Ողջունելի քայլ էր բուհերի հայոց լեզվի ընդունելության քննություններում հարցաթերթիկային (թեստային) համակարգի կիրառումը։ Սակայն 1992թ. առաջին փորձն այնքան էլ նախապատրաստված չէր, եւ նախկին նախարար Վազգեն Գնունին այն ժամանակ խոստացավ կրկին հարցաթերթիկային կարգի անցնել միայն մինչեւ վերջ դրանք բյուրեղացնելուց հետո։
Այս տարվա ավարտական-ընդունելության քննություններն ապացուցեցին, որ հարցաթերթիկների որակական բարելավման ուղղությամբ քիչ բան է արված։
Չարժե անդրադառնալ հիմնականում նախորդ եւ ավելի վաղ դարերի գեղջկական միջավայրը պատկերող նախադասություններին՝ համապատասխան բառապաշարով, սա երբեւէ շտկել կարելի է։ Թերեւս ավելի էական է այն, որ հարցաթերթիկը լրացնող դիմորդը կարող էր ընտրել բազում ձեւերից մեկը եւ, նախարարությունից ուղարկված հիմնօրինակի համաձայն կամ հանձնաժողովի նախագահի կամքով, սխալված համարվել: Ասենք, 30-րդ հարցաթերթիկի 6-րդ առաջադրանքը պահանջում է. «Հաստատական կառուցվածքի նախադասությունը դարձնել ժխտակառուցվածքի»։ Իսկ նշված հետեւյալ նախադասությունը՝ «Ներքեւում Խնձորեսկն էր, որ թվում էր՝ բռանդ մեջ է», կարելի է առնվազն 7 ձեւով շրջել, այնինչ ճիշտ է համարվել միայն մեկը, ցանկության դեպքում՝ ցանկացածը։ Կամ այդ անիծյալ միջակետի եւ ստորակետի, ստորակետի եւ բութի դեպքերը։ Այսինքն՝ հարցաթերթիկը պետք է ունենա միայն այնպիսի օրինակներ, երբ ցանկացած երկրորդ ձեւն ամեն դեպքում սխալ է։
Կան նաեւ այլ կարգի թերություններ, ասենք այն, որ հարցաթերթիկներն իրենց բարդության աստիճանով տարբեր են։ Կամ՝ դրանք հաճախ չեն ներառում տարաբնույթ քերականական իրողություններ, հակառակը՝ կրկնաբանություններ են։ Այսպես. 22-րդ հարցաթերթիկի 1-ին առաջադրանքի 6 կետից 4-ը վերաբերում է երկհնչյունների, 1-ը՝ ձայնավորների, 1-ը՝ բաղաձայնների ուղղագրությանը։
Կարդացեք նաև
Այսպիսի եւ նմանատիպ թերությունները հարյուրներով են, իսկ 1-2-ին անդրադառնալուս պատճառն այն է, որ պրն Բլեյանը չպահանջի ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ հակաճառում։
Այս ամենով հանդերձ, կարծում եմ, որ ավելի էական խնդիր կա։ Լուսահոգի պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի ջանքերով ԳԽ հանձնաժողովներից մեկը կոչվեց նաեւ լեզվի, իսկ ԱԺ-ն հրաժարվեց դրանից։ Շուտով հավանաբար հերթը հասնի Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությո՞ւնը լուծարելուն։ Հայաստանում չկա՞ պետական լեզվի խնդիր։
Նույնի տրամաբանական նախերգանքն էր այն, որ բուհի ընդունելության քննությունը դպրոց տեղափոխելը փորձարկվեց հենց «որբի»՝ հայոց լեզվի գլխին։ Հիմա սրա՛ վնասների մասին։
Նախ՝ մի տեսակ կոմերիտական պլան կատարելու նման է հնչում այն հաղորդագրությունը («Լրագիր», 26 հուլիսի, 1995թ.), ըստ որի 10170 դիմորդից 4885-ը (գրեթե կեսը) ստացել է գերազանց գնահատական (18-20 միավոր), եւ միայն 163-ը՝ անբավարար։ Ես, որպես դպրոցական եւ բուհական մանկավարժ, ինձ իրավունք եմ վերապահում չհավատալու մեկ այլ հաղորդագրության («Առավոտ», 13 հուլիսի 1995թ.), ըստ որի «նման ցուցանիշը վկայում է, որ քննությանը մասնակցել են պատրաստված դպրոցականներ, հարցաթերթիկները եղել են մատչելի՝ դպրոցական ծրագրին համապատասխան»։ Եկեք սեպտեմբերի 1-ին նույն հարցաթերթիկներով բուհերում ստուգում անցկացնենք։
Սա, կարծում եմ, հարված է պետական լեզվի վարկին, երբ վատամարդ չլինելու եւ նորամույծ կարգի առավելությունը ծնողներին ապացուցելու համար ամեն գնով խուսափվել է անբավարարից։ Դրա մեկ այլ տարատեսակի տխուր օրինակը մենք ունենք, երբ նախկին վարչապետներից մեկը ավելացրեց բուհական տեղերը, եւ ընդունվեցին պետպատվերից չափազանց շատ դիմորդներ (իմա՝ վաղվա պոտենցիալ գործազուրկներ), ու հաջորդ տարին քիչ էր մնացել այլեւս քննություն հանձնելու փոխարեն պարզապես նստեին Կառավարության շենքի առջեւ։ (Ի դեպ, ի պատիվ Աշոտ Բլեյանի՝ հիշենք, որ հենց ինքն էր այդ սպեկուլյացիայի հիմնական ընդդիմախոսը):
Անշուշտ, կգա ժամանակը, երբ բոլորը խելակորույս չես ձգտի բարձրագույն կրթության, եւ այդ ժամանակ է, որ բուհը կկատարի իր դիմորդի ընտրությունը, որ որոշ առարկաների դպրոցական ավարտական գնահատականը կարելի կլինի համարել բուհական ընդունելության գնահատական։ Իսկ այսօր պետք է հիշել, որ հին գինին՝ հին տակառներում, նորը՝ նորում պետք պահել։ Չունենալով հասարակական, պետական, սոցիալ կան համապատասխան ինստիտուտներ եւ միջավայր՝ մենք կիրառեցինք այլ միջավայրի խաղի կանոններ, եւ մեր տանուլ տալը բուհական մանկավարժները կզգան հենց սեպտեմբերից։ Կարծում եմ՝ պապից ավելի կաթոլիկ լինել պետք չէ, պետք չէ կրթական համակարգում հեղափոխական մոտեցում, իսկ դա շատ հեշտ կարելի էր հասկանալ, եթե հիշեինք, որ ոտքը վերմակին համապատասխան է պետք մեկնել։
Հուսանք, որ հաջորդ տարի պետական լեզուն այսպիսի նվաստացուցիչ վիճակում չի հայտնվի, իսկ կրթության ոլորտը տնօրինող այրերը ձախավեր փորձարկումները չեն կատարի հատկապես հայերենի հարցում, այլ ցանկացած նորամուծության կդիմեն մեր արդի սոցիալական, հոգեբանական, ընդհանուր կրթական վիճակը հաշվի առնելով եւ գիտական լուրջ հիմնավորումներ ունենալուց հետո միայն։
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ