Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սկսել է արագանալ։ Խոստովանենք, որ խնդիրը արագ կարգավորվողների դասին չի պատկանում։ Թվում էր, թե բանակցությունների գործընթացը կշարունակվի դեռ երկար տարիներ։ Սակայն ըստ երեւույթին, աշխարհի հզորները շատ են շահագրգռված կարգավորմամբ։ Բադենում կայացած բանակցություններից հետո հայտնվեցին նոր շեշտադրումներ։ Իհարկե, դիվանագետները փորձում են շատ զգույշ լինել։ Հայտարարություններն անորոշ ու հուշող են։ Նման դեպքերում մնում է միայն կռահումներ անել։ Խոսվում է ԼՂՀ ինքնապաշտպանության իրավունքի մասին։ Արկադի Ղուկասյանի հայտարարությունից բխում է, որ բանակցող կողմերը հակված էին ընդունելու այդ իրավունքը։
Արդյո՞ք դա նշանակում է, որ ԼՂՀ-ն պետք է ունենա սեփական բանակ։ Կա՞ ինքնապաշտպանության իրավունքի իրագործման այլ լեգիտիմ տարբերակ, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Ասվում է, որ միտում կա մեծացել Հայաստանի դերը ԼՂՀ անվտանգության ապահովման գործում։ Եթե խոսքը գնում է ԼՂՀ–ում հայկական զորամիավորումների տեղադրման մասին, ապա հարց է ծագում, թե արդյո՞ք ադրբեջանական եւ թուրքական ուժեր նույնպես պետք է տեղադրվեն։ Եթե այո, ի՞նչ հարաբերակցությամբ։ Իսկ ռուսական ուժեր տեղավորելո՞ւ են, թե՞ ո՛չ։ Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է փախստականներին իրենց բնակավայրերը վերադարձնելու պահանջից։ Եթե չի հրաժարվել, ապա ո՞րն է այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը։
Սակայն կա ավելի կարեւոր մի հարց։ «Գրավյալ» տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին խոսում են բոլորը։ Ի՞նչ է ստանալու Ղարաբաղը վերադարձնելով «գրավյալ» տարածքները։ Իդեալական տարբերակը ներկա կարգավիճակի՝ անկախ հանրապետության ճանաչումն է տարածքների դիմաց: Եթե կա «գրավյալ» տարածքներին համարժեք այլ փոխհատուցում՝ այն պետք է հրապարակայնորեն շարադրվի։ Հայաստանի եւ ԼՂՀ ժողովրդի կարծիքը վճռական նշանակություն ունի այս հարցի լուծման գործում։ ԼՂՀ-ն կարող էր շարունակել պատերազմը, հրաժարվելով հրադադարից, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կստեղծվի բոլոր պայմանները թշնամու անվերապահ կապիտուլյացիայի համար։ Սակայն զինադադարը պարտադրվեց միջազգային հանրության կողմից։ Եթե փոխզիջումը պարտադիր է, ապա այն պետք է ինչ-որ ձեւով հաշվի առնի հաղթող կողմի իրավունքը: Հայաստանը չպետք է շեղվի կարգավորման իր տարբերակից (հրադադար, Մեծ համաձայնագիր, այնուհետեւ կարգավիճակի քննարկում): Կարգավիճակի հարցն առնվազն պետք է առկախ մնա եւ դառնա երկարատեւ քննարկումների առարկա: Ղարաբաղի անկախացման հնարավորությունը ենթադրող նախորդ պայմանագրերի նշանակությունը ի չիք դարձնող պայմանագիր չպետք է կնքվի։
Նման պայմանագրերը ոչ թե կկարգավորեն, այլ միայն ժամանակավորապես կպահածոյացնեն հակամարտությունը։ Այսօր անորոշ եւ փուլային լուծումների ժամանակն է։ Որքան որոշակի, այնքան ավելի պայթյունավտանգ։ Հաշվի առնելով Ադրբեջանի հարուստ հումքային պաշարները, պետք է խոստովանենք, որ ռազմական պոտենցիալի առումով, ժամանակն աշխատում է հակառակորդի օգտին։ Հայկական կողմը պետք է օգտվի այսօրվա ընձեռած հնարավորությունից։ Այո՛, «նավթատարն ինքնին չի կարող նպաստել Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը, սակայն քաղաքական կարգավորումը դրական ազդեցություն կունենա տնտեսական իրավիճակի եւ նավթատարի կառուցման խնդրի վրա»։ Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի դեսպան Յոզեֆ Ա. Փրեսելի այս հայտարարությունից կարելի է երկու հետեւություն անել։ Առաջին, որ նավթատարը Հայաստանով անցկացնելու տարբերակը լրջորեն քննարկվում է։ Երկրորդ՝ միջազգային հանրությունը գիտակցում է, որ հայկական կողմը, հանուն նավթատարի, չի գնա չհիմնավորված զիջումների։ Այս հանգամանքը հույս է ներշնչում։
Կարդացեք նաև
Մեկնաբաններն ու քաղաքականությամբ հետաքրքրվող շրջանակներն այսօր անհանգիստ են։ Սակայն բադենյան բանակցությունների արդյունքներն այժմ միայն սրճարանային եւ խոհանոցային քննարկումների առարկա են։ Այնպես որ՝ մի փոքր ավելի հրապարակայնությունն այս հարցում չէր խանգարի։
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ