Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի բախտ. Աշխարհաքաղաքական

Օգոստոս 09,1995 16:32

XX դարի վերջում արագ զարգացող գործընթացները ստիպում են մեզ վերանայել բազմաթիվ հասկացություններ եւ մոտեցումներ, որոնք ծնունդ են առել նախորդ հարյուրամյակում ձեւավորված առասպելներից։ Նման առասպելներից է «աշխարհաքաղաքականություն» անորոշ եւ միգամած հասկացությունը։ Հավանաբար դրա հեղինակները ենթադրում էին, որ կա «սովորական» քաղաքականություն, որը պայմանավորված է պետությունների իրական շահերով, եւ կա հատուկ, յուրօրինակ քաղաքականություն, որը թելադրված է, այսպես կոչված, «աշխարհաքաղաքական դիրքով» եւ որի մեջ մտնում են էթնիկ, կրոնական, մշակութային, ավանդական եւ բազմաթիվ այլ գործոններ։

Այդ սխոլաստիկ բաժանման հետեւանքով «աշխարհաքաղաքական դիրքը» դառնում է կամ անեծք, որը հավերժորեն հետապնդում է տվյալ ազգին կամ տվյալ պետությանը, կամ էլ Աստծո պարգեւ, որը մեկընդմիշտ երջանկացրել է այդ ժողովրդին։ Ուրեմն, կարելի է ձեռքերը ծալած նստել՝ միեւնույն է, մի դեպքում ժողովուրդը կլինի ուրախ ու երջանիկ, մյուս դեպքում՝ տառապող եւ բազմաչարչար։

Աշխարհաքաղաքական առասպելները բազմաթիվ են եւ բազմապիսի։

Առասպել թիվ 1. ամբողջ աշխարհը ղեկավարվում է մի կենտրոնից (սիոնիստական, բուդդայական կամ այլմոլորակային) եւ ղեկավարման պուլտի մոտ նստած մարդիկ որոշում են ամեն ինչ՝ սկսած նրանից, թե ով պետք է հաղթի նրանց իսկ հրահրած պատերազմներում եւ վերջացրած նրանով, թե որքան եկամուտ պետք է ունենա տվյալ երկրի ամեն մի քաղաքացի։ Ահա թե ինչպես է քանդվել Խորհրդային Միությունը, որտեղից են առաջացել զինված հակամարտությունները այդ երկրի տարածքում, ինչու են մեզ վարկեր տրվում եւ այլն։ Շատ հարմար առասպել է եւ, ամենակարեւորը, անչափ «գիտական»՝ ամեն տեղ գտնում ես կուռ, տրամաբանական օրինաչափություններ, մերժելով պատահականությունները։

Առասպել թիվ 2. Ռուսաստանի պետությունը եւ ժողովուրդը պետք է ցանկացած հանգամանքներում օգնեն մեզ իրականացնելու մեր բոլոր մտահղացումները, քանի որ դա բխում է նրանց աշխարհաքաղաքական շահերից։ Պարզապես, նրանք այդ շահերը մինչեւ վերջ չեն գիտակցում, եւ անհրաժեշտ է օրուգիշեր, որքան հնարավոր է համոզիչ կերպով դրանք բացատրել։ Դժվար է ասել, թե որտեղից է ծնունդ առել այդ առասպելական թերահավատությունը՝ իսկապես եղբայրական ժողովուրդների մտավոր ունակությունների հանդեպ։ Մեր փայլուն տեսաբանները չեն կարող ենթադրել, որ ամեն մի ազգ ու պետություն շատ լավ գիտի իր շահերը։ Մենք էլ մերը պետք է իմանանք։

Առասպել թիվ 3. աշխարհը երկբեւեռ է՝ Ռուսաստան-ԱՄՆ, եւ Հայաստանում կատարվող բոլոր իրադարձությունները այդ երկու ուժերի գումարելին հանդիսացող վեկտորի թելադրանքն է։

Առասպել թիվ 4. այսինչ երկրում այնինչ ուժերի իշխանության գալու դեպքում նրանց առաջին գործը կլինի Հայաստանում իշխանություն փոխելը։ Դա էլ է շատ ձեռնտու հեքիաթ, մասնավորապես, ընդդիմադիր կազմակերպությունների համար։ Մտածելակերպը մոտավորապես հետեւյալն է. «Կարեւոր չէ, մենք դուր ենք գալիս սեփական ժողովրդին, թե ոչ՝ դրա համար չարժե նույնիսկ տանջվել։ Կարեւորը. համապատասխան երկրում մեր շեֆերին դուր գալն է։ Երբ նրանք գան իշխանության, «սրանց» հերը կանիծեն»։

Առասպելների ցուցակը կարելի է շարունակել։ Սակայն առանց այդ էլ պարզ է. աշխարհի բոլոր երկրներն ունեն իրենց շահերը։ Այդ գործոնը չի կարելի արհամարհել, բայց չի կարելի նաեւ բացարձակացնել։ Համենայն դեպս, դրսից սպասել ինչ-որ հրաշքներ սեփական երկրի համար՝ առնվազն միամտություն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում ժողովրդավարություն չի հաստատի, առավել եւս՝ չի աշխատեցնի մեր արդյունաբերությունը։ Որքան էլ լավ մարդ լինի, ծագումով էլ՝ (ասում են) հայ։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031