Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերը իրար այբուբեն են սովորեցնում

Օգոստոս 09,1995 17:00

«Դրո»-ի դատավարությունը շարունակվում է

Չնայած «Դրո» կառույցի գործով դատավարության նկատմամբ առկա հասարակական հետաքրքրությանը, դատարանի դահլիճը կարողանում է տեղավորել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ներկա լինել դատական գործընթացին։ Տարօրինակ է, թե օրինաչափ, բայց անսպասելիորեն դատարանի դահլիճից բացակայում են շատերը, օտարերկրյա տեղեկատվական ծառայությունները, ասենք, ներկայացված են բացառապես «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, հանրապետության ամենաիրազեկ լրագրողներից Աննա Իսրայելյանով, իսկ որոշ թերթերից եւ գործակալություններից, որոնք սովորաբար ցանկացած միջոցառման լրագրողների թիմ են ուղարկում, այս երկու օրերին ոչ ոք չկար։ Ինչեւիցե, անցնենք դատական նիստին։

Այն սկսվեց դատական նիստի նախագահ Էդուարդ Մանուկյանի՝ Արսեն Արծրունու առողջական վիճակի մասին տեղեկանքի հրապարակումով։ Ու թեեւ վերջինս օգոստոսի 4-ից սկսած հացադուլի արդյունքում բավականին հոգնատանջ ու տկար տեսք ուներ, այնուամենայնիվ, Էդ.Մանուկյանը տեղեկացրեց, որ ըստ օգոստոսի 6-ին եւ 7-ին կատարված ստուգումների, Արծրունին կարող է մասնակցել դատական գործընթացին։

Դրանից հետո ձայն խնդրեց փաստաբան Ռուբեն Ռշտունին եւ կատարելով նախորդ օրվա իր խոստումը, ներկայացրեց «Գերագույն դատարանի անդամ, նիստը նախագահող Էդուարդ Մանուկյանին եւ դատախազության անդամ Գրիգորյանին, որը հանդես է գալիս պետական մեղադրողի կարգավիճակով, բացարկ հայտարարելու հիմքերը։ Նա մասնավորապես արծարծեց դատական նիստը նախագահողի անունից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված «Արմենպրեսի» տեղեկատվության հարցը, որի մեջ «Դրոն» մատնանշվել է իբրեւ ՀՅԴ կառույց։ Անվանման մասով Էդ.Մանուկյանը տեղեկատվությունը պաշտոնապես չի հերքել, իսկ «Դրոյի» հատորյակներին ծանոթանալուց հետո էլ իր եզրակացության մեջ նշել է, որ նախաքննությունը կատարվել է առանց էական խախտումների։

Դրանից հետո Ռուբեն Ռշտունին տվեց նաեւ Էդ. Մանուկյանին բացարկ հայտարարելու քաղաքական հիմքը։ Նա, ի մասնավորի նշեց, որ «Դրոն» համարելով ՀՅԴ կառույց, դատական նիստը նախագահողը արդեն իսկ կողմնակալ մոտեցում է հանդես բերել եւ չի կարող անաչառ դատավորի դեր կատարել։ Ըստ Ռ. Ռշտունու, հարցը նման դրվածքով ներկայացնելու պատճառները առավել քան հիմնավոր են. «ՀՅԴ-ն կոչվում է ֆաշիստական-տեռորիստական կուսակցություն, իսկ դատարանը, ըստ Սահմանադրության, կախյալ վիճակի մեջ է այդ զարհուրելի հայտարարության հեղինակից»։

Բացարկի հիմնավորումից 50 րոպե անց, երբ դատարանի ատենակալական զույգի կողմից մերժվեց այն, Հրանտ Մարգարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ նման վճիռը հիմք է տալիս դատարանի ամբողջ կազմին բացարկ հայտարարելու համար։

Միմյանց իրավաբանական գիտելիքները ստուգելու յուրատեսակ միջոցառման վերածվեց պետական մեղադրող Գրիգորյանին (ի դեպ, նա դատական նիստի ընթացքում քանիցս բողոքեց, թե մամուլն իր պաշտոնը ճիշտ չի գրում) բացարկ հայտնելու արարողությունը։ Ըստ Ռուբեն Ռշտունու, Գրիգորյանը իրավական ու բարոյական իրավունք չունի հանդես գալ պետական մեղադրողի դերում, քանի որ լինելով վճռաբեկ մարմնի անդամ, ուժի մեջ է թողել սպանության համար Տիգրան Դավթյանին 15 տարով ազատազրկելու վճիռը, իսկ հետո պարզվել է, որ վերջինս նման բան չի կատարել։ Պարոն Ռշտունին իր տեսակետը հիմնավորեց քրեական դատավարության թիվ 24 հոդվածով։ Սակայն պետական մեղադրողը, որը տվյալ դեպքում հանդես էր գալիս պաշտպանվողի դերում, իր «պաշտոնավարության» օրինականությունը հիմնավորեց նույն օրենսգրքի 36 հոդվածի 3-րդ մասով։ Այն բանից հետո, երբ նա եւ փաստաբան Հալաբյանը մի քանի անգամ միմյանց խորհուրդ տվեցին իրավաբանության այբուբենը՝ օրենսգրքերը լավ ուսումնասիրել, դատական կոլեգիան առանձնացավ խորհրդակցական սենյակում։ Այս անգամ էլ բացարկը մերժվեց։

Այնուհետեւ սկսվեցին փաստաբանական միջնորդությունների ունկնդրումները: Գրեթե առանց բացառության բոլոր դատապաշտպաններն էլ հանդես եկան ծավալուն կամ փոքրիկ հայտարարություններով։ Մասնավորապես նշեցին, որ Արա Հարմանդյանը (Լիբանան) ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին, իսկ արձանագրություններում այդ օրը նշված է դեկտեմբերի 5-ը, որպեսզի մեջտեղ չհանվի վերջինիս առաջին ցուցմունքի տեսագրությունը։ Խոսվեց նաեւ Արսեն Արծրունուն հրամցված «տխրահռչակ օրագրի», նրա տնտեսական գործունեության վրա իրական լույս սփռող անհետացած 161 դիսկետների, ՀՅԴ Կենկենի հարկում գտնվող թիվ 14 սենյակի, ուր տեղակայված է եղել ապահովական խորհուրդը, խուզարկության արդյունքում հայտնաբերվածի արձանագրությունը, նաեւ բազմաթիվ այլ փաստաթղթեր «Դրոյի» գործին կցելու անհրաժեշտության մասին։

Դատական կոլեգիան ընդունելով միջնորդությունների զգալի մասի արդարացիությունը, մյուս մասի նկատմամբ վերապահ վերաբերմունք դրսեւորեց, նշելով, որ կարող է կողմնորոշվել միայն Արսեն Արծրունուն ունկնդրելուց հետո։

Դատական գործընթացը թեւակոխում է ցուցմունքների ունկնդրման փուլ։

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031