Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք վախկոտ չենք

Օգոստոս 11,1995 10:07

Արեւմուտքը վախենում է տեռորիզմից։ Պարզապես սարսափում է՝ ի տարբերություն Արեւելքի (ներառյալ Խորհրդային Միության), որտեղ օրենքները կարեւոր չեն, իսկ մարդու կյանքը երկու կոպեկի գին չունի։ Կարեւորը գաղափարներն են՝ դասակարգային, ազգային, կրոնական եւ այլն։ Հանուն ինչ-որ ցնորական (կամ նույնիսկ շատ էլ պայծառ) գաղափարների, համակենտրոնացման ճամբարներում կոտորում են միլիոնավոր մարդկանց, ինչպես նաեւ պայթեցնում են մանկապարտեզներ, առեւանգում են երեխաներին, կատարում են կոլեկտիվ ինքնասպանություններ։

Խեղճ, վախկոտ Արեւմուտքը (ինչպես նաեւ նրա ազդեցության տակ ազգային նկարագիրը կորցրած երկրները, օրինակ, Ալժիրը կամ Եգիպտոսը) դրանից խորշում են եւ դրա դեմ պայքարում։ Փտած լիբերալների կարծիքով, ասենք, Շամիլ Բասաեւը սովորական հանցագործ է եւ ոչ թե ազգային-ազատագրական պայքարի հերոս։

Մենք, հայերս, վախկոտներից չենք։ Մենք չենք վախենում, երբ հրապարակներից հնչում են կախելու, գնդակահարելու, ոտնատակ անելու կոչերը: Մեզ չի մտահոգում, երբ կու-կլուս-կլանի ոճով այրվում է երկրի ղեկավարի խրտվիլակը։ Մենք չենք անհանգստանում, երբ ստեղծվում են Բարձրագույն ատյաններ (ժողովրդական տրիբունալներ), որոնք պետք է իրենց դատավճիռներով Լինչի դատաստան տեսնեն։

Մենք ունենք մեր իդեալները, ընդօրինակման արժանի երկրները՝ օրինակ, Լիբանանը։ Նման երկրներում ահա մենք՝ հայերս, կարող ենք ամբողջ թափով բացահայտել մեր ազգային նկարագիրը (եւ բացահայտում էինք՝ 50-60-ական թվականներին իրար կոտորելով), քանի որ այստեղ չկա Արևմտյան կեղծ արժեքների քայքայիչ ազդեցությունը՝ ազգային ոգին սահմանափակող վախերով։

Մենք խիզախ ժողովուրդ ենք։

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031