Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է կանչել պատասխանատվության

Օգոստոս 09,1995 18:00

Բայց ո՞ւմ

Սովորական վարչական իրարանցումը՝ մեզանում օրենքի հաղթանակի համար պայքարի տեսք է ստանում։ Քաղաքային դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 20-21-ի երթի կազմակերպիչների դեմ: Այդ օրերին ընդդիմության կողմնակիցները շրջափակել էին Բաղրամյան փողոցը եւ փորձում էին կանգնեցնել երթեւեկությունը։ Հենց դրա համար էլ նրանց ուզում են պատասխանատվության կանչել։ Հետաքրքիր մանրամասնություն. դատախազությունը ցուցմունք տալու համար կանչել է պարոնայք Վազգեն Մանուկյանին, Դավիթ Վարդանյանին եւ ԱԺՄ մնացյալ ղեկավարներին։ Սոլիդ մարդիկ են. ԱԺ պատգամավորներ: Նրանք, բնականաբար, ոչ մի դատախազություն չեն ուզում գնալ։ Նրանց սովետական «ժանդարմները» չեն վախեցրել, էլ ինչ մնաց սրանք… Բայց դատախազությունը նույնպես չի ուզում նահանջել եւ սպառնում է ուժով բերել հարգարժան երեսփոխաններին։

Մի խոսքով, ամեն ինչ նորմալ է՝ սովորական գավառական սկանդալ. քաղաքական որոշ երանգով։ Այդ ամենը սովորական է դարձել։

Բայց կա մի նրբերանգ: ԱԺՄ-ի գլխավոր իրավապաշտպան պրն

Հախվերդյանը զարմանք է հայտնել, եթե պատասխանատվության են կանչել, ապա ինչու հենց այդ գործիչներին։ Ավելի լավ չէ՞ր լինի, եթե դատախազությունը զբաղվեր միտինգավորների վրա հարձակման փաստով, որը տեղի է ունեցել հունիսի 21-ի երեկոյան:

Շատ գրագետ միտք է։ Եթե հիշում եք, այդ երեկո նախագահական նստավայրը շրջափակած մարդկանց Թատերական հրապարակ է տարել նույնպես շատ հայտնի գործիչ Աշոտ Մանուչարյանը: Այնտեղ ընդդիմության կողմնակիցները ընդհարվել են հավաք անցկացնող երկրապահների հետ։ «Դաշինքի» գործընկերներից ոմանք այդ առիթով պրն Մանուչարյանին «սադրիչ» անվանեցին, բայց հետո որոշեցին թեման չխորացնել։

Իսկ հիմա, ստացվում է, հիշեցին։ Առավել եւս, որ Մանուչարյանը, ի տարբերություն նրանց, պատգամավոր չէ, եւ նրան պատասխանատվության  կանչելը  չափազանց  հեշտ  գործ  է։  Եվ ահա ԱԺՄ-ն առաջարկում է այդ չափազանց արդյունավետ գաղափարը դատախազությանը: Մեկ էլ տեսար, հանգիստ կթողնեն սոլիդ երեսփոխաններին եւ կզբաղվեն նախկին բոցաշունչ տրիբունով։ Հավանաբար, նա ԱԺՄ-ի կարծիքով, իր դերն արդեն կատարել է։ Իր բոլոր ճառերն արտասանել է։

Արմեն ԼԵՎՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031