Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ սահմանափակ պատասխանատվություն

Օգոստոս 11,1995 13:15

Քաղաքական եւ տնտեսական լուրջ բարեփոխումների գործընթացում գտնվող նորահաստատ պետության համար ամենակարեւորը հին ու նոր արժեքների հոգեբանական պայքարում տարած հաղթանակն է, որի արդյունքում գործունեության դաշտ են գալիս հասարակական ամենատարբեր զանգվածները՝ աշխատելու եւ տրամաբանելու ունակ: Ամենափայլուն ծրագրերով եւ դրսի միջավայրի ամենաբարենպաստ տրամադրվածության դեպքում անգամ անհնար է վճռական, հաջողության հասնել, եթե ներսում չկա ընկերային տարբեր շերտերի՝ մտավորական, արդյունաբերող, գյուղատնտես, աջակից մասնակցությունը։ Ընդսմին այս աջակցությունը անպայմանորեն պիտի զուգորդվի հոգեբանական համոզվածությամբ, ոչ թե միամիտ հավատով քաջնազարական դիպվածայնությանը, այլ սթափ հաշվարկով, որի խթանն է նախորդների օրինակ-փորձը եւ համապատասխան իրավական դաշտը:

Անկախացման եւ արցախյան ազատամարտի առաջին տարիներին անձնային գործոնը, օրինակի ուժը վեր հանեցին հասարակությանը՝ մոռացության մատնելով խորհրդային շրջանում ստեղծված միապաղաղ անդեմության սկզբունքը։ Ցանկացած որոշման, մտահղացման ետեւում արդեն կանգնած էին որոշակի մարդիկ, այն ինչ ոչ վաղ անցյալում յուրաքանչյուր նախաձեռնում անստորագիր էր, ընդհանրական, անդեմ խանդավառություն, անդեմ դատապարտում։

Այսպիսով, «Մեկը բոլորի համար» հայտնի կարգախոսի առաջամասը կլանում էր երկրորդը՝ «Բոլորը մեկի համար»։ Բայց անձնային գործոնի բացարձակեցումը աստիճանաբար հանգեցրեց փոխադարձ օտարացման, հասարակական   գործունեության ոլորտներ սկսեցին նեղանալ, սկսեց գերիշխել թերահավատ անտարբերությունը։

Մարդիկ օտարվում են բարեփոխումների ընթացքից ոչ միայն առարկայական-ֆիզիկական մասնակցությամբ, այլեւ տեղեկատվության առումով։ Նրանք դադարում են հետեւել իրական քաղաքական-տնտեսական անցուդարձին՝ փակվելով բնակարանամերձ, կենցաղամերձ խնդիրների շրջանակում։ Առավել լայն ոլորտներ դուրս գալը համարվում է ունայն զբաղմունք. «Ասեղով ջրհոր չես փորի»։ Դրան զուգահեռ ծաղկում է բանահյուսական բամբասանքների քաղաքական ժանրը։ Առնչությունը կյանքի կարեւորագույն իրադարձություններին բնորոշվում է այստեղ-այնտեղ լսված տարբեր լուրերի հիման վրա տեսական ամենաընդլայնված վերլուծություններով։ Ամենապատահական փողոցային խոսակցության պատառիկներից շատերը միջազգային քաղաքականության խորխորատները տանող եզրահանգումներ են բխեցնում, ընդ որում մեր հայրենակիցների երեւակայությունը վերջերս բավական աղքատացել է. ամենատարածված հերոսները թափառիկ լրտեսներն են, «ծախվածները», «ներդրվածները»…

Հասարակության կառուցվածքի մի պարզունակ ըմբռնում կա, համաձայն որի՝ յուրաքանչյուր անհատ պետք է լինի համապատասխան ենթաբաժնի պտուտակ կամ լծակ, եւ իր փոքրիկ կենսական տարածքում գործելով՝ նա կնպաստի ընդհանուր համակարգի լավագույն գործառնությանը։ Իրականում, սակայն, այդպես չի լինում, որովհետեւ ոչ մի համակարգ չի կարող գործառել մեկ ծրագրով, ամենահղկված տեսություններն անգամ, գործնական շրջանառության մեջ դրվելով, լուրջ շտկումների կարիք են զգում, իսկ միարժեք ծրագրավորված պտուտակ-լծակները մի որոշակի պահի խոչընդոտում են համակարգի արդյունավետ աշխատանքին։

Ծրագիր ստեղծողները, հարկավ, առանձին անհատներ են, բայց անհատի շնորհը ընդհանուրին ոչ միայն ֆիզիկական իմաստով տանելն է, այլ գաղափարական ուղղորդումը, յուրաքանչյուր քաղաքացի իրեն պատասխանատու պիտի զգա առաջընթացի համար, դատողություններ կատարելիս ելնի ոչ թե զգայական, պատահական լուրերից, այլ առկա իրական փաստերից, որոնք իրենց հերթին մատչելի պիտի լինեն ընդհանուր լսարանին զանգվածային լրատվության միջոցներով։ Շեղումներն ու հակագործողությունները պիտի անվերապահ կանխվեն, եթե շոշափում են

ընդհանուրի շահերը, ոչ թե առանձին ուժերի նախատրամադրվածությունը։ Եզակիի եւ ընդհանուրի համակշռույթ է անհրաժեշտ, այլապես «վտանգի» զգացողությունն էլ է իմաստազրկվում, ինքնակազմակերպման եւ ինքնաապահովման առողջ բնազդները նահանջում են հիվանդագին «ամենապաշտպանվածության» առջեւ։

Քաղաքական գործուն վարքագիծը դառնում է ընտրյալների մենաշնորհ՝ «Արվեստը հանուն արվեստի» վերացական կարգախոսի ոգով։ Բացարձակի հասած գաղափարները եւ նրանց կրող ուժերը կտրվում են իրականությունից՝ ձգտելով մաթեմատիկական «մինուս» կամ «պլյուս» անվերջության։ Ազգային պետականությունից դարերով զրկված եւ հարկադրաբար ազգակցահամայնքային կապերի մեջ պարփակված հայ հասարակության մեջ փոխադարձ օտարումը բավականին արագ է կատարվում, ազգային ու պետական, հասարակական ու անձնային շահերը խառնվում են մի անլուծելի հանգույցի մեջ, որը բազմաթիվ ծայրեր ունի։ Գործող անձանց շրջանակը նեղանում է, հանդիսատեսներինը՝ ստվարանում։ Ընդ որում հանդիսատեսները չափազանց «հետաքրքրասեր» են, խորասույզ, գործողության դաշտում հայտնված յուրաքանչյուր նոր դեմքի հանդիպ կանխակալ տրամադրված. եթե սահմանագիծը հատել է, ուրեմն. ա) հավերժ կենդանի ՊԱԿ-ի գործակալ է, բ) Ատլանտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչ է, գ) պարզապես «գնված» է։ Մի խոսքով, սկսվում է կասկածամոլության եւ ինքնագործունեության շրջանը՝ սահմանափակ պատասխանատվության ընկերությունների ցանցի տարածմամբ։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031