընթանում:

Այսօր վիճակը բոլորովին ուրիշ է։ Կարելի է ասել նույնիսկ հակառակն է։ Գրականությունը նահանջել է ետին պլան։ Ինչո՞ւ, ինչո՞ւ էին գրողներն ու գրականությունն այդքան ծանրակշիռ տեղ զբաղեցնում սովետական հասարակության մեջ եւ համեստագույն դրության մեջ են այսօրվա Հայաստանում։

Որովհետեւ սովետական կարգերի օրոք գրականությունը մենաշնորհային դիրքում էր. համարյա մրցակիցներ չուներ։ Մշակույթի ներկայացուցիչներից ավելի ճանաչված ու սիրված էին, թերեւս միայն սպորտսմենները։ Չկային քաղաքական գործիչներ, քաղաքականությունը որոշվում էր Կրեմլում՝ փակ դռների ետեւում եւ ընդամենը՝ մի քանի հոգու կողմից։ Ավելի ճիշտ՝ որոշվում էր միայն այն, ինչը վերջնականապես չէր որոշվել մի քանի հոգու կողմից 1917 թվականին։ Ճանաչված ու սիրված էին միայն ՍՄԿԿ գլխավոր եւ հանրապետությունների առաջին քարտուղարները, որոնք սկսում ու շահում էին ցանկացած կուսակցական համագումար։ Մնացած կոմունիստ գործիչներն, ըստ այբբենական կարգի, ներմուծվում էին Քաղբյուրոյի ու կենտկոմների անվանացուցակ (նոմենկլատուրա) եւ առանց որեւէ կարգի ու բացատրության չքվում այնտեղից։ Ընդ որում, երբեք չէր պատահում, որ գլխավոր կամ առաջին քարտուղարը փոխվեր համագումարի ընթացքում։ Այդ խնդիրը վճռվում էր մինչեւ կամ հետո։ Չկային հայտնի տնտեսագետներ։ Այսինքն, նրանք կարծեմ տնտեսագետ չէին էլ կոչվում, որովհետեւ տնտեսագիտությունը փոխարինված էր քաղտնտեսությամբ։ Նրանով զբաղվողներին էլ համապատասխանաբար անվանում էին քաղտնտեսության մասնագետներ։ Քանի որ ՍՄԿԿ համագումարն էր որոշում, թե երկրում ինչից որքան է լինելու եւ նրա որոշումներն իրագործվում էին միմիայն անշեղորեն, ոչ ոք չգիտեր, թե, օրինակ, գյուղատնտեսությունը որքան է արտադրում իրականում՝ ոչ թղթի վրա։ Այդ պատճառով չէին հավատում վիճակագրությանը։ Բայց ո՞վ կհամարձակվեր այն վիճարկել։ Սովետական վիճակագրության աստեղային ժամը վրա կհասնի Սովետական Միության վերացումից հետո, հետմահու, երբ նրա բոլոր կեղծ տվյալները որպես բացարձակ ճշմարտություն նույնիսկ նոր վարչապետների կողմից կհամեմատվեն նոր ժամանակների նվազ թվերի հետ։

Այլ գիտությունների մեջ նույնպես մեծաթիվ էին գաղափարապես ընդունելի կամ անընդունելի ճյուղերը՝ ինչպես խոր միջնադարում։

Հատուկենտ էին հայտնի լրագրողները։ Որովհետեւ սովետական մամուլը տպագրում էր միայն ճառեր։ Մեծահասակների համար՝ մեծահասակ, երիտասարդների համար՝ երիտասարդ, երեխաների համար մանկահասակ առաջնորդների ճառերը։

Հեռուստատեսությունը ցուցադրում էր նույն ճառերը եւ հանդիսավոր, շա՛տ հանդիսավոր նիստեր։

Չկային նույնիսկ հայտնի մարդիկ։ Երբեմն-երբեմն շաղափող, հորատող, կթող մի քանի բանվոր-կոլտնտեսականի հերոս էին սարքում ու հրում պատմության գիրկը, բայց նրանց այնտեղ դիմանալը միայն կլիներ իսկական հերոսություն։

Ընտրյալներ կային, որոնք օգտվում էին նոմենկլատուրային լայն արտոնություններից, բայց չկար ընտրախավ՝ էլիտա։

…Արտասահմանյան արվեստագետներն էլ սովետականի համար լուրջ մրցակից չէին, որովհետեւ հնարավորություն չկար «կապիտալիստական» երկրների մշակույթին ծանոթանալու։ Թեեւ առանձնաշնորհյալներին թույլ էին տալիս ծանոթանալ ու մյուսներին ասել, թե այդ մշակույթում ինչն է լավ, ինչը՝ վատ։

Աշխարհի լավագույն ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվում էին ՊԱԿ-ի՝ «ԿաԳեԲեի» մշակույթի ակումբում։

Դեռ կար մի քանի գործող եկեղեցի, բայց պաշտոնապես հայտարարված էր, որ Աստված չկա։

Բայց փոխարենը, ինչպես մեր գրաքննադատներից մեկն է վերջերս գրել, գրողները «միջնորդ էին պետության եւ ժողովրդի միջեւ»։ Եվ շարունակում է. «Ուրիշ որտե՞ղ էր գրողների ու գրականության վրա այդպիսի պատասխանատվություն դրված»։ Թե այդ միջնորդությունից ի՞նչ էր ստանում ժողովուրդը, հայտնի չէ։

Ոչ լիքը գրապահարանները, ոչ ավելի ավագները երիտասարդներին գրողների անուններ չեն փոխանցել։ Իսկ եթե մի քանիսի անունը նույնիսկ փոխանցել են, նրանց գրականությունը չեն փոխանցել։

Դատելով այն բանից, թե ինչ արագությամբ են մոռացվում վերջին 50-ամյակի հայտնի անունները եւ մնում դասականները, ետպատերազմյան գրողները միջնորդ են եղել ժողովրդի ու հայ դասական գրականության միջեւ։

Դուք ասեք, որ այսօրվա գրողները պահպանել են ավանդները, ես կասեմ, որ նրանք շատ բան չեն ավելացրել արդեն եղածին։

Ի՞նչ է տվել այդ միջնորդությունը գրողներին։ Մյուս աշխատավորներից ավելի բարենպաստ դրություն։ Ավելի արագ ստացվող բնակարան, ավտոմեքենա, կահույք, այս առումով մեկ գրողն արժեր մոտ տասը բանվոր։ Նաեւ՝ ստեղծագործական տներ, որտեղ հատուկենտ գրողներ էին գնում միայն ստեղծագործելու՝ գերադասելով ստեղծագործել մշտակա՛ն, աշխատավարձո՛վ աշխատանքից հետո, առաջ ու աշխատաժամին։

Ի՞նչ է տվել գրականության միջնորդությունը սովետական պետությանը։ Նախ՝ իր տուրքը «նոր մարդու դաստիարակության» հույժ կարեւոր գործում։ 1987 թվականին լույս տեսած «Քեզ, կուսակցություն» ժողովածուում նույնիսկ հողի ու բնության մաքուր բանաստեղծ Համո Սահյանի «Խոսք կուսակցությանը» բանաստեղծությունն է զետեղված, որն ավարտվում է այսպես.

Մենք քեզնով ներշնչվել գիտենք

Եվ գիտենք քեզ համար մեռնել…

Սահյանն ու իր ամբողջ սերունդը այսպիսի գործերը գրել են կամ պարտադրանքի կամ զանգվածային պսիխոզի հետեւանքով։ Հետագայում պարտադրանքն ու զանգվածային պսիխոզը թուլացան, բայց նորերը՝ Արամայիս Սահակյանը, Համլետ Կարճիկյանը եւ շատ ու շատ ուրիշներ, շարունակում էին Լենինին ու «կուսակցությանը» գովերգել։ Դեռ հույսեր կային, որ գովերգողներն ավելի սերտ միջնորդ կլինեն ժողովրդի ու պետության միջեւ, քան չգովերգողները։ Գովերգում էին արդեն այն օրերին, երբ հավասար աղքատությունը վաղուց արդեն առասպել էր դարձել, իսկ հասարակությունը գողի բարոյականությամբ լավագույն դեպքում խղճում էր աշխատավարձով ապրողներին։ Բացի գրական տուրքից, «կուսակցությունը» պահանջում էր, որ տարեկան երկու անգամ՝ մայիսի մեկին ու նոյեմբերի 7-ին գրողներն անցնեին «թրի տակով»:

Եկավ 1988 թվականը: Ժողովուրդը ելավ փողոց, հեղեղեց հրապարակները։ Նրան առաջնորդներ էին հարկավոր։ Անվանի գրող-հայրենասերները առանց տնային կալանքից վախենալու, հարթակից խոսեցին բազմության հետ, «միջնորդ եղան» նրա ու պետության միջեւ։ Նույնիսկ Գորբաչովի հետ բանակցելու մեկնեցին կենտրոն: Վերադարձան ու ժողովրդին խոստացան այն, ինչ իրենց էին խոստացել։ Հետո հրապարակն ընտրեց այլ հերոսների։ Նրանց, ովքեր կոմունիստների խոստումներին չէին հավատում: Ընտրեց սակավ ճանաչված գրողներից, անծանոթ գիտության թեկնածուներից ու անհայտ մտավորականներից։ Հայտնիները նեղացան ու չներեցին նորերին։ Թեեւ չհաշտվեցին այդ վիճակի հետ։

Պայքարն արդեն ընթանում էր երկրի ներսում, բայց շարունակում էին հավաքվել ու նամակ գրել Մոսկվա, Մոսկվա… երբեմն էլ՝ ՄԱԿ: Մինչեւ սկսվեց պատերազմը: Այդ ժամանակ նրանք լռեցին:

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031